Ես կրկնել եմ միջազգային հանրության խնդրանքը՝ դադարեցնել հարձակումն Ուկրաինայի դեմ, ընդգծել եմ անհապաղ զինադադարի անհրաժեշտությունը. Մակրոնը՝ Պուտինի հետ հեռախոսազրույցի մասին
Նախագահ Զելենսկու հետ մեր շփումները մշտական են։ Ուզում եմ ողջունել նրա պատասխանատվության զգացումը։ Վերջինիս խնդրանքով և հումանիտար իրավիճակից ելնելով զանգահարել եմ նախագահ Պուտինին։ Այս մասին ֆեյսբուքյան իր պաշտոնական էջում գրել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը:
«Նախագահ Պուտինի հետ զրույցում ես կրկնել եմ միջազգային հանրության խնդրանքը՝ դադարեցնել Ռուսաստանի հարձակումն Ուկրաինայի դեմ, և ընդգծել եմ անհապաղ զինադադարի անհրաժեշտությունը»,- գրել է նա։
Մակրոնը նշել է, որ պահանջել է հրադադարը և խաղաղ բնակչության և բնակելի տարածքների վրա հարձակումների դադարեցում, քաղաքացիական ենթակառուցվածքների պահպանում, ճանապարհների անվտանգություն։
«Ես պահանջել եմ հարգել միջազգային մարդասիրական իրավունքը և խաղաղ բնակչության պաշտպանությունը, ինչպես, օրինակ, օգնության բաշխումը։ Այդ կապակցությամբ Ֆրանսիան բանաձև է ներկայացնում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին»,- գրել է նա և հավելել, որ իրավիճակի վատթարացումից խուսափելու համար ՌԴ նախագահ Պուտինին առաջարկել է մնալ կապի մեջ առաջիկա օրերին. «Մենք կվերսկսենք քննարկումները»:










