Վիճակը կարող է փոխվել, եթե փոխվեն բանակցողները․ Սերժ Սարգսյանը տրամաբանական է համարում Օսկանյանի առաջարկները

17:38 • 07.07.23

Չեմ կարծում՝ վիճակն անելանելի է, Արցախի հարցում վիճակը կարող է փոխվել, եթե փոխվեն բանակցողները։

Այս մասին դատարանի բակում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը:

Երրորդ նախագահի խոսքով՝ ինքն ուշադիր լսել է ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանի առաջարկությունները։ Սերժ Սարգսյանի կարծիքով՝ տրամաբանական է այն, ինչ ասում է Վարդան Օսկանյանը, և իրականացնելի է:

«Իհարկե, ծանր է վիճակը, դժվարությունները շատ են, պրոբլեմները մեծ են, բայց չեմ համարում, որ անելանելի վիճակ է։  Եթե կարողանան պայմանավորվել մի խումբ  դիվանագետներ Վարդան Օսկանյանի գլխավորությամբ աշխատել, իսկ մնացածը լռել, կարող է փոփոխություններ լինել։ Թեև ես չեմ կարծում, որ այդ մարդիկ կարող են լռել»,- նշեց նախկին նախագահը։

Հիշեցնենք, որ ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանը հանդես էր եկել առաջարով և պատասխանատվությամբ հայտարարել, որ, եթե լիազորություն տրվի իրեն, և մի խումբ դիվանագետների, ապա ինքը կարող է շատ կարճ ժամանակում՝ 2-3 ամսվա ընթացքում կտրուկ փոփոխություններ մտցնել բանակցային գործընթացում ի շահ Հայաստանի։

Բայց Օսկանյանը նախապայման է ներկայացրել այս հարցում, որ այդ լիազորությունը պետք է լինի 100 տոկոս, Փաշինյանը 3 ամիս պետք է լռի։