Ադրբեջանն ունի հաստատակամություն ու մտադրություն՝ առաջ տանելու կարգավորման և խաղաղության օրակարգը. Ադրբեջանի ԱԳՆ

20:34 • 28.06.23

Հունիսի 28-ին Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովն ԱՄՆ աշխատանքային այցի շրջանակներում հանդիպել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի հետ։ Այս մասին գրել են ադրբեջանական լրատվամիջոցները։

Ադրբեջանի ԱԳՆ-ից APA-ին հայտնել են, որ հանդիպմանը մտքեր են փոխանակվել Ադրբեջանի և Հայաստանի միջև կարգավորման գործընթացի հիմնական ուղղությունների, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգության հարցերի շուրջ։

«Հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը»,- գրել է կայքը՝ ներկայացնելով ադրբեջանական կողմի տեղեկատվությունը։

Ջեյհուն Բայրամովը նշել է, որ «Հայաստանը դեռ չի կատարել իր պարտավորությունները, ամբողջությամբ չի դուրս բերել իր զինված ուժերն ադրբեջանական հողերից, շարունակում է ռազմաքաղաքական սադրանքները, ինչը վնասում է խաղաղության ջանքերին» (չակերտները - Tert.am)։

Ընդգծվել է, որ «չնայած առկա դժվարություններին ու մարտահրավերներին, Ադրբեջանն ունի հաստատակամություն ու մտադրություն՝ առաջ տանելու կարգավորման և խաղաղության օրակարգը»։

«Ընդգծվել է Ղարաբաղի տարածաշրջանի՝ հայկական ծագումով բնակիչների հասարակությանը վերաինտեգրման աշխատանքներին Հայաստանի միջամտության անընդունելիությունը, սա Ադրբեջանի ներքին խնդիրն է։ Այս առումով նշվել է, որ Հայաստանի կողմից Լաչինի սահմանային անցակետի նկատմամբ իրականացված սադրանքը Հայաստանի անկարողության ցուցիչն է մարսելու Ադրբեջանի վերաինտեգրման ջանքերը, այդ թվում՝ այս անցակետով հայ բնակիչների թափանցիկ և ազատ տեղաշարժը» (չակերտները - Tert.am)։ 

ԱՄՆ Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը հայտնել է «ԱՄՆ-ի շահագրգռվածությունը երկու պետությունների միջև խաղաղության պայմանագրի ստորագրմանն ուղղված ջանքերին աջակցելու հարցում»՝ նշելով, որ «ջանքերը կշարունակվեն»։

Հայկական կողմը դեռ տեղեկատվություն չի հայտնել։