Նիկոլ Փաշինյանը հրաժարական չի տա․ Խաչատուր Սուքիասյան

23:13 • 05.05.22

Նիկոլ Փաշինյանը հրաժարական չի տա։ Այս մասին «Առաջին ալիքի» եթերում հայտարարել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը։

«Դա կեղծ օրակարգ է, ոչ մի հիմնավորում չկա, թե ինչու պետք է հրաժարական տա: ՀՀ-ում պետք է գիտակցեն, որ ընտրությունները լինում են 5 տարին մեկ։ Իհարկե, եղան ֆորսմաժորային հատվածներ, պատերազմից հետո բոլոր ընդդիմադիր կառույցների կողմից ցանկություն եղավ գնալ ընտրությունների` հայտարարելով, որ պատերազմում պարտվել եք, Հայաստանում ճգնաժամ կա և այլն։ Գնացինք ընտրությունների, ընտրություններում ունենք այն պատկերը, ինչ այսօր կա։ Այնքան ժամանակ, ինչքան, որ Սահմանադրությամբ նախատեսված է՝ 2021-2026 թթ, ԱԺ-ն պետք է գործի»,- ասաց Սուքիասյանը։

Դիտարկմանը, որ ընդդիմությունը պահանջում է ոչ թե նոր ընտրություններ, այլ ժամանակավոր կառավարության ստեղծում, Սուքիասյանն ասաց, որ այդպիսի բան հնարավոր չէ։

«Այդպիսի ժամանակավոր կառավարություն չկա, այդպիսի ուժ չկա։ Այսօր ՀՀ-ում նոր քաղաքական համակարգ է ձևավորովում, դա նոր գաղափարական հենք է, որ երիտասարդները, որոնք 2018-ին եկել են իշխանության, ժամանակակից պահանջներով զարգացնում են ՀՀ կառույցները, ոլորտները։ Այս քաղաքական համակարգը, Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, բավականին փորձ է ձեռք բերել»,- նշեց պատգամավորը։

Սուքիասյանը նշեց, որ ոստիկաններին պետք է ավելի մեծ իրավուքներ տալ, և եթե դրա կարիքը լինի՝ օրենսդրական նախաձեռնություն կբերեն։

«Ի՞նչ է նշանակում՝ թուրք են, թուրքը իրենք են, թուրքի պես իրենք են մտածում, կամ դա ի՞նչ ասելու բան է, թուրքը իր իդենտիֆիկացիան ունի, վրացին իր, ռուսը իր։ Կամ ի՞նչ ասել է՝ պետական շահը հանձնել ենք Թուրքիային, դա ի՞նչ մտածելակերպ է։ Հակառակը՝ մենք ուզում ենք Հայաստանը մեծ պետական շահ ունենա և բոլոր հարևանների հետ ունենա լավ հարաբերություններ»,- ասաց Սուքիասյանը։

 

Նիկոլ Փաշինյանը հրաժարական չի տա․ Խաչատուր Սուքիասյան