Անպտղությունը որպես բժշկագիտական լրջագույն խնդիր. Սևադա Հակոբյան

21:01 • 10.11.21

Tert.am-ը զրուցել է Հայ Ամերիկյան Առողջության Կենտրոնի սեքսոպաթոլոգ, դոցենտ Սևադա Հակոբյանի հետ բժշկագիտական լրջագույն խնդրի՝ անպտղության մասին:

«Ի՞նչ է անպտղությունը: Ե՞րբ է դրվում անպտղություն ախտորոշումը և ե՞րբ է պետք դիմել բժշկի:

Ընդունված է համարել, որ ամուսնական զույգը, որը շուրջ մեկ տարի ապրում է ռեգուլյար սեռական կյանքով և բեղմնականխիչ մեթոդներ չի կիրառում, և այդ պարագայում չի արձանագրվում հղիություն, ապա պետք է համարել որպես անպտղություն և դիմել բժշկի ՝պարզելու՝ առկա է տղամարդու անպղություն, կանացի անպտղություն, թե համակցված տեսակն է:

Սա համարվում է առաջնային անպտղություն, իսկ երկրորդային անպտղության ժամանակ գրանցված հղիությունից հետո է առաջանում երեխա ունենալու հետ կապված խնդիրները:

Ցավոք սրտի, համաշխարհային տվյալներով գրանցվում է անպտղության ցուցանիշների աճման տենդենց. սա հաճախ պայմանավորված է էկոլոգիական վատթարացող գործոններով, գենետիկական փոփոխված սննդամթերքի տեսակարար չափաբաժնի ավելացմամբ, ինչը նաև հորմոնալ խանգարումների պատճառ կարող է հանդիսանալ, խրոնիկական հիվանդություններով (բորբոքային, սիրտանոթային, պարբերական հիվանդություն, դիաբետ), հիպոդինամիա (սակավաշարժություն), ավելորդ քաշ, ռադիացիա:

Այս պարագայում, իհարկե, առավել արդյունավետ է համարվում ֆերտիլության (պղաբերության) ցուցանիշների խանգարումների վաղ հայտնաբերումը և կանխարգելումը. խոսքը վերաբերվում է նաև սեռահասուն տարիքի տղաների և աղջիկների մոտ վերարտադրողական ֆունկցիայի ուսումնասիրման և որոշ կանխարգելիչ հետազոտությունների անցկացմանը»: