Շվեդիայում Ղուրանի այրումը Թուրքիայի հետ լարվածություն է առաջացրել սկանդինավյան երկրի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցում

22:00 • 28.06.23

Չորեքշաբթի օրը մի տղամարդ պատռել և այրել է Ղուրանի պատճենը Ստոկհոլմի գլխավոր մզկիթի մոտ. մի քայլ, որը զայրացրել է Թուրքիային ու վնասել սկանդինավյան երկրի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու ձգտումներին: Այս մասին գրել է The Telegraph-ը։

Ստոկհոլմի գլխավոր մզկիթի մոտ Սալվան Մոմիկան նախ պատռել է Ղուրանի էջերը, դրանցով սրբել է կոշիկները, ապա այրել գիրքը։

Սալվան Մոմիկայի բողոքի գործողությունը համընկել է մուսուլմանական Իդ ալ-Ադհա տոնի մեկնարկի հետ։

Մոմիկայի՝ Ղուրանն այրելու քայլին անմիջապես արձագանքել է պաշտոնական Անկարան, որն արգելափակել է Շվեդիայի միացումն անդրատլանտյան դաշինքին։

«Անընդունելի է այս գործողությունները թույլ տալ խոսքի ազատության պատրվակով»,- ասել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը։

«Հանդուրժել նման սարսափելի արարքները նշանակում է մեղսակից լինել»,- հավելել է Ֆիդանը:

Մոտ երկու հարյուր մարդ հետևել է նրա գործողություններին: Ի պատասխան գործողությանը՝ ներկաներից ոմանք արաբերեն բղավել են «Աստված մեծ է»։ Նրանցից մեկին ոստիկանները բերման են ենթարկել, երբ փորձել է քար նետել ակցիայի մասնակիցների վրա։

Շվեդիայի ոստիկանությունը թույլատրել է Ղուրանի այրմամբ բողոքի ակցիա անցկացնել Կուրբան բայրամի տոնի առաջին օրը, հաղորդել է AFP-ն:

Սկանդինավյան երկրի վարչապետ Ուլֆ Յալմար Քրիստերսոնն այդ որոշումն անվանել է «օրինական, բայց ոչ տեղին»: Նա հրաժարվել է խոսել ՆԱՏՕ-ին երկրի անդամակցության վրա ստեղծված իրավիճակի ազդեցության մասին։  «Ես հավատում եմ, որ մենք ապրում ենք մի ժամանակաշրջանում, որտեղ պետք է հանգիստ մնալ ու մտածել, թե որն է լավագույնը Շվեդիայի երկարաժամկետ շահերի համար»,- հավելել է նա։

Մոմիկան TV4 Nyheterna հեռուստաալիքին ասել է, որ Ղուրանը «վտանգ է ներկայացնում ժողովրդավարական օրենքների և շվեդական ու մարդկային արժեքների համար»:

37-ամյա երիտասարդը, որը լքել է Իրաքը՝ ապրելու Շվեդիայում, գրքի վրա բեկոն է լցրել նախքան այն վառելը, իսկ երկրորդ ցուցարարը խոսել է մեգաֆոնով:

Շվեդիայում Ղուրանի այրումը Թուրքիայի հետ լարվածություն է առաջացրել սկանդինավյան երկրի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցում