«Հարաբերություններում կարևոր է, որ նա քեզ բարձրացնի, ոչ թե հակառակը». Եվա Զոհրաբյանը՝ սիրելիի հետ հարաբերությունների և մասնագիտական ուղու մասին

16:02 • 09.05.18

 

Երիտասարդ դերասանուհի Եվա Զոհրաբյանը, ով այժմ հեռուստադիտողին ներկայանում է «Ոսկե դպրոց» սիթքոմում, դերասանական քայլերը սկսել է գեղարվեստական ֆիլմում նկարահանվելով, որն առայժմ մեծ էկրաններ չի բարձրացել: Կինոռեժիսոր Լուսինե Սարգսյանի «Թափանցիկ տանիքներ» գեղարվեստական ֆիլմով ճանապարհը սկսած դերասանուհին Tert.am Life-ի հետ զրույցում խոսել է մասնագիտական ճանապարհի, այլազգի արմատներ ունենալու, ընտրյալի հետ հարաբերությունների և այլ հարցերի մասին:

 

Եվան պատմեց, որ մայրական կողմից ռուսի, հայրական կողմից լեհի արմատներ ունի: Դերասանուհու մայրիկի երկու տատիկներն էլ ազգությամբ ռուս են: Ինքը` Եվան, ծնվել է Լեհաստանում, երկար տարիներ ապրել է Ռուսաստանում, բայց, ինչպես ինքն է նշում, միշտ ձգտել է հայրենիք վերադառնալ:

 

«Գիտեք, անգամ եթե ծնվում ես այլ երկրում և երկար ժամանակ ապրում ես հայրենիքիցդ հեռու, միևնույն է,  միշտ ձգտում ես դեպի տուն: Ասում են, որ հայկական գենը չի խախտվում, անգամ, եթե ամուսնանում ես այլազգի մարդու հետ։ Կարծում եմ` դա ճիշտ է: Չնայած երակներումս մի քանի ազգի արյուն է հոսում, հայկական արյունն ամենաուժեղն է: Երբ շրջագայում էի տարբեր երկրներով, տեսնում աշխարհի ամենագեղեցիկ վայրերը, շփվում տարբեր ազգի մարդկանց հետ, միևնույն է, համոզվում էի՝ իմ հայրենիքը, իմ ազգը ամենալավն է,- ասաց Եվան ու ընդգծեց հայ երիտասարդության դերը մեր հասարակության մեջ,– Սիրում եմ մեր երիտասարդությանը,  իմ հասակակիցներին: Երջանիկ եմ, որ իմ սերունդը հաղթանակած սերունդ է»:

 

 

 

Դերասանուհին ավարտել է Թատերական ինստիտուտը, այժմ խաղում է Տիկնիկային և Պատանի հանդիսատեսի թատրոններում: Եվան նշեց, որ կարևորում է մասնագիտական կրթություն ստանալը. «Հենց սովորելու ընթացքում ես սկսում ճանաչել մասնագիտությունը, քեզ` մասնագիտության մեջ, բայց կարևոր է, որ այդ կրթությունը լինի ճիշտ, որովհետև մեր մասնագիտության մեջ չկան թեորեմներ: Մեր մասնագիտությունն ինքնաճանաչողություն է, մենք բոլորս էլ տարբեր ենք: Իհարկե, շատ կարևոր է, որ այդ կրթությունը լինի համահունչ այսօրվան, ժամանակակից: Կարծում եմ, որ տաղանդավոր մարդիկ շատ են, սակայն քչերն են, որ կարող են իրենց մասնագիտության մեջ խոսել «դու»-ով, ոչ թե «դուք»-ով: Գիտեք, լինում են դերասաններ, որոնք ունեն կրթություն, բայց չկրթված դերասաններից ավելի դիլետանտ են: Ամեն դեպքում, կան մարդիկ, որոնք կրթություն չեն ստացել, բայց ինքնակրթությամբ են զբաղվել, ինչը նույնպես շատ կարևոր է: Ինչպես կասեր Ալբերտ Էյնշտեյնը` Կյանքում ամեն բան հարաբերական է»:

 

«Ոսկե դպրոց» սիթքոմում Եվան մարմնավորում է Անիին, ով, ի տարբերություն մյուս հերոսների, հումորային նախագծում համեմատաբար հուզական ու էմոցիոնալ աղջնակ է: Դերասանուհին նշեց, որ հերոսուհին իրեն այնքան էլ նման չէ, ինչը մասնագիտական տեսանկյունից օգնում է ճիշտ խաղ ցուցադրել: 

 

«Եթե անկեղծ, ուրախ եմ, որ մարմնավորում եմ հենց Անիի կերպարը, որովհետև նա ինձ նման չէ: Հեշտ է խաղալ մի բան, ինչը մոտ է քեզ, ավելի բարդ է մարմնավորել մի կերպար, ում սկզբունքները և էությունը, ապրելակերպն ու աշխարհայացքը նման չեն քեզ: Անին նման է Եվային այնքանով, որ երկուսիս մեջ էլ երեխա կա, երկուսս էլ սիրո համար պատրաստ ենք ամեն բանի»,-ասաց նա:

 

 

 

Դերասանուհին նշեց, որ սիթքոմի բոլոր խաղընկերներին շատ է սիրում, մտերիմ է նրանց հետ: Անդրադառնալով մասնագիտական գործունեության մեջ ունեցած սկզբունքներին՝ Եվան նշեց, որ չի նկարահանվում բաց տեսարաններում:

 

Դերասանուհին նաև որպես մոդել է հանդես եկել՝ նկարահանվելով ընկերուհու՝ դերասանուհի, դիզայներ Արևիկ Գևորգյանի հեղինակած հագուստի հավաքածուի ֆոտոշարքում: Եվայի խոսքով` մոդելինգով հետաքրքրված չէ. «Մոդել լինելը պարզապես փորձ էր ինձ համար: Հաճելի է, իհարկե, բայց իմը չէ»:  

 

Դերասանուհին նշեց, որ նորաձևության միտումներին հետևում է և սիրում է ոճային հագնվել։ «Սիրում եմ, երբ կինը լինում է ոճային, խնամված: Ես դա կարևորում եմ: Հագուստը և առհասարակ, ոճը շատ բան է ասում մարդու էության մասին: Գուցե արտաքին գործոն է, բայց շատ մեծ կապ ունի մարդու ներաշխարհի հետ: Ես սիրում և գնահատում եմ գեղեցիկը»,– ընդգծեց նա։

 

 

Դերասանուհուց նաև հետաքրքրվեցինք, թե ո՞րն է ժամանցի իր նախընտրելի տարբերակը։ Եվայի պատասխանը կոնկրետ էր. «Ֆիլմ, թեյ և նա»: Անձնական կյանքի մասին խոսել նա չի սիրում, թեև չի թաքցնում, որ ընտրյալ ունի՝ ինստագրամյան իր էջում իրենց համատեղ լուսանկարները հրապարակելով:

 

Հարցին` ո՞ր ոլորտից է ընտրյալը, արդյոք իրեն ոգևորում է մասնագիտական գործունեության մեջ, Եվան այսպես պատասխանեց. «Սիրում եմ լուռ սիրել: Իհարկե, ոգևորում է:  Սերը միշտ է ոգևորում»:

 

Դերասանուհին նշեց, որ ընտրյալի հետ հարաբերություններն օրինականացնել առայժմ չեն պատրաստվում։ «Ուզո՞ւմ ես ծիծաղեցնել Աստծուն, պատմիր նրան ծրագրերիդ մասին։ Երբեք չեմ պլանավորում»,– նկատեց նա։

 

Եվայի խոսքով` կին-տղամարդ հարաբերություններում և, առհասարակ, կյանքում, շատ է կարևորում անկեղծությունը։ «Հարաբերություններում կարևոր է, որ նա քեզ բարձրացնի վեր, ոչ թե հակառակը: Գուցե, վերացական է հնչում, բայց սիրահարված և սիրող մարդիկ ինձ կհասկանան»,- եզրափակեց դերասանուհին:

 

 

«Հարաբերություններում կարևոր է, որ նա քեզ բարձրացնի, ոչ թե հակառակը». Եվա Զոհրաբյանը՝ սիրելիի հետ հարաբերությունների և մասնագիտական ուղու մասին