Ռուսներին քշելու, դուրս մղելու որևէ ազդակ Արևմուտքից չենք ստացել. չեմ կարծում, որ Արևմուտքը որևէ մեկի ձեռքը բռնել է և թույլ չի տալիս կատարել իր գործառույթները․ Փաշինյան
ՀԱՊԿ առաքելությունը ՀՀ տարածքում չի գործում մի պարզ պատճառով, որ, ըստ էության, չի մատնանշում, թե որն է իր պատկերացրած ՀՀ տարածքը: Ֆունդամենտալ խնդիրը սա է: Նման կերպ արձագանքեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հայտարարության վերաբերյալ հարցին:
Հիշեցնենք, որ Լավրովը հայտարարել էր, թե Արևմուքտը Հայաստանին ազդակներ է ուղարկում «քշել ռուսներին»:
«Եթե ՀԱՊԿ-ն դա հստակ ընդգծի, պրոբլեմների 90 տոկոսը կվերանա: Մենք արևմուտքից [ռուսներին – խմբ.] քշելու, հարաբերությունները խզելու, դուրս մղելու որևէ ազդակ չենք ստանում և չենք ստացել և չեմ կարծում, որ նման ազդակ երբևէ կլինի: Ազդակները կարող են լինել երկկողմ հարաբերությունների զարգացման կամ ընթացքի մասին, ինչև վերաբերում է, այդ թվում, Ռուսաստանին: Մենք մեր երկկողմ հարաբերությունները ՌԴ մեր գործընկերների հետ շատ թափանցիկ ենք քննարկում և կարծում եմ, որ որևէ մութ կետ չկա այդ խոսակցություններում, որոնք մենք ունենք մեր տարածաշրջանում ՌԴ և մեր հարաբերություններում առկա իրադրության վերաբերյալ»,-ընդգծեց Փաշինյանը:
Ինչպես նշեց վարչապետը, ինքը չի կարծում, որ Արևմուտքը որևէ մեկի ձեռքը բռնել է և թույլ չի տալիս կատարել իր գործառույթները` Լեռնային Ղարաբաղում խաղաղապահների հետ կապված, այլ անվտանգային հարցերով։
«Եթե ճիշտ եմ հիշում 2021-ին խաղաղապահի ներկայությամբ դիպուկահարի կրակոցից Արցախի բնակիչ էր սպանվել, անգամ խաղաղապահներն էին այդ մարդուն ասել` գնա, աշխատի, մենք քո անվտանգությունն ապահովում ենք, կամ Խծաբերդի դեպքերը։ Այսօր մեր գերեվարված հայրենակիցների 90 տոկոսը գերեվարվել է խաղաղապահների տեղակայումից հետո և խաղաղապահների տեղակայման գոտում։ Արևմուտքն այստեղ ի՞նչ կապ ունի»,- հավելեց Փաշինյանը։










