Ադրբեջանը շարունակում է ՀՀ ինքնիշխան տարածքի օկուպացիան. Արարատ Միրզոյան
Ադրբեջանը շարունակում է Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի օկուպացիան ու շարունակական ագրեսիվ գործողությունները, որոնք սադրիչ են և հակասում են Պրահայի և Սոչիի հանդիպումների արդյունքներով ընդունված հայտարարություններին։
Հայտարարել է ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը Ֆրանսիայի իր պաշտոնակից Կատրին Կոլոննայի հետ համատեղ ասուլիսի ժամանակ․
«Հակառակ միջազգային հանրության կոչերին՝ Ադրբեջանը շարունակում է 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթների խախտումները, դա ստորագրումից ավելի քան 2 տարի անց հրաժարվում է վերադարձնել բոլոր հայ ռազմագերիներին ու պատանդառված քաղաքացիական անձանց»,- նշել է Միրզոյանը։
Նա վերահաստատել է, որ հայկական կողմը հավատարիմ է տարածաշրջանում կայունության հաստատման ուղղությամբ ջանքերի գործադրմանը, այդ նպատակով Հայաստանը շարունակում է բանակցություններն Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման պայմանագրի նախագծի շուրջ։
«Համապարփակ ու երկարատև կարգավորման համար առանցքային են բոլոր առկա խնդիրներն առանց ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառման լուծելու հրամայականը և միջազգայնորեն երաշխավորված երկխոսության ֆորմատի ներքո ԼՂ ժողովրդի իրավունքների և անվտանգության խնդիրների հասցեագրումը»,- ասել է Միրզոյանը։










