Դատարանը սպասարկում է հակառակ կողմի շահերը. Գորիսի փոխքաղաքապետների գործով դատավորներին պաշտպանական թիմը ինքնաբացարկի միջնորդություն է ներկայացրել(տեսանյութ)

13:33 • 18.08.21

Գորիսի փոխքաղաքապետներ Իրինա Յոլյանի և Մենուա Հովսեփյանի գործով երկու դատավորներին՝ Մարտիրոսյանին և Ֆարխոյանին, պաշտպանական կողմը ինքնաբացարկի միջնորդություն է ներկայացրել: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց պաշտպան Արմեն Մելքոնյանը:

«Պաշտպանական թիմը գտնում է, որ այս պահին երկուսն էլ օրենքով սահմանված դատարան չեն: Խնդիր կար քրեական գործի մակարգման հետ կապված: Մակագրման փոխարեն անհայտ կայքով ինչ-որ նշան է ուղարկվել և լուրջ կասկածներ ունենք, որ սա Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի նախագահի կողմից չի արվել:  Չգիտես ինչպես, միշտ նույն դատավորներին են մակագրվում այս գործերը»:

Մելքոնյանը նշեց, որ ինքնաբացարկի միջնորդություն ներկայանելուց հետո դատարանները հեռացել են խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու:

«Դատական նիստի ընթացքում բարձրաձայնել ենք մակագրման հետ կապված խնդիրը, սակայն հնչեցված պատասխանը բավարար չէր: Երբ դատավորին հարցնում ես՝ ինչ  կարգով է մակագրվել, պատասխանում է՝ օրենքով սահմանված կարգով, իսկ թե որ օրենքով՝ չեն կարողանում  պարզաբանել: Դա նույնիսկ մակագրություն չէր, այլ ինչ-որ նշան է ուղարկվել իր անվան դիմաց»:

Պաշտպանը հայտնեց, որ իրեն և մյուս պաշտպան Էդգար Արամյանին բավարար ժամկետ չի հատկացվել գործի նյութերին ծանոթանալու համար:

 «Ես և Էդգար Արամյանը Քննչական կոմիտեից դուրս ենք եկել 21.10 որպեին, դատավոր Մարկոսյանը  ժամը  22.00-ին մեզ  հրավիրել է դատական նիստի: Մեզ տրամադրվել է 780 էջ փաստաթուղթ, ես ասել եմ և նորից պնդում եմ՝ եթե ՀՀ-ում կգտնվի մեկ անձ, որը 780 էջ փատաթուղթը կհասցնի 50 րոպեում կարդալ, կազմակերպել իր պաշտպանությունը, Քննչական կոմիտեից հասնել Կենտրոնի դատարան և սկսել պաշտպանությունը, ես խոշոր դրամական պարգև կսահմանեմ այդ անձին»:

Մելքոնյանը նշեց, որ սա պաշտպանական իրավունքի կոպիտ խախտում է:

«Գիշերը ես փորձել եմ տեսնել իմ պաշտպանյալներին, որպեսզի գործի նյութերի հետ կապված հնարավոր քննարկումներ անեմ: Քննիչը ձերբակալվածների ընդհանուր պահման վայրում տեղյակ չէր պահել, որ ես և պարոն Արամյանը համարվում ենք Գորիսի քաղաքապետարանի երկու աշխատակիցների պաշտպանները, ինչի պատճառով մեզ արգելեցին և թույլ չտվեցին տեսակցել մեր պաշտպաններին: Նրանցից մեկը  65 տարեկան կին է, մյուսը այրի, խնամքին անչափահաս երեխա և տարեց մայր ունեցող անձ է»:

Պաշտպանը ասաց, որ ինքնաբացարկի միջնորդություն հայտնելու մեկ այլ հիմք ևս կա:

«Եթե դատարանը դատական նիստը չնշանակեր գիշերը ժամը 3.00-ին, ապա 4.40-ին ձերբակալված կին մեղադրյալները բոլորը պետք է ազատ արձակվեին: Սա հիմք է տալիս մտածելու, որ դատարանը սպասարկում է հակառակ կողմի շահերը, հատկապես, որ գիշերը դատական նիստ նշանակելու որևէ հրատապություն չկար»,- ասաց պաշտպանական թիմի ներկայացուցիչ Արմեն Մելքոնյանը:

Դատարանը սպասարկում է հակառակ կողմի շահերը. Գորիսի փոխքաղաքապետների գործով դատավորներին պաշտպանական թիմը ինքնաբացարկի միջնորդություն է ներկայացրել(տեսանյութ)