Ցավալի է, որ ԱՄՆ-ի նման կարևոր երկիրը ՀՀ-ում ներկայացված է նման արժեհամակարգ կրող դեսպանով․ Էդգար Ղազարյան
Ցավալի է, որ ԱՄՆ-ի նման երկիրը, որ կարևոր է և՛ աշխարհի, և՛ մեզ համար, Հայաստանում ներկայացված է նման արժեհամակարգ կրող դեսպանով։
Այս մասին լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինի այն հայտարարությանը, որ ՀՀ-ն ժողովրդավարության փարոս է տարածաշրջանում, ասաց հասարակական գործիչ Էդգար Ղազարյանը։
«Դեսպանի տեսակետը պետք է ընդունել որպես պետության տեսակետ և ինձ համար անհասկանալի է, թե ոնց կարող է աշխարհում ժողովրդավարության առաջամարտիկը հանդիսացող պետություններից մեկի ներկայացուցիչը այս ապօրինությունները, ՀՀ-ում իրականացված իշխանազավթումը դիտարկել ժողովրդավարության տեսանկյունից։
Ժոովրդավարությունը ինստիտուտներով է արտահայտվում, դրանք են` ազատ խոսքը, ընտրությունները, դրանց՝ բնակչության մասնակցությունը և այլն։ Դեսպանը գիտի՞, որ հանրային խորհուրդ սահմանադրական մարմինը, որը հանրային խոսքը իշխանություններին հասցնող սահմանադրական, ինստիտուցիոնալ համակարգ է, չի գործում։
Ժողովրդավարակա՞ն է, որ ընտրությունները տեղի են ունենում մենակ արտահերթ, դրա մասին որոշումը կայացնում է մի մարդ, ընտրություններում հաղթում է մի մարդ, այդ մարդը ունենում է մեծամասնություն, ինքն էլ լինում է իշխանության ղեկին»,- ասաց Էդգար Ղազարյանը։










