Իսպանիայի 17-ամյա արքայադուստրը 3-ամյա ռազմական պատրաստություն կանցնի երկրի զինված ուժերում
Իսպանիայի արքայադուստր Լեոնորը Հարավային Ուելսի հեղինակավոր մասնավոր դպրոցն ավարտելուց հետո եռամյա ռազմական ուսուցում կանցնի Իսպանիայում։ Այս մասին հայտնում է Daily Mail-ը։
Մասնավորապես, 17-ամյա արքայադուստրը հաջորդ ամսվանից կդառնա զինվորական նորակոչիկ՝ հետևելով իր հոր՝ թագավոր Ֆելիպեի, ինչպես նաև իր պապի՝ Խուան Կառլոսի օրինակներին. նրանք ռազմական պատրաստություն են անցել երկրի զինված ուժերի երեք ճյուղերից յուրաքանչյուրում։
Նախքան ռազմածովային ակադեմիա տեղափոխվելը նա կսովորի Սարագոսայի ընդհանուր ռազմական ակադեմիայում, իսկ եռամյա վերապատրաստումը կավարտի Գլխավոր ռազմաօդային ուժերի ակադեմիայում:
Արքայադուստրը, որի 18 տարին կլրանա հոկտեմբերին, հայտարարել է եռամյա ռազմական ուսուցում անցնելու առնչությամբ իր խանդավառության մասին:
«Ես նոր եմ ավարտել միջնակարգ դպրոցը և պատրաստվում եմ ռազմական պատրաստության նոր փուլ սկսել: Ես երջանիկ եմ, քանի որ գիտեմ, թե իսպանացիները որքան են գնահատում մեր զինված ուժերը: Սա կարևոր պահ է իմ կյանքում, և ես շատ հուզված եմ», - ասել է Լեոնորը:













