Կրթել և ստեղծել մնայուն արժեքներ․ Երեմյան ակադեմիան զարգացնում է խոհարարության և հյուրընկալության ոլորտը (տեսանյութ)

10:57 • 13.12.24

Երեմյան ընկերությունների խումբը 2019 թվականին Հայաստանում հյուրընկալության և խոհարարության բնագավառում հանդես եկավ կրթական և ոլորտի համար հեղափոխական նախաձեռնությամբ։ Հիմնվեց «Խոհարարական արվեստի և հյուրընկալության Երեմյան Ակադեմիան», որն իր 5-ամյա գործունեությամբ այսօր բարձր մասնագիտական մակարդակի է հասցրել ոլորտային կրթությունը Հայաստանում, ներդրել միջազգային փորձը և ստանդարտները, փոխել մի շարք մասնագիտությունների հանդեպ հասարակական ընկալումները, դրանք դարձրել պահանջված և մրցունակ։ Ակադեմիան որակական ազդեցիկ բարեփոխումների է ենթարկել ռեստորանային բիզնեսում խոհարարության և հյուրընկալության համակարգը, այն դիտարկել Հայաստանի գաստրոզբոսաշրջության զարգացման համատեքստում։

Այս ճանապարհին ակադեմիան ընդլայնել է իր կրթական ուղղությունները և  համագործակցելով Մեծ Բրիտանիայի City of Oxford քոլեջի հետ՝ մշակել 65 ծրագրեր։ Այդ ծրագրերի շուրջ 2000 շրջանավարտների 90 տոկոսը ոլորտ են վերադարձել բոլորովին նոր մրցունակությամբ։

Ակադեմիայի խոհարարական ծրագրերի ղեկավար, շեֆ-խոհարար Կարեն  Խաչատրյանն ընդգծում է, որ ակադեմիայում ներդնում է իր 20-ամյա մասնագիտական փորձառությունը ոլորտը կատարելագործելու և բարձրակարգ մասնագետներ պատրաստելու համար։ «Ակադեմիան հնարավորություն տվեց իրականություն դարձնել բազմաթիվ մտքեր և խենթ գաղափարներ՝ շնորհիվ նորարարական ու առաջադեմ տեխնոլոգիաներով հագեցած և կահավորված խոհանոցների և, իհարկե, ինձ ընձեռված ստեղծագործելու ազատության»,-նշում է Կարեն Խաչատրյանը։

Շրջանավարտ, շեֆ-խոհարար Մարինե Զատիկյանն ընդգծում է, որ ակադեմիան կրթական մեծ հիմք է հանդիսացել, որի շնորհիվ նա կարողանում է արդյունավետ ղեկավարել իր սրճարանը և դրսևորել ղեկավարի լավագույն հատկանիշները։

«Պրոֆեսիոնալ շեֆերի հետ աշխատելով` ոչ միայն շատ լավ գիտելիքներ ես ստանում, շրջապատ ձեռք բերում, այլև գտնում ես քո իրական կոչումը։ Որքան ուժեղների հետ ես շփվում, այդքան ավելի ես ուժեղանում։ Ակադեմիան ինձ մոտիվացիա տվեց խոհանոցում, որ անընդհատ սովորեմ, զարգանամ, առաջ գնամ։ Այժմ իր գիտելիքները ծառայեցնում եմ ոլորտին, բերում այն աշխարհայացքն ու տարբերվող մշակույթը, որ ստացել եմ ակադեմիայում»,- նշում է շրջանավարտ Դավիթ Մեհրաբյանը։

«2019 թվականին իմ կյանք մտավ Երեմյան ակադեմիան և այն բաժանեց երկու մասի՝ մինչ ակադեմիան և ակադեմիայից հետո։ Այսօր ակադեմիան մի տեղ է, որտեղ ես ամեն օր բացահայտում եմ իմ տաղանդը»,- շեշտում է շեֆ-հրուշակագործ Ռոզա Խաչատրյանը, որը, ի դեպ, Երեմյան ընկերությունների խմբի կողմից ստեղծված «Թեժ խոհանոց» նախագծի 2019 թվականի կիսաեզրափակչի մասնակից է եղել։

5 տարում ակադեմիան ձեռք է բերել կայուն համագործակցություններ շուրջ 40 տեղական ու միջազգային կազմակերպությունների հետ, ձևավորել գործընկերային ամուր հարաբերություններ ու փոխվստահություն: «Ընդամենը 5 տարվա ընթացքում ակադեմիան հասել է մասնագիտական գերազանցության և դարձել խոհարարական արվեստի օրինակ Հայաստանում»,- ընդգծում է Հայաստանում Իսպանիայի Թագավորության դեսպանության գրասենյակի գործերի ժամանակավոր հավատարմատար Քրիստինա Կոնեսա Սանչոն։

ԱՄՆ դեսպանատան հասարակայնության հետ կապերի բաժնի տնօրեն Ջենիֆեր Մքէնդրյուն կարևորում է այն հանգամանքը, որ ակադեմիան նաև զարգացնում է  բոլորովին նոր ուղղություն Հայաստանում՝ խոհարարական դիվանագիտությունը, որը մտերմացնում է պետություններին, ժողովուրդներին, մարդկանց։

Երեմյան ակադեմիան 2025 թվականին նոր թափով է շարունակելու իր գործունեությունը՝ միավորելով խոհարարության ու հյուրընակալության բոլոր սիրահարներին որակյալ կրթությանը, նպաստելով մասնագիտական կարիերայի աճին, ինչպես նաև աջակցելով Հայաստանի ոլորտային զարգացմանն ու դիրքավորմանը խոհարարական աշխարհի բարձրակարգ կրթության քարտեզին։

Երեմյան ակադեմիայում բոլոր հաջողությունների ետևում մարդկային երազանքներն են։ Այդ երազանքները կիսելու և ոգեշնչվելու համար ակադեմիայի մասին պատմող ֆիլմը պարտադիր դիտելու ֆիլմերի շարքից է։ Դիտեք այն ակադեմիայի հաջողությունները կիսելու և դրանց մասնակիցը դառնալու համար։