Արձանագրելով, որ նոյեմբերի 9-ի սիմվոլիկան մեզ համար լավը չէ, ասել ենք՝ պատրաստ ենք այդ օրն օնլայն քննարկման, եթե կոնկրետ խնդիր լուծվի․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)

21:29 • 23.11.21

Եղել է գաղափար նոյեմբերի 9-ին օնլայն եռակողմ հանդիպում անցկացնելու, ես ասել եմ, որ այդ հանդիպման գաղափարը մեզ համար քննարկելի է և խնդրահարույց է։ Այս մասին այսօր մամուլի ասուլիսին ասաց Նիկոլ Փաշինյանը։

«Ես ասել եմ, որ նոյեմբերի 9-ը դժվար, ծանր և դառը օր է մեզ համար, բայց եթե պարզվի որ նոյեմբերի 9-ի հանդիպման արդյունքներով մենք կկարողանանք համաձայնել կոնկրետ արդյունքի շուրջ, ես պատրաստ եմ այդ դառնությունը վերցնել և մասնակցել այդ օնլայն համաժողովին։ Հետո երբ պարզվել է, որ նման համաձայնության, ցավոք, չենք կարող գալ, ես պարզապես արձանագրելով, որ նոյեմբերի 9–ի սիմվոլիկան մեզ համար այդքան էլ լավը չէ, ես խնդրել, առաջարկել եմ որ հանդիպումը տեղափոխվի նոյեմբերի 15–ը՝ երկուշաբթի օրը»,–ասաց նա։

Նա նշեց, որ նոյեմբերի 15–ից առաջ եղել է առաջարկ, որ նոյեմբերի 26–ին լինի հանդիպումը և ինքը ասել է, որ դա էլ է ընդունելի, հետո առաջացել է գաղափար, որ գուցե ոչ թե առցանց, այլ առերերս անենք հանդիպումը և այդ գաղափարը Նիկոլ Փաշինյանը ևս պաշտպանել է։

«ՀՀ–ն պատրաստ է բանակցել, աշխատել համատեղ չարչարվել և գտնել փոխըմբեռնելի լուծումներ, բայց երբեմն սիմվոլիկայի և այլ ձևերով Ադրբեջանը փորձ է անում Հայաստանի նկատմամբ իրացնել ագրեսիվ հարկադրանքի և շանտաժի քաղաքականություն, և Հայաստանը չի տրվելու այդ շանտաժային քաղաքականությանը, որքան էլ մենք հասկանում ենք մեր վիճակի խոցելիությունը, քանի որ արդեն այդ գործելակերպով Ադրբեջանը այլ երկրների քաջարելմամբ թիրախավորում է Հայաստանի անկախությունը, ինքնիշխանությունը, պետականությունը, ժողովրդավարություն։ Այո՛, նոյեմբերի 9-ը մեզ համար ծանր օր է, իսկ ով է ասել, որ ասում են, որ նոյեմբերի 9-ին պետք է լինի օնլայն քննարկում, Հայաստանը պետք է վազի, ասի հա, մենք ասել ենք, որ նոյեմբերի 9-ին պատրաստ ենք, եթե կոնկրետ խնդիր լուծվի»–ասաց նա։