Ալիևն ասել է, որ «Ղարաբաղի հայերի անվտանգությունը կապահովվի Ադրբեջանի սահմանադրության համաձայն»

15:43 • 14.10.22

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, ելույթ ունենալով ԱՊՀ անդամ պետությունների ղեկավարների խորհրդի նիստում, անդրադարձել է արցախահայության խնդրին։

«Պրահայում կայացած հանդիպմանն այս հարցի շուրջ նույնպես մտքերի փոխանակում ունեցանք։ Մեր դիրքորոշումը պարզ է և հստակ. «Ղարաբաղն Ադրբեջան է» (չակերտները`Tert.am): Ղարաբաղի հայ բնակչության իրավունքներն ու անվտանգությունը կապահովվեն Ադրբեջանի սահմանադրության համաձայն։ Մենք չենք պատրաստվում մեր ներքին հարցերը քննարկել կողմերից ոչ մեկի հետ։ Եվ որքան ես հասկացա Պրահայի հանդիպման արդյունքներից, այս թեման քառակողմ հանդիպման բոլոր մասնակիցների միջև հակասություններ չի առաջացրել»,- ասել է Ալիևը։

Նշենք, որ հոկտեմբերի 6-ին Պրահայում կայացել է Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների, Ֆրանսիայի նախագահի և Եվրոպական խորհրդի նախագահի քառակողմ հանդիպումը:

Հիշեցնենք, որ օրերս ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն ասել է, որ Վաշինգտոնում ԱՄՆ նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի և Ադրբեջանի նախագահի՝ արտաքին քաղաքականության հարցերով խորհրդական Հիքմեթ Հաջիևի հետ հանդիպման ժամանակ ի թիվս այլնի քննարկել են ԼՂ հիմնախնդիրը:

«ԼՂ հիմնախնդիրի մասով հիմնական օրակարգը եղել է, որպեսզի միջազգային մեխանիզմ ստեղծենք, որ ԼՂ-ն և Ադրբեջանը քննարկեն ԼՂ-ում ապրող հայերի անվտանգությունը և իրավունքները։ Հույս ունենք, որ կկարողանանք առաջիկայում ձևավորել այս միջազգային մեխանիզմը»,- ասել է Գրիգորյանը։

Մինչդեռ Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը, անդրադառնալով Արցախի վերաբերյալ ԱԽ քարտուղարի հայտարարությանը, շեշտել է, որ իրենց համար Ադրբեջանի կազմում լինելու ցանկացած տարբերակ անընդունելի է:

«Ինչո՞ւ պետք է մենք Ադրբեջանի հետ քննարկենք մեր իրավունքներն ու ազատությունները։ Մենք երկիր ենք, 30 տարի եղել ենք հայության պարծանքը, և Արցախի ճանաչումն Ադրբեջանի մաս՝ հատկապես հայության կողմից, ամենավատ տարբերակն է, որը կարելի է մշակել։ Այդ դեպքում և դրանից հետո չի մնալու արժանապատվություն, պատմության նկատմամբ վստահություն, սա ողջ հայության ճակատագիրն է որոշում հիմա՝ Արցախի ճակատագրի հետ մեկտեղ»,- ասել է Բաբայանը։