Դիլիջանում տեղի ունեցավ «Զբոսաշրջության» տարածաշրջանային համաժողով 2024»-ը (լուսանկարներ)

13:35 • 29.10.24

Հոկտեմբերի 26-27-ին Դիլիջանը հյուրընկալեց  Զբոսաշրջության տարածաշրջանային ֆորումը՝ նպատակ ունենալով խթանել զբոսաշրջության զարգացումը և նոր հնարավորություններ ստեղծել տարածաշրջանային համագործակցության համար: Ֆորումը ներկայացնում էր հագեցած օրակարգ, որը ներառում էր բազմաբնույթ քննարկումներ, նորարարական ելույթներ և պրոֆեսիոնալ երկխոսության հարթակներ:

Ֆորումն անցկացվում էր Green Rock-ի նախաձեռնությամբ՝ ՀՀ Էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի աջակցությամբ և տեղի ունեցավ Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում: Ֆորումի նպատակն է Հայաստանը դիրքավորել որպես տարածաշրջանում զբոսաշրջության և բիզնեսի առաջատար ուղղություն՝ խթանելով տարածաշրջանային համագործակցությունը, ռազմավարական զարգացումը և կայուն աճը: Համաժողովի հիմնական թեման է տարածաշրջանային համագործակցության հնարավորությունների ուսումնասիրությունը՝ կենտրոնանալով MICE (հանդիպումներ, համաժողովներ, ցուցահանդեսներ և ցուցադրություններ) զբոսաշրջության վրա։

Տարածաշրջանային զբոսաշրջության համաժողովի անդրանիկ քննարկմանն իրենց մասնակցությունն էին բերել պետական պաշտոնյաներ, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, տարբեր երկրներից ժամանած փորձագետներ և ոլորտի առանցքային խաղացողներ։

Միջոցառման բացման խոսքում ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Արման Խոջոյանը  նշեց Հայաստանում MICE զբոսաշրջության խթանման կարևորությունը ներկայիս աշխարհի զարգացումների պայմաններում՝ տարածաշրջանային համատեքստում, և ընգծեց, որ Հայաստանում ագրոտուրիզմը ևս պետք է դիտարկել որպես գործարար ճամփորդության հնարավոր զարգացման ուղղություններից մեկը։

Իր բացման խոսքում գործարար Վազգեն Գևորկյանը նշեց, որ Հայաստանի զբոսաշրջային բրենդավորման հարցը դեռ լիարժեք լուծված չէ։ Նա ընդգծեց բնապահպանական հարցերի կարևորությունը, ինչպես նաև ոլորտի ներդրումային գրավչության բարձրացման անհրաժեշտությունը։

«Թղթի վրա ստեղծված միջավայրը գրավիչ է, սակայն պետք է ուշադրություն դարձնել դրա կիրառմանը՝ ներդրողի համար դրա հարմարությանը: Լրացուցիչ աշխատանք կա՝ մասնավորապես Փի-Արի ոլորտում, անհատ գործարարների հետ շփումների գործընթացը բարելավելու և ներդրումների մթնոլորտը ներկայացնելու համար։ Արդյունավետ օրենքներ պետք է ընդունվեն և հնարավորինս արդյունավետ կիրառվեն», - հավելեց Վազգեն Գևորկյանը:

Ֆորումին ներկա ԱՄՆ ՄԶԳ Հարավային Կովկասի տարածաշրջանային զբոսաշրջության ծրագրի ղեկավար  Միշել Մաքքենզին իր բացման խոսքում ներկայացրեց  MICE զբոսաշրջության առանձնահատկություններն ու զարգացման միտումները, ինչպես նաև նոր ի հայտ եկած տերմինի՝ «bleisure» բացատրությունը, որը բիզնեսի և հաճույքի համադրությունն է։

ԱՄԷ-ից հյուրընկալության ոլորտի փորձագետ Աբդուլսալեմ Քայալին Հայաստանում առաջին անգամ էր։ Քայալին Հայաստանի զբոսաշրջային գրավչությունների թվում նշեց չափազանց համեղ սնունդը, երկրի բնակլիմայական պայմաններն ու տեսարժան վայրերով հարուստ լինելը։ Նա նաև շեշտեց, որ Հայաստանը ԱՄԷ գործարարների համար ունի ներդրումային գրավչություն։ Քայալին կարևորեց նաև Հայաստանի մասնակցությունը զբոսաշրջային ցուցադրություններին որպես ճանաչելիության ապահովման գրավական։

Իտալիայից ժամանած «Ապրիցիուս» միջազգային հյուրնկալության դպրոցի հյուրընկալության մենեջեր, տուրիզմի փորձագետ Սալվատորե Պրոկոպիոն նույնպես տպավորված է հայերի ջերմությամբ, որը շատ նման է իտալականին։

«Պիտի հիշեք, որ չափազանց կարևոր է անվերջ ու անընդհատ խոսել ձեր մասին, որպեսզի դառնաք ճանաչելի», - ասում է նա։ Կարևոր մարտահրավերներից Պրոկոպիոն հատկապես նշում է ոլորտի գրավչությունը երիտասարդ աշխատակիցների համար պահպանելը։

Ֆորումի ընթացքում նախատեսված պանելային քննարկումները՝ «MICE զբոսաշրջությունը տարածաշրջանում․ զարգացման հնարավորություններ», «Նորարարություններ և ներդրումային հնարավորություններ MICE զբոսաշրջության ենթակառուցվածքների և ծառայությունների մեջ» թեմաներով, ընթացան թեժ մթնոլորտում։ Պանելային քննարկումներին մասնակցում էին ՀՀ Էկոնոմիկայի նախարարության, Զբոսաշրջության կոմիտեի, Ներդրումների աջակցության կենտրոնի ներկայացուցիչներ և միջազգային գործընկերներ։ Մինչև աշխատանքային օրվա ավարտը լեփլեցուն դահլիճում հնչեցին նորարարական գաղափարներ ու զարգացման հեռանկարների շուրջ ընթացան ակտիվ քննարկումներ։

Ֆորումի առաջին օրվա ընթացքում մասնակիցները վայելեցին հայ դիզայներների բացառիկ աշխատանքները՝ ներկայացված Նորաձևության և դիզայնի պալատի կողմից, ինչպես նաև խաչքարագործության և գորգագործության արվեստի նմուշներ։

Զբոսաշրջության տարածաշրջանային համաժողովի երկրորդ օրը նվիրված էր կլոր սեղանի շուրջ ոլորտի խնդիրների քննարկմանը։ Մասնակիցների  թվում  էին ոլորտը  կարգավորող մարմնի, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, փորձագետներ, ոլորտի առաջատար մասնակիցներ։ Քննարկման առանցքային թեման  MICE զբոսաշրջության զարգացման խոչընդոտները, հնարավորություններն ու հեռանկարներն էին։ Կլոր սեղան քննարկումը դարձավ բացառիկ հարթակ պետական և մասնավոր սեկտորների երկխոսության համար։

Ամփոփելով հանդիպումը՝  մասնակիցները ևս մեկ անգամ ընդգծեցին ռազմավարության և գործողությունների պլանի ընդունման  և դրան հստակ հետևելու կարևորությունը։ Առանձնակի շեշտվեց կանոնավոր հանդիպումների միջոցով պետություն – ոլորտի դերակատարներ երկխոսության շարունակականության ապահովումը, որոնց ընթացքում վերհանվում են խնդիրներ։

Զբոսաշրջության տարածաշրջանային համաժողովի քննարկումներն ու ելույթները կձևավորվեն փաստաթղթի տեսքով և կներկայացվեն համապատասխան մարմիններին՝ բարձրացնելու համաժողովի գործունեության արդյունավետությունը: