Չեմ կարծում, որ ձախողել ենք պատվաստման գործընթացը, չեմ էլ կարծում, որ հաջողված կարելի է համարել․ Անահիտ Ավանեսյան (տեսանյութ)

11:46 • 07.10.21

Չեմ կարծում, որ ձախողել ենք պատվաստման գործընթացը, չեմ էլ կարծում, որ հաջողված կարելի է համարել․ առաջիկայում կտեսնենք՝ ինչ լրացուցիչ միջոցներ պետք է կիրառենք, որ գործընթացն արագանա. Անահիտ Ավանեսյան

Վարչապետը դժգոհություն արտահայտեց, ինչը տեղին է, և մենք պետք է անենք ամեն ինչ, որ պատվաստման ցուցանիշները հասցնենք մեր թիրախային կետերին: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ անդրադառնալով Կառավարության նիստին Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը:

«Օրենսդրական փոփոխությունները կատարված են, և առաջիկայում էլ կտեսնենք, թե ինչ լրացուցիչ միջոցներ պետք է կիրառենք, որ քաղաքացիները պատվաստման ընթացքին ավելի ակտիվ մասնակցեն: Հոկտեմբերի 1-ից արդեն իսկ ուժի մեջ է մտել սահմանափակումների որոշակի փաթեթ, և առաջիկայում էլ կտեսնենք, թե լրացուցիչ ինչպիսի միջոցներ պետք է կիրառենք, որ պատվաստումների գործընթացն արագանա»,-ասաց նա:

Հարցին՝ ինքը համարու՞մ է, որ, հաշվի առնելով նաև վարչապետի դժգոհությունները, պատվաստման արշավը նաև առողջապահության նախարարության կողմից ձախողվել է, Ավանեսյանն արձագանքեց. «Ես չեմ կարծում՝ ձախողված կարելի է համարել, բայց չեմ էլ կարծում, որ հաջողված կարելի է  համարել»:

Անդրադառնալով հարցին, թե երբվանից են տեսչական մարմնի աշխատակիցներն սկսելու այցելել տնտեսվարողներին՝ ստուգելու՝ պահպանվու՞մ են սահմանված կանոնները, և ինչպե՞ս են ընտրվելու հիմնարկները, առողջապահության նախարարն ասաց, թե տեսչական մարմնի փոխարեն պատասխանել չի կարող, բայց  վստահություն հայտնեց, որ վարչական ռեսուրսները բավարար են՝ մաքսիմալ հետևելու համար տնտեսվարողների, քաղաքացիների կողմից սահմանված կանոնների պահպանմանը:

Նա նշեց, որ ՀՀ բնակչության 14 տոկոսն ստացել է պատվաստանյութի առաջին դեղաչափը, իսկ եվրոպական, արաբական մի շարք երկրներում արդեն 90 տոկոսից ավելի պատվաստում են իրականացրել:

Հարցին՝ ե՞րբ հասանելի կլինի «Մոդերնա» պատվաստանյութը, Ավանեսյանը հայտնեց, որ այսօր սկսվել է բաշխման գործընթացը, և վաղվանից ամբուլատորիաներում, պոլիկլինականերում պատվաստանյութն առկա կլինի: «50 000 դեղաչափը 25000 հոգու համար է, և բաշխումն այդպես էլ իրականացրել ենք: Ով կստանա առաջին դեղաչափը, կունենա երկրորդի հնարավորությունը»,-ասաց նա:

Մանրամասները՝ տեսանյութում:

Չեմ կարծում, որ ձախողել ենք պատվաստման գործընթացը, չեմ էլ կարծում, որ հաջողված կարելի է համարել․ Անահիտ Ավանեսյան (տեսանյութ)