Մոսկվայում չափազանց դժգոհ են Ռուսաստանի մասին Փաշինյանի հրապարակային հայտարարություններից. ՏԱՍՍ

16:09 • 04.09.23

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի` իտալական La Repubblica պարբերականի լրագրողի հետ հարցազրույցում Ռուսաստանի մասին արված հայտարարություններն իրենց տոնով անընդունելի են, Մոսկվայում դրանցից չափազանց դժգոհ են։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է դիվանագիտական աղբյուրը։

«Մոսկվայում չափազանց դժգոհ են Հայաստանի ղեկավարության վերջին հրապարակային հայտարարություններից, այդ թվում՝ իտալական La Repubblica թերթին տված հարցազրույցում Հայաստանի վարչապետի հայտարարություններից, ինչպես նաև ՀՀ ԱԳՆ-ի՝ օգոստոսի  31-ի մեկնաբանությունից: Մոսկվայում դրանք գնահատում են իրենց տոնով և բովանդակությամբ անընդունելի՝ սեփական սխալ հաշվարկների և սխալների պատասխանատվությունը Ռուսաստանի վրա դնելու նկատառումով»,- ասել է ՏԱՍՍ-ի զրուցակիցը։

Ռուսաստանը՝ որպես Հայաստանի ամենամոտ բարեկամ և հարևան, չի պատրաստվում լքել հարավկովկասյան տարածաշրջանը, սակայն Երևանը չպետք է Արևմուտքի գործիքը դառնա Ռուսաստանի Դաշնությանը դուրս մղելու համար, ասել է աղբյուրը։

«Իրականում նրանք փորձում են արհեստականորեն դուրս մղել Ռուսաստանին Հարավային Կովկասից՝ Երևանին օգտագործելով որպես այդ նպատակին հասնելու միջոց: Ռուսաստանը՝ որպես Հայաստանի ամենամոտ հարևան և բարեկամ, մտադիր չէ հեռանալ տարածաշրջանից։ Այնուամենայնիվ, սա պետք է լինի երկկողմանի ճանապարհ: Հայաստանը նաև չպետք է Արևմուտքի գործիքը դառնա Ռուսաստանին դուրս մղելու համար»,- ասել է աղբյուրը։

Նա հավելել է, որ Ռուսաստանը Հայաստանի հետ հարաբերություններն անվտանգության և տնտեսության ոլորտներում դիտարկում է «ոչ թե որպես մի երկրի կախվածություն մյուսից, այլ որպես հավասար, փոխշահավետ և ապացուցված գործընկերություն»։

Հիշեցնենք, որ La Repubblica թերթին հարցազրույցում Փաշինյանն ասել էր՝ կարող է մի օր ուղղակի արթնանանք և տեսնենք, որ Ռուսաստանն այստեղ չէ:

«Ըստ էության, արդեն բավական երկար Ռուսաստանի Դաշնությունը մեր տարածաշրջանում է՝ Հարավային Կովկասում: Բայց մենք տեսել ենք իրավիճակներ, երբ մի օրում, մի ամսում կամ մի տարում ուղղակի Ռուսաստանի Դաշնությունը թողել և հեռացել է Հարավային Կովկասից: Օրինակ՝ հիմա շատ են Ռուսաստանի մեր գործընկերները խոսում այն մասին, որ արևմտյան երկրները Հայաստանի հետ աշխատում են կամ Հայաստանի կառավարությանը դրդում են, որպեսզի Հայաստանի կառավարությունը միջոցներ ձեռնարկի, որոնց նպատակն է՝ Ռուսաստանին դուրս մղել մեր տարածաշրջանից:

Բայց մենք Ռուսաստանի մեր գործընկերների հետ խոսելիս երբեմն ասում ենք, բարձրաձայնում ենք մեր կարծիքը և մեր գնահատականը, որ ընդհակառակը, մենք տեսնում ենք, որ Ռուսաստանը հենց իր կողմից ձեռնարկվող կամ չձեռնարկվող քայլերի բերումով ինքն է հեռանում տարածաշրջանից: Ի՞նչ պատճառներով, մենք դա չգիտենք: Մենք կարող ենք մեկնաբանություններ անել, բայց ես չեմ կարող պնդումներ անել: Ես կարող եմ վարկածներ առաջադրել, բայց հիմա չեմ անի դա: Բայց հասկանալի է, որ Ձեր նշած հարցը մեզ շատ է հուզում և հետաքրքրում, և դա նորություն չէ: Բայց կան պրոցեսներ, որոնք, իհարկե, հանգեցնում են այդպիսի մտքի, որ կարող է նույն սցենարը կրկնվել, որ մի օր ուղղակի արթնանանք և տեսնենք, որ Ռուսաստանն այստեղ չէ:

Նաև պիտի համաձայնվեմ Ձեր այն ձևակերպման հետ, որ Լաչինի միջանցքը, որ պետք է լիներ Ռուսաստանի խաղաղապահների հսկողության տակ, Ռուսաստանի խաղաղապահների հսկողության տակ չէ: Ինչո՞ւ: Կարող է երկու պատճառ լինել՝ կամ Ռուսաստանի Դաշնությունը չի կարողանում պահել հսկողություն Լաչինի միջանցքի նկատմամբ կամ չի ուզում: Երկուսն էլ մեր տեսակետից խնդրահարույց է», - ասել էր Փաշինյանը:
 
 

Մոսկվայում չափազանց դժգոհ են Ռուսաստանի մասին Փաշինյանի հրապարակային հայտարարություններից. ՏԱՍՍ