FTX-ի սնանկացման ֆոնին կրիպտոարժույթները շարունակում են անկում գրանցել. ի՞նչ սպասել առաջիկայում
Կրիպտոարժույթները շարունակում են անկում գրանցել աշխարհում մեծությամբ չորրորդ կրիպտոարժութային բորսայի` FTX-ի սնանկացման ֆոնին:
Ինչպես գրում է Коммерсантъ-ը, կրիպտոարժույթների շուկան շարունակում է կայուն անկումը։ «Բիթքոյն»-ը ֆիքսել է 17 000 դոլարից ցածր ցուցանիշ, որոշ փորձագետներ չեն բացառում մինչև 12 000 դոլար անկում. «Էթերիում»-ը, «Ալթքոյն»-ը նույնպես կորցնում են իրենց գինը:
Ըստ CoinMarketCap-ի տվյալների՝ «Բիթքոյն»-ը վաճառվում է 16,5 000 դոլարով, ինչը 2020 թվականի նոյեմբերից ի վեր ամենացածր ցուցանիշն է: «Էթերիում»-ը մեկ շաբաթվա ընթացքում կորցրել է գնի 25%-ը, XRP-ն՝ 28%-ը, «Կարդանո»-ն՝ 22%-ը:
«FTX-ը և Alameda-ն՝ խոշորագույն ներդրումային հիմնադրամներից մեկը, փոխկապակցված են: Երկուսն էլ ներդրումներ են արել շատ կրիպտոնախագծերում: Արդյունքում տեղի է ունեցել շղթայական ռեակցիա, որն ազդել է ամբողջ շուկայի վրա»,- պարզաբանել է Cryptorg-ի գործադիր տնօրեն Անդրեյ Պոդոլյանը:
«Երկու ընկերություններն էլ շատ ազատորեն էին տնօրինում հաճախորդների միջոցները, բառացիորեն դրանք օգտագործում անհայտ, կասկածելի վայրերում, միլիոնավոր դոլարներ ներդնում տարբեր նախագծերում, աջակցում կրիպտովարկավորման հարթակներին, որոնք տուժել էին գարնանը Luna/UST կրիպտոբուրգի փլուզումից հետո»,- հավելել է Technobit-ի և Satoshi Spirit-ի հիմնադիր Ալեքսանդր Պերեսիչանը:
Վերջինիս խոսքով՝ շարունակում է առեղծված մնալ, թե ինչպես է Alameda-ն ներդրումների համար նախագծերն ընտրել:
«Արդեն ամռանը կրիպտոհամայնքը սկսեց այս հարցը տալ՝ փորձելով հասկանալ, թե արդյոք Alameda-ն բավարար միջոցներ ունի՞ իր բոլոր պարտավորությունները կատարելու համար: Ցավոք, պարզվեց, որ ո՛չ Alameda-ն, ո՛չ էլ FTX-ը, ըստ էության, միջոցներ չունեին, բացի հաճախորդների գումարներից», - ասել է Պերեսիչանը:
Նրա խոսքով՝ եթե չլինեին FTX-ի հետ կապված իրադարձությունները, անցած շաբաթը կարող էր շատ դրական լինել այս ոլորտում գնաճի համար: Սակայն FTX-ի և Alameda-ի ձախողման հետևանքով կրիպտոշուկայում նոր աճող ցիկլի հեռանկարը մղվում է դեպի հեռու ապագա, կարծում է Պերեսիչանը:
Իր հերթին, Meduza-ն, գրում է, որ FTX-ի շուրջ աղետային իրավիճակը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ նոյեմբերի սկզբին լրագրողների հետաքննությունից հայտնի է դարձել ընկերության ֆինանսական կայունության հետ կապված խնդիրների մասին, և ներդրողները սկսել են զանգվածաբար հանել գումարները:
Կրիպտոարժույթների ամենամեծ բորսան՝ Binance-ը, որը նոյեմբերի 8-ին հայտարարել էր FTX-ը ձեռք բերելու և դրանով իսկ մրցակցին փրկելու մտադրության մասին, բորսայի ֆինանսական վիճակի մանրակրկիտ ուսումնասիրությունից հետո, մտափոխվեց և հայտարարեց, որ «իրականում առկա խնդիրները դուրս են իրենց վերահսկողությունից կամ օգնելու կարողությունից»։
Հաշվի առնելով կրիպտոաշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասշտաբները՝ պետք է ակնկալել, որ FTX-ի փլուզման հետևանքները կշարունակեն ազդել ամբողջ շուկայի վրա։ Այս պահին ոլորտում կուտակված խնդիրների իրական խորությունն անհայտ է հանրությանը, իսկ սա նշանակում է, որ առաջիկայում սպասվում է խոշոր տրամաչափի խաղացողների նոր սնանկացումներ, և դրանց հետ մեկտեղ կրիպտոարժույթների գների նոր անկումներ, եզրափակել է Meduza-ն:










