ՀՀ-ում աշխատող միջազգային ՏՏ կազմակերպությունները մի քանի անգամ ավելի բարձր աշխատավարձերով հավաքագրում են տեղի կադրերին ու հայաստանյան ընկերությունները հայտնվում են բարդ իրավիճակում. Արամ Մխիթարյան

16:58 • 24.05.22

«Yerevan Tech Forum 2022»-ի շրջանակներում Tert.am-ը զրուցել է  Helix և IUnetworks ընկերությունների հիմնադիր տնօրեն Արամ Մխիթարյանի հետ։

Խոսելով այն մասին, թե ինչ պարամետրերով են բնութագրվում աշխարհի տենոլոգիական մայրաքաղաքները և դրանցից որոնք են պատկանում մայրաքաղաք Երևանին, Արամ Մխիթարյանը ասաց․

«Կարծում եմ աշխարհի տեխնոլոգիական մայրաքաղաքները առաջին հերթին բնութագրվում են հիմնականում աշխատաշաուկայի առկայությամբ, առկա մասնագետներով և նրանց մասնագիտական որակներով։ Կարծում եմ մենք բռնել ենք տեխնոլոգիական մայրաքաղաքներից մեկը դառնալու ճանապարհը, բայց դեռ շատ բան ուենք անելու։ Անկախ այն հանգամանքից, որ IT ընկերությունների թիվը բավականին մեծ է, մեզ թվում է, թե մեր կողքին միայն IT համայնքի աշխատակիցներն են, բայց մինչև համավարակը ընկած ժամանակահատվածի տվյալերով ՏՏ-ի չափաբաժինը Հայաստանի ՀՆԱ-ում ընդամենը 2․5% է եղել»։

Հարցին՝ ի՞նչ նոր հնարավորություններ կարող են ստեղծել Հայաստանի տնտեսության համար ՏՏ ոլորտում դրսից ժամանած մասնագետների գործունեությունը և ի՞նչ քայլեր են անհրաժեշտ այդ որակյալ ռեսուրսը Հայաստանում պահելու ուղղությամբ, Արամ Մխիթարյանը ասաց․ «Ես կարծում եմ, որ մեր երկիրը պատրաստ չէր ընդունել համապատասխան քանակի IT ռեսուրս։ Նոր տեղափոխված ընկերություններին գրասենյակային պայմաններով արագ ապահովելը, պարզվեց, բավականին բարդ խնդիր է Հայաստանի համար։ Իհարկե, արվում են բոլոր հնարավոր քայլերը այդ խնդիրները լուծելու համար։ Ինչ վերաբերում է նրան, թե ինչ պետք է անել, որ այդ մասնագետները մնան Հայաստանում, ապա նախ պետք է նշել, որ ունենք երկու տիպի մասնագետների ներհոսք։ Առաջին խումբն այն մասնագետներն են, որոնք տեղափոխվել են Հայաստան իրենց գրասենյակների հետ մեկտեղ, նրանց մեծ մասը կմնա և կաշխատի իրենց գրասենյակներում, այդ մասնագետները կսկսեն փոխել իրենց աշխատատեղերը միայն 1-1․5 տարի հետո։ Երկրորդ խումը այն աշխատակիցներն են, որոնք իրենց անձնական որոշմամբ թողել են իրենց երկիրը, տեղափոխվել են Հայաստան և որոնում են աշխատանք։ Կարծում եմ, որ այդ մարդկանց միայն 20%-ն է, որ հնարավոր է մնա Հայաստանում, մնացածի համար Հայաստանը ժամանակավոր հանգրվան է։ Պետք է կարողանանք Հայաստանում ստեղծել այնպիսի պայմաններ, որոնք լինեն հնարավորինս գրավիչ, բայց դրա համար մեծ աշխատանք է անհրաժեշտ»։

Արամ Մխիթարյանի կարծիքով տեղական բիզնես համայնքի և դրսից ժամանած մասնագետների միջև մրցակցությունը հավանական է։

«Մրցակցություն լինելու է ընկերությունների միջև, քանի որ բոլոր ընկերությունները միշտ ունենում են մարդկային ռեսուրսի խնդիր։ Տեղական ընկերությունների համար բավականին բարդ է դիմագրավել այն հարվածներին, որոնք ստանում են մեծ միջազգային ընկերությունների կողմից։ Մինչև վերջին ամիսների մասնագետների ներհոսքը նույնպես կար այդ խնդիրը։ ՀՀ-ում աշխատող միջազգային կազմակերպությոնները խնդիր ունեին արագ հավաքագրել որակյալ կադրեր, իսկ որակյալ կադրերը պատրաստում են տեղական ընկերությունները։ Այս պարագայում մի քանի անգամ ավելի բարձր աշխատավարձը որոշիչ դեր է խաղում։ Այդ խնդիրը եղել է և առաջիկա մեկ տարում ավելի ակտուալ է դառնալու, ոովհետև Հայաստանում հաստատված միջազգային ընկերությունները սկսելու են հավաքագրել լոկալ կադրեր, իսկ այդ կադրերը գտնվում են լոկալ ընկերություններում»,- ասաց Արամ Մխիթարյանը։