Պահանջում ենք՝ կանխել Նիկոլ Փաշինյանի գործողությունները. զոհված զինծառայողների ծնողները փակել են Վազգեն Սարգսյան փողոցը
44–օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողները փակել են Երևանի Վազգեն Սարգսյան փողոցը։
Նրանք պահանջում են, որ Նիկոլ Փաշինյանը ձերբակալվի։
«Մենք տեղեկացանք, որ Փաշինյանը վաղը մեկնում է Բրյուսել՝ հանդիպման։ Բայց նա չպիտի ներկայացնի հայ ժողովրդին, նա դրա իրավունքը չունի։ Մենք պահանջում ենք, որ գլխավոր դատախազը կանխի նրա գործողությունները, այն էլ՝ որքան հնարավոր է շուտ»,- ասաց զոհված զինծառայող Մխիթար Գալեյանի հայրը:
Նրա խոսքով՝ վաղը վարչապետը ինչ-որ այլ փաստաթուղթ կստորագրի, որի հետևանքով «կսկսենք Հայաստանից տարածքներ տալ»։
44-օրյա պատերազմում զոհված Հայկ Մելիքյանի մայրը նշեց, որ իրենց պահանջը արդեն չորս ամիս է՝ նույն է. «Իմ համար մեկ ցանկությունն է Նիկոլ Փաշինյանին տեսնել Բաքվի բանտում, քանի որ այն ահռելի ցինիզմը, սադիզմը, որով նա խոսում է գերիների մասին, ինչպես նաև նրա կաբինետից Ալեն Սիմոնյան թափթփուկը, որ պիտակավորում է գերիների ծնողներին՝ իբրև դասասալիքների ծնողների, ես ցանկանում եմ, որ իրենք տասնյակ տարիներով անցնեն այն ամենի միջով, ինչի միջով անցել են մեր երեխաները»:
Հիշեցնենք նաև, որ 44-օրյա պատերազմում զոհվածների ծնողները տևական ժամանակ է՝ բողոքի ակցիաներ են անում ՀՀ գլխավոր դատախազության շենքի դիմաց։ Նրանք դատախազին էին փոխանցել իրենց ստորագրություններով դիմում-պահանջը 44-օրյա պատերազմի վերաբերյալ քրգործում Նիկոլ Փաշինյանին որպես մեղադրյալ ներգրավելու և իրենց տուժող ճանաչելու մասին։










