Ադրբեջանը հնարավոր է նաև ՌԴ ներքաղաքական իրավիճակից օգտվի և սադրանքների դիմի. Բենիամին Մաթևոսյան

16:50 • 24.06.23

Հնարավոր է Ռուսաստանի Դաշնությունում տեղի ունեցող զարգացումները բացասական ազդեցություն ունենան Արցախի ու Հայաստանի շուրջ ստեղծված իրավիճակի վրա:

Tert.am-ի հետ զրույցում նման տեսակետ հնչեցրեց քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանը:

Փորձագետը մատնանշեց  նախկին դեպքերը, երբ ռուս-ուկրաինական պատերազմում ռուսական կողմը խնդիրներ էր ունենում, Ադրբեջանը փորձում էր դրանից օգտվել:

«Ադրբեջանը հնարավոր է նաև ՌԴ ներքաղաքական այս իրավիճակից օգտվել: Իհարկե, սադրանքներ միշտ էլ սպասելի են՝ անկախ նրանից, թե «Վագներ»-ի ղեկավարը գործողություններ կիրականացնի, թե՝ ոչ: Ամեն դեպքում սադրանքներ և սրացումներ պետք է սպասել»,- շեշտեց նա:

Բենիամին Մաթևոսյանի դիտարկմամբ՝ Արցախյան 44- օրյա պատերազմից մինչև ուկրաինական ճգնաժամ Հայաստանի իշխանությունները հայտարարում էին, որ աշխարհաքաղաքական գործընթացներն ազդում են նաև մեր երկրի անվտանգության խնդիրների վրա:

«Ասում են՝ ՌԴ-ն զբաղված է Ուկրաինայով, դրա պատճառով էլ հավուր պատշաճի չի անդրադառնում Արցախի և Հայաստանի շուրջ ստեղծված իրավիճակին: Իրենք սա ներկայացնում են ինչ-որ գործողությունների պատճառ: Իսկ իմ ընկալմամբ, եթե Հայաստանի իշխանությունները զիջումների են գնում, ապա նման պատրվակներ են ներկայացնում: Օրինակ՝ սեպտեմբերյան հայտնի դեպքերի ժամանակ էլ ռուսները ռազմաճակատում խնդիրների ունեին: Սա Հայաստանում ներկայացվեց այսպես. ռուսները խնդիրներ ունեին և չարձագանքեցին մեր երկրում տեղի ունեցող դեպքերին»,- նշեց նա՝ հավելելով, որ ՌԴ-ում կատարվողը  հիմնավոր առիթ է Բաքվի և Երևանի համար կյանքի կոչել ծրագրեր, որոնք այլ հավասար պայմաններում չէին կարող:

Իսկ ինչ վերաբերվում է ՌԴ-ում տեղի ունեցող իրադարձություններին, քաղաքագետն արձանագրում է.  «Տեսեք՝  ամբողջական տեղեկատվությանը մենք չենք տիրապետում, ոչ մի կողմն էլ հանրությանը ստույգ ինֆորմացիա չի փոխանցի: Ֆիքսենք մեկ կարևոր հանգամանք. հունիսի 4-ից  ուկրաինական բանակը սկսել  է հայտնի հակահարձակողական գործողությունները: Գերմանական, անգլիական, ամերիկյան աղբյուրների գնահատամբ դրանք չեն հասել այն նպատակներին, որոնք նախանշված են եղել: Տրամաբանական է, եթե դրսից չես կարողանում ինչ-որ բան կոտրել, փորձում ես կոտրել ներսից՝ օգտագործելով տվյալ երկրի ներսում առկա խնդիրները, որոնք ամենևին էլ պայմանավորված չեն ուկրաինական պատերազմով: Այնպես չէ, որ ՌԴ ներքաղաքական խնդիրները ծագել են միայն ուկրաինական պատերազմի ժամանակ: ՌԴ-ում միշտ էլ կլանային հակասություններ եղել են»,- ասաց քաղաքագետը:

Հիշեցնենք, որ հունիսի 23-ին «Վագներ» ՄՌԿ Թելեգրամ-ալիքում հայտարարություն էր հայտմնվել այն մասին, որ ՄՌԿ-ի դեմ օդային գրոհ է իրականացվել։ Մեղքը դրվել էր Ռուսաստանի զինվորական ղեկավարության վրա։ «Վագներ» ՄՌԿ ղեկավար Եվգենի Պրիգոժինը խոստացել է «վերականգնել արդարությունը»։ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հերքել է հարձակման մեղադրանքները, իսկ Անվտանգության դաշնային ծառայությունը քրեական գործ է հարուցել «Վագներ» ՄՌԿ ղեկավար Եվգենի Պրիգոժինի դեմ զինված խռովության կոչելու մեղադրանքով։

Ավելի ուշ Պրիգոժինը հայտարարել էր, որ վերցրել է Ռոստովի ռազմական օբյեկտների, այդ թվում օդանավակայանի վերահսկողությունը։ Ստացվել էին տեղեկություններ, որ բոլոր կարեւոր օբյեկտները Վորոնեժում նույնպես վերցվել են «Վագների» վերահսկողության տակ։