Երևանը ՀԱՊԿ-ին տեղեկացրել է, որ այս իրավիճակում նպատակահարմար չի համարում Հայաստանում զորավարժություններ անցկացնելը․ Նիկոլ Փաշինյան

12:44 • 10.01.23

ՀՀ ՊՆ-ն արդեն իսկ ՀԱՊԿ միավորված շտաբին գրավոր տեղեկացրել է, որ մենք ՀՀ-ում նման զորավարժություններ անցկացնելն այս իրավիճակում նպատակահարմար չենք համարում և այդ զորավաժությունները, համենայն դեպս, այս տարի չեն կայանա։

Այս մասին այսօր կայացած մամուլի ասուլիսի ընթացքում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Անդրադառնալով ՀԱՊԿ-ի հետ ՀՀ հարաբերությունների մասին հարցին, Նիկոլ Փաշինյանն ասաց․

«ՀՀ ձևավորման գործընթացում անկյունաքարային է եղել այն միտքը, որ ՌԴ-ն Հայաստանի Հանրապետության անվտանգության ոլորտի թիվ 1 դաշնակիցն է և անվտանգության երաշխավորը։ Եվ պիտի ասեմ, որ մենք նույնպես հարցն ընկալել ենք և ընկալում ենք այդպես։ Եվ 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո մեր առաջնային մտահոգությունն ու օրակարգը առաջին հերթին ՌԴ հետ եղել է հետևյալը, որ մենք մտավախություններ ունենք, որ Ադրբեջանը ագրեսիվ գործողություններ կձեռնարկի ՀՀ միջազգայնորեն ճանաչված տարածքի նկատմամբ և սա եղել է ՌԴ-ի հետ մեր անվտանգային ոլորտի հաղորդակցության հիմնական թեման։

Իմ կարծիքով այդ խոսակցությունը եղել է շատ կոնկրետ և դրանց արդյունքում մենք ստացել ենք պաշտոնական հավաստիացումներ, որ Հայաստանի Հանրապետության սահմանները կարմիր գիծ են անվտանգության ոլորտի մեր դաշնակիցների և գործընկերների համար։

Երբ որ տեղի ունեցան 2021 թվականի մայիսի իրադարձությունները՝ Սոթք-Խոզնավար հատվածի, ներխուժումը ՀՀ տարածք, մենք բնակաբանար նախկինում ձեռքբերված պայմանավորվածությունների շրջանակում ակնկալել ենք կոնկրետ գործողություններ ՌԴ մեր գործընկերներից և անվտանգային ոլորտի մեր գործընկերներից։ Եվ ի պատասխան մեր հարցումների և դիմումների, ստացել ենք դիտարկում այն մասին, որ ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանները դեմարկացված չեն։ Եվ այս համատեքստում առաջացել է բովանդակային հակասություն, այդ դեպքում որտեղո՞վ է անցնում այն կարմիր գիծը, որն արդեն մենք միջպետական հարաբերություններում արձանագրել ենք»։

Նա նշեց, որ այդ համատեքստում հետագա հարաբերությունների կառուցման համար  կարևոր է այդ հարցի պատասխանը ստանալը։

«Այդ կարմիր գիծը դե յուրե գոյություն ունի և դա ՀԱՊԿ պատասխանատվության գոտին է մեր տարածաշրջանում։ Եվ Երևանում կայացած գագաթաժողովի ընթացքում մեր առաջադրած հիմնական խնդիրն այն է, որ ոչ միայն տեսականորեն, այլև գործնական խնդիր ունենք ի ցույց դնելու և հասկանալու, թե որն է ՀԱՊԿ պատասխանատվության գոտին ՀՀ-ում։

ՀԱՊԿ Երևանյան գագաթնաժողովն ավարտվել է, բայց խոսակցությունը չի ավարտվել և դա շարունակում է մնալ մեր օրակարգային հարցը։ Ավելին ասեմ՝ էլի մենք նույն այդ նիստերի ընթացքում ինչ որ ես ասում եմ, որ սա երկար ժամանակ քննարկվել է և՛ ՀՀ-ՌԴ ֆորմատով, և՛ ՀԱՊԿ ֆորմատով»,-նշեց նա։

Փաշինյանի խոսքով՝ վերջին շրջանում Ադրբեջանը իր ագրեսիվ գործողությունները արևմտյան երկրների հետ հաղորդակցության ընթացքում բացատրում է, ասելով, թե մտավախություն ունենք, որ Հայաստանի հանրապետությունը և Ռուսաստանի դաշնությունը համատեղ ագրեսիվ գործողություններ են նախապատրաստում Ադրբեջանի նկատմամբ և իրենք «կանխարգելիչ գործողություններ» են ձեռնարկում։

«Մենք բոլորս գիտենք, որ աբսուրդ է այդ մասին խոսելը, բայց մյուս կողմից նաև Ուկրաինայի իրադարձությունների ֆոնին այս խոսույթը որոշակի հետաքրքրություն է առաջացնում և Ադրբեջանը հենց այդ նպատակով էլ այդ խոսույթն է զարգացնում։

Մենք ՌԴ մեր գործընկերների ուշադրությունը հրավիրում ենք այս փաստի վրա, արձագանգրելով, որ նրանց ըստ էության չարձագանքման պայմաններում ստացվում է, որ ՌԴ ռազմական ներկայությունը ՀՀ-ում ոչ միայն չի երաշխավորում ՀՀ անվտանգությունը, այլև ընդհակառակը, սպառնալիքներ է ստեղծում անվտանգության համար»,-ասաց նա։

Փաշինյանը նաև ընդգծեց՝ այս փաստերից հետևություններ չեն անում, առայժմ արձանագրում ենք այս փաստերը։