«Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորումը մնում է Մոսկվայի ուշադրության կենտրոնում. ՌԴ-ն աջակցում է նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքի վերականգմանը». Զախարովա

19:04 • 02.09.21

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը՝ նշելով, որ այդ հարցը մնում է Մոսկվայի ուշադրության կենտրոնում:

«Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորումը մնում է Մոսկվայի ուշադրության կենտրոնում: Սա նաև Բաքվի և Երևանի քաղաքականության կենտրոնական թեման է, այդ թվում՝ բարձր մակարդակով: Մեր հիմնական ջանքերը կենտրոնացած են եռակողմ պայմանավորվածությունների իրականացման վրա: Առաջնահերթություններից են Լեռնային Ղարաբաղում մարդասիրական խնդիրների լուծումը, հայ-ադրբեջանական սահմանին լարվածության նվազեցումը, Հարավային Կովկասում տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակումը»,-շեշտել է Զախարովան:

Վերջինը հավելել է, որ Մոսկվան աջակցում է նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի՝ ԼՂ հարցով ունեցած մանդատի և նոր տարածաշրջանայաին իրականությունն ադեկվատ հաշվի առնելու հիման վրա աշխատանքի վերականգմանը:

«Մենք գտնում ենք, որ եռյակը կարող էր նպաստել Բաքվի և Երևանի միջև վստահության մակարդակի բարձրացմանը, ինչպես նաև մարդասիրական հարցերի լուծմանը, և դա նախադրյալ կլիներ արդեն քաղաքական խնդիրների լուծմանն անցում կատարելու համար»,-ասել է Զախարովան:

Հիշեցնենք, որ, բացի այդ, Զախարովան հայտարարել էր, որ ՌԴ-ն պատրաստ է օգնել Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների բարելավմանը:

«Մենք արձանագրել ենք վերջերս դրական ազդակների փոխանակում Երևանի և Անկարայի միջև. նկատի ունեմ՝ արձանագրել ենք այն համատեքստում, որ մենք դրանք տեսել և հաշվի ենք առել: Մենք հիմա էլ ենք պատրաստ ամեն կերպ նպաստել երկու հարևան պետությունների մերձեցմանը՝ հիմնված փոխադարձ հարգանք վրա և հաշվի առնելով միմյանց շահերը», - ասել է Զախարովան:

Բացի այդ, ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչն անդրադարձել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի առաջարկին, որը վերաբերում է այսպես կոչված «Վեցյակի հարթակին»:

Զախարովայի խոսքով՝ «Վեցյակի հարթակը» (Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի, Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի մասնակցությամբ խորհրդակցական տարածաշրջանային մեխանիզմի գործարկման գաղափար) կհամապատասխանի իր բոլոր պոտենցիալ մասնակիցների շահերին, կարող է նպաստել խաղաղության, վստահության ամրապնդմանը, կհանգեցնի Հարավային Կովկասում տնտեսական գործընթացների և համագործակցության խթանմանը:

«Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորումը մնում է Մոսկվայի ուշադրության կենտրոնում. ՌԴ-ն աջակցում է նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքի վերականգմանը». Զախարովա