«Չպետք է մոռանաս` ով ես եղել». Դիանա Մալենկոյի անկեղծ զրույցն իր կյանքի մասին
Աղջիկ, որի գլխում միշտ երաժշտություն կա, անկախ նրանից` իրականում այդ պահին երաժշտություն հնչում է, թե ոչ։ Ժամանակին նա ամենուր զգում էր, թե իրեն նկարահանում են, կինոյի աղջիկն է, հիմա այդ զգացողությունը կորել է, կինոյի հանդեպ սերը` ոչ։ Չիրականացած երազանքն էլ կինոյի հետ է կապված։
Նա վախենում է բաց թողնել կարևորը, մարդկային կորստից ու արհեստական ինտելեկտից, անսահման սիրում է կյանքն ու փորձում ամենուր նկատել գեղեցիկը։
Tert.am Life–ի «Ինքս ինձ հետ» շարքի շրջանակում անկեղծացրել ենք դերասանուհի, հաղորդավարուհի Դիանա Մալենկոյին։ Դերասանուհու հետ մեր զրույցը սկսվեց սուրճով, շարունակվեց գինով և ավելի ու ավելի անկեղծացավ։ Դիանան ասում է` հիմա մի հոգեվիճակում է, երբ ոչինչ չգիտի, պատասխանների փնտրտուքների մեջ է։ Հենց այդտեղից էլ սկսեցինք զրույցը։
Մեկուսացել եմ. մինչև ինքդ քեզ չբզկտես, չես գտնի ճանապարհները
Շփվող ու կեսուրախ Դիանան ասում է` հնարավորության դեպքում 1 տարի կլռեր, կուսումնասիրեր աշխարհն` իմաստնանալու համար։ Թեև նա շարունակում է լինել ընկերական ակտիվ միջավայրերում, հիմա ավելի շատ ժամանակ ինքն իր հետ է անցկացնում։ «2 տարի առաջվա համեմատ հիմա ավելի շատ իմ աշխարհում եմ ապրել, կտրվել եմ արտաքին աշխարհից,– ասաց նա, միաժամանակ շեշտեց` արտաքին աշխարհի հետ կապը կորցնելու մտավախություն չունի,– անհնար է։ Ես այս աշխարհը շատ եմ սիրում։ Պարզապես երբեմն ինքդ քեզնից ես ձանձրանում։ Մարդն առաջին հերթին իրեն պիտի սիրի, որպեսզի աշխարհը սիրի։ Երբ ինքդ քեզնից ձանձրացրած ես, աշխարհը չի կարող հետաքրքիր լինել։ Առաջ մտածում էի` արտաքին աշխարհի ազդեցությամբ կարող ես ճանապարհներ գտնել, հիմա հակառակը` մտածում եմ, որ մինչև ինքդ քեզ հետ մենակ չմնաս, փորձություններով չանցնես, չբզկտես քեզ, չես գտնի ճանապարհները»։
Վերջին շրջանում հաղորդավարուհին քիչ է հարցազրույցներ տալիս, եթե աշխատանքային նորություն չունի։ Սրտնեղում է, որ բոլորը խոսում են և ոչ ոք չի հարցնում` ում է դա հետաքրքիր։ Խոստովանում է, որ մեր հարցազրույցին էլ լավ տրամադրությամբ համաձայնեց, հետո սկսեց մտածել, իսկ ի՞նչ է խոսելու։ «Հնարավորության դեպքում կնախընտրեի գոնե 1 տարի լռել, որովհետև չգիտեմ՝ ինչ խոսեմ։ Սա է ներկայիս հոգեվիճակս։ Հիմա գլխումս անընդհատ պտտվում է միտքը, որ ոչինչ չգիտեմ։ Երևի տարիքից է։ Դու պատանեկան տարիքից սկսում ես բացահայտել աշխարհը, մարդկային տարբեր տեսակների հանդիպել, նորություններ տեսնել, հետո գալիս է կյանքի մի շրջան, երբ հասկանում ես, որ հազարամյակներ շարունակ աշխարհում նույնն է կատարվում, ձևն է ուրիշ։ Ուզում ես հասկանալ` այդ շրջապտույտի մեջ որն է քո դերը։ Երևի դա ամենաբարդ կռիվն է, որը մինչև կյանքի վերջ ուղեկցում է քեզ։ Ինքս իմ ձեռքը խելագարվում եմ,– ասաց հաղորդավարուհին, ապա նկատեց, որ պարբերաբար դատարկվելու փուլ է գալիս, որը լցնելու համար սկսում է շատ ֆիլմեր դիտել,– Ամբողջ օրը կինո եմ նայում։ Այս ընթացքում 2 գիրք եմ կարդացել, բայց կինոն անընդհատ է»։
Ժամանակին Դիանան ավելի ակտիվ էր սոցցանցերում, որտեղ գրում էր նաև իր մտքերը, հիմա` ոչ, նրա համար խոսքն արժեզրկվել է։ «Իմ Մհերը (նկատի ունի սիրելիին, հեղ.) ինձ կարևոր բան է սովորեցրել` լռել։ Այն ժամանակ դա ինձ համար տարօրինակ էր, հիմա հասկացել եմ, որ լռելու մեջ այնքան ուժ կա, որը չկա խոսելու մեջ։ Մեծ հաշվով կյանքիդ ընտրությունները ուշադիր ու նրբանկատորեն ես անում, բայց խոսելու մեջ մարդիկ այդպիսին չեն, նրբանկատ չեն խոսքի մեջ։ Մարդիկ լսելու ունակություն չունեն։ Ամեն մեկն ուզում է իրենից խոսել, դա ներվայնանում է, բայց ամենավատն այն է, որ ինքս ինձ եմ բռնացնում դրա վրա։ Ընթերցողը կարող է կարդալ ու մտածել` չէ, ես լսում եմ, բայց երբ ուշադիր լինի, կհասկանա, որ սուտ է»,– վստահ է նա։
Կինոյի աղջիկն ու նրա «կուրիոզ» կյանքը
Դիանան հին կինոման է, լավ ֆիլմերի պաշարը քիչ-քիչ սպառում է, դժվարությամբ է հետաքրքիր նոր ֆիլմեր գտնում, բայց լինում են ֆիլմեր, որոնք տպավորում են իրեն։ Հաճույքով կրկին դիտում է սիրելի ֆիլմերը։ Ասում է` միասեր է ամեն հարցում։
Ժամանակին Դիանան իրեն զգում էր կինոյի աղջկա դերում, մտքում էլ միշտ երաժշտություն էր հնչում։ Ասում է՝ հիմա ավելի քիչ է իր կինոյում։ Այնուամենայնիվ, վստահ է` իր կյանքի մասին ֆիլմը հետաքրքիր կլիներ, ասում է` կուզեր լավ կինոյի աղջիկ լինել, թեև իրենից հետաքրքիր կյանքով ապրող մարդիկ էլ կան։ Դիանան վստահ է` յուրաքանչյուրի կյանքը տրագիկոմեդիա է, ամեն ոք ունի իր կյանքի դրաման և կոմեդիան։ «Իմ կյանքը դեռ «տրագիի» չի հասել, դա շատ ծանր է հնչում։ Դեռ դրամայի և կոմեդիայի միքս է։ Իմ կյանքի պատմությունը շատ հետաքրքիր կլիներ։ Հաճախ են լինում պահեր, երբ մտածում եմ, տեսախցիկ լիներ, այս ամենը նկարահանվեր»,– ասաց Դիանան։
Դերասանուհուց հետաքրքրվեցինք, թե կյանքի որ դրվագում է թաքնված իր կյանքի դրաման. «Իմ կյանքի դրաման իմ մեջ է թաքնված։ Կարծում եմ` յուրաքանչյուր մարդու դրամա միայն իր մեջ է թաքնված։ Յուրաքանչյուրի կյանքը հենց տրագիկոմեդիա է։ Մեկի մոտ մի քիչ շատ «տրագին», մյուսի մոտ` «կոմեդիան»։ Ուղղակի կան «կուրիոզ» կյանքեր, դա էլ մարդուց է գալիս։ Իհարկե, ավելի հետաքրքիր կյանք ունեցող մարդիկ կան, բաց իմն էլ վատը չէ»։ Իր դրական էներգիայի մեջ էլ Դիանան, երբեմն, սթրեսային է լինում։ Ասում է` այդպիսի շրջանները քիչ չեն. «Մեջս միշտ ներվ կա, որը երբեմն խանգարում է, հետո մտածում եմ, որ գուցե դա է, որ քեզ լարված է պահում»։
Պիտի այնպիսի քայլ անես, որ չզզվես ինքդ քեզնից
Դիանայի պատանեկության չիրականացած երազանքն է լավ կինոներում նկարահանվելը, արտերկրում լավ ռեժիսորների հետ աշխատելը։ «Սա այն փուլի երազանք է, երբ արդեն բռնել էի մասնագիտական ուղիս։ Երազում եմ նկարահանվել Սորենտինոյի ֆիլմերից մեկում, թեկուզ մասսայական տեսարանում։ Չէ, լավ, դա խաբեցի, թեկուզ փոքրիկ սիրուն կերպարով։) Երազում եմ կինոյի մեջ մնալու մասին։ Ուզում եմ սերունդներ հետո ասեն` էն ժամանակ մի դերասանուհի կար` Դիանա Մալենկոն, այս կինոյում է խաղացել, թույն կինո է»,– իրեն բնորոշ էնտուզիազմով ասաց Դիանան։
Իր երազանքի հետևից արտերկիր կգնա՞, թե՞ ոչ, ինքն էլ չգիտի։ Դա այդքան էլ հեշտ որոշում չէ։ «Այնքան եմ մտածում երազանքիս հետևից դուրս գնալու մասին։ Կարծում եմ` 50/50 բոլորիս մոտ կա միտքը, որ դրսում ավելի մեծ հնարավորություններ կան, հետո մտածում ես, բայց ո՞ւր գնամ, ես այստեղ եմ ծնվել, սա է իմը»։
Չնայած կինոյի մասին իր երազանքը չի իրականացել, Դիանան ասում է` իր կյանքն ինչ–որ առումով համապատասխանում է իր մանկության երազանքներին։ Դերասանուհին համարում է, որ երազանքներն իրականացնող տեսակ է, բայց նպատակը կամ երազանքը չի արդարացնում միջոցները. «Մինչև այս պահն որոշակիորեն իրականացրել եմ երազանքներս, թե հետո ինչպես կլինի, կտեսնենք։ Կարևոր է, որ երազանքներդ և նպատակներդ պիտի իրականացնես ճանապարհին չկորցնելով մարդ լինելդ։ Մի քայլ անելուց հետո պիտի չզզվես ինքդ քեզնից ու գիշերը հանգիստ սրտով պառկես քնելու»։
Վերջերս հաղորդավարուհին իրականացրել է իր նվիրական երազանքներից մեկը` տուն է գնել։ «Երազում էի տուն ունենալու մասին, նախորդ տարի ունեցա, իհարկե, դեռ վարկ պետք է փակեմ։) Կյանքն էլ է հիփոթեքով դարձել։ Դա իսկապես երազանք էր մեր ամբողջ ընտանիքի համար։ Քանի որ մենք Դիլիջանից ենք, մեր տունն այնտեղ է։ Երկար տարիներ Երևանում չէինք կարողանում տուն ձեռք բերել, որովհետև բանկերի առաջարկած պայմանները խայտառակ են։ Միջին վիճակագրական մարդը չի կարող անել այդ ներդրումները»,– ընդգծեց նա։
Ֆինանսական կայունություն եմ ձեռք բերել
Տարիների աշխատանքի արդյունքում Դիանան ձեռք է բերել ֆինանսական կայունություն։ Նա նկատեց, որ հոնորարներն աճել են, չի դժգոհում, միաժամանակ գոհ չէ, որովհետև մարդը միշտ ուզում է ավելին։ «Սովորում ես ուրիշ ծախսի։ Միշտ պետք է ձգտես առաջ։ Վատ է, երբ բավարարվում ես։ Իմ աշխատանքով կյանքում շոշափելի փոփոխություն բերելն առաջին անգամ զգացի, երբ մեքենա գնեցի։ Իհարկե, դա ավելի փոքր ներդրում էր… Տան դեպքում դու հասակում ես, որ թեկուզ դժվարությամբ, բայց կարողանում ես քեզ ֆինանսապես կայուն պահել քո երկրում»,– նկատեց նա։
Աշխատել Դիանան սկսել է 13-14 տարեկանից։ Մինչև հեռուստատեսություն հասնելը բուկլետ է բաժանել, տարբեր աշխատանքներ արել։ Դա նրան սովորել է աշխատել ու վաստակել սեփական կարիքները հոգալու համար։
«Երբեք չեմ փոշմանել դրա համար։ Այդ տարիքում էլ չէի կոմպլեքսավորվում։ Դա ինձ համար արկած էր։ Ուզում էի հետաքրքրություն, իմ սեփական գումարն աշխատել։ Բնականաբար, ունեի նաև աշխատելու խնդիր, բայց առաջնահերթ ինձ համար արկած էր մեծ կյանք մտնելն ու գումար աշխատելը։ Այդ ամենն ինձ այնքան բան է սովորեցրել։ Դա ինձ տվել է ֆինանսական և մտածելակերպի ազատություն, կայունություն, խլել է այդ տարիքին համապատասխան կյանքը, որն ունեցել են իմ հասակակիցները։ Ես կուզեի ավելի բուռն անցկացրած լինեի դպրոցական, ուսանողական տարիներս, բայց ինձ մոտ միշտ ավելի բուռն ու վառ անցել են աշխատանքային տարիները»,– ասաց նա։
Փոքր տարիքից աշխատելուն Դիանայի ծնողները դեմ չեն եղել։ Հաղորդավարուհին շնորհակալ է ծնողներին այն ազատության ու վստահության համար, որ ստացել է. «Ծնողներս, իհարկե, ունենում էին իրենց մտավախությունը, բայց մերոնք խելացի են, կարողացել են և՛ ազատություն տալ, և՛ վստահել, և՛ պատասխանատու լինել իրենց տված ազատության համար։ Իհարկե, մաման միշտ ընկերուհի է, պապայից ավելի ես վախենում, բայց պապաս էլ է հասկացող եղել և օգնել։ Բնականաբար, ծնողդ անհանգստանում է, ծանր է տանում, երբ աշխատանքից ուշ ես տուն վերադառնում, բայց դա մեր տանը երբեք կոնֆլիկտ չի դարձել։ Մեր ընտանիքում կա փոխհասկացություն»։
Հեռուստատեսություն մտնելս բեկումնային դարձավ իմ կյանքում
«Եթե 14 տարեկանում չհայտնվեի հեռուստատեսությունում, միանշանակ ուրիշ տեսակ կլինեի»,– վստահ է Դիանան, որը, իհարկե, ուներ իր տեսակն ու բնավորությունը, սակայն միջավայրը շատ բան է սովորեցրել։ Ասում է` փոքր ժամանակ մտածում էր Միջազգային հարաբերությունների բաժնում սովորելու մասին։ Այդ ուղղությամբ գնալու դեպքում այլ մարդ կլիներ, հետո ավելացնում. «Շատ հետաքրքիր ոլորտ է, բայց պարզ է, չէ՞, որ իմը չի»։
Տարբերվող ու վառ հագուկապ, համարձակ սանրվածք, կտրուկ փոփոխություններ. սրանք բնորոշիչներ էին դեռահաս Դիանայի համար, որը սիրում էր աչքի ընկնող արտաքին ունենալ։
«Իմ կյանքում կար փուլ, երբ բոլորից տարբերվելու ձգտում ունեի։ Կարծում եմ` բոլոր աղջիկներն էլ պատանեկան տարիքում ուզում են տարբերվել, աչքի ընկնել, ուղղակի կան մարդիկ, որոնք դա ցույց են տալիս և մարդիկ, որոնք քողարկում են դա։ Ես չեմ կենտրոնացել` քողարկել, թե ցույց տալ դա։ Միշտ սիրել եմ հետաքրքիր հագնվել, դա նաև գործով է պայմանավորված, բայց դրան սկսում ես կարևորություն չտալ։ Այլևս չեմ ուզում աչքի ընկնել, երևի մեծացել եմ։ Վերջերս էլ սանրվածքային կտրուկ փոփոխություն արեցի, բայց տարբերվելու խնդիր չունեի։ Հիմա ինձ այլ հարցեր են հուզում։ Որքան ապրում ես, ավելի լուրջ խնդիրներ են ի հայտ գալիս,– ասաց Դիանան ու հավելեց, որ այժմ այլ առաջնահերթություններ ունի` սովորել ինչպես մասնագիտության մեջ, այնպես էլ կյանքում։ –Կուզեի ավելի շատ գիտելիք և լեզուներ ունենալ։ Փորձում եմ լրացնել բացը։ Ես ձանձրացել եմ իմ գիտելիքներից, նույն ուղղությամբ մտքերից։ Ուզում եմ նոր բաների մասին մտածել։ Գալիս է պահ, երբ ինձ կորցնում եմ, ուզում եմ նոր բաներ իմանալ, ժամանակի ընթացքում լրացնում եմ բացը, անցնում առաջ։ Հիմա պրպտելու փուլն է։ Երևի, անհամբերությունն է խոսում մեջս, ինչպես միշտ»։
Պատանեկության տարիքում հեռուստատեսություն մուտք գործած և վաղ տարիքում ինքնուրույնություն ձեռք բերած Դիանան չի սահմանափակում իր ազատությունը, բայց խոստովանում է` հասարակությունն իր կարծիքը թելադրում է։ Երբ հանրային միջավայրում է, իր ազատության սահմանները գծում է հասարակությունը, երբ ընկերների միջավայրում է, ինքը։ «Լինես հայտնի, թե ոչ, հասարակությունն ազդում է քեզ վրա, բայց հայտնի լինելու դեպքում ավելի զգույշ ես։ Միևնույն է, վախենում ես քննադատված լինել։ Հարցը բուն քննադատությունը չէ, ինքս իսկապես հաշվի եմ առնում կարծիքները։ Եթե տեղ կա, պիտի քննադատեն, բայց այդ ամենն այնքան շատ է, որ մարդիկ կարծես կորցրած լինեն իրականության զգացումը` բոլորը խոսում են, կարծիք հայտնում, սովորեցնում իրար»,– ասաց Դիանան։
Թատերականից դուրս մնացի, որովհետև «արխային» էի
Չնայած զրույցի ընթացքում Դիանան ասաց, որ կարևորում է սովորելը ու հիմա ամենից շատ ուզում է գիտելիքը լրացնել, ժամանակին նա դուրս մնաց Թատերական ինստիտուտից ու առայժմ չի վերականգնել ուսման հնարավորությունը։
«Շատ կուզեի դասի գնացած ու ավարտած լինել ինստիտուտը։ Առաջին 2 տարին դասի գնացել եմ, անվճար ընդունվել եմ, անվճար էլ սովորել։ Հետո սկսեցի չգնալ դասերին և դուրս մնացի։ Մտածում եմ վերականգնվելու մասին, բայց չգիտեմ` ինչի եմ սպասում։ Երբ աշխատանք ես ունենում, բարդ է վերադառնալ ուսումնական պրոցեսի։ Զգում եմ բացը ու չգիտեմ` ինչի եմ սպասում։ Հասկանում եմ, որ եթե հիմա չանեմ, հետո ավելի բարդ է լինելու։ Միաժամանակ, այս փուլում չեմ կարող, որովհետև առավոտյան եթերի եմ լինում։ Աշխատանքն ուտում է քեզ, ինչ ուզում ես արա։ Հեռակա ուսմանը չեմ հավատում, ձևական դիպլոմ ստանալ չեմ ուզում։ Եթե ուզեի, ավելի վաղ կանեի,– ասաց նա ու հավելեց, որ, երբեմն, մտածում է նաև արտերկրում ուսման մասին։ –Իհարկե, մտածում ես, որ գուցե դրսում ավելի հաճույքով սովորեիր, որովհետև մեխանիզմները ոչ թե պարտադրող են, այլ հետաքրքիր։ Իմ կարծիքով` ուսանողին լսարան են կանչում ոչ թե ստիպելով, այլ հետաքրքրություն ստեղծելով»։
Հարցին` արդյոք հեռուստատեսություն ու հայտնիությունը մեծամտության փուլ էին բերել, ինչն էլ հանգեցրեց Թատերականից դուրս մնալուն, հակադարձեց, որ այդ դեպքում չէր էլ ընդունվի. «Եթե այդպես լիներ, չէի էլ ընդունվի, որովհետև «Դար 21»–ում լավ աշխատանք ունեի, ինձ ճանաչում էին։ Բայց դուրս մնացի, որովհետև այո, արխային էի»։
Ուսման բացը Դիանան դեռ կլրացնի, իսկ աշխատանքային առումով իրեն լիարժեք է զգում, գոհ է իր տեղից, որում այս փուլում է։ «Արմենիա TV» տեղափոխվելը նրա համար նոր հարթակ էր, բացի այդ, կենսակերպն է փոխվել։
«Աշխատանքային առումով ինձ ավելի լավ եմ զգում, որովհետև նորություն կա, նոր կենսակերպ ունեմ` վաղ եմ արթնանում, շուտ եմ քնում։ Հետաքրքիր է։ Ես ինքնաբավ եմ այս ժամանակահատվածում իմ տեղում լինելուց, բայց մասնագիտական առումով ինքնաբավ չեմ։ Շատ վատ կլիներ, եթե ինքնաբավ լինեի։ Շատ ծիծաղելի է, որ շատերն ինքնաբավ են ու այդպես են մնում։ Տարիներ առաջ իմ կարծիքների ու հմտությունների վրա ավելի վստահ էի, քան հիմա, որովհետև մեծանում ես ու հասկանում, թե որքան բան չգիտես, ինչպե՞ս կարող ես այդքան վստահ լինել։ Սա ինքնախարազանում չէ, ուղղակի ռեալ պատկերացում է»,– նկատեց նա։
Աղջիկը, որը կասի, թե չի մտածում իր ընտանիքն ունենալու մասին, կստի
Դիանան ու սիրելին` Մհերը, արդեն 4 տարի է` միասին են, 2 տարի է` նշանված են։ Դերասանուհուց հետաքրքրվեցինք, արդյոք այս ճակատում կարգավիճակի փոփոխության կարիք զգում է։ «Անձնականի առումով հանգիստ եմ, որովհետև քայլերը ճիշտ հերթականությամբ առաջ են գնում,– ասաց Դիանան ու խոստովանեց, որ այնուամենայնիվ, զգում է իր ընտանիքի ջերմությունն ունենալու կարիք,– Ամեն աղջիկ էլ մտածում է իր ընտանեկան ջերմություն ունենալու մասին։ Նա, ով կասի, որ չի մտածում, կստի։ Երբեմն դա նույնիսկ կպչուն միտք է դառնում, որովհետև քո կյանքն է, ապագան, մտածում ես` ինչ է լինելու։ Սակայն ես փորձում եմ իմ մեջ պահել դա, զսպել ինձ, տանել չեմ կարողանում պարտադրանքը։ Հուսով եմ` տեսակով այդպիսին չեմ։ Մի լավ խոսք կա` քո ազատությունը վերջանում է այնտեղ, որտեղ սկսվում է դիմացինի ազատությունը։ Իմ կարծիքով` դա պարտադրելու մասին է։ Փորձում եմ մարդկանց չպարտադրել ու ամեն իրավիճակում հասկանալ իրենց»։
Տարիներ առաջ մեր զրույցներից մեկի ժամանակ Դիանան ասել էր` չգիտեմ, միասե՞ր եմ, թե՞ ոչ։ Սիրելիի հետ 4 տարվա հարաբերությունները նրան տվել են այդ հարցի պատասխանը` միասեր է. «Իրականում, մանկուց եմ այդպիսին եղել։ Նույնիսկ նվեր ստացածս տուփը կարող եմ պահել մինչև հիմա, որոշ ժամանակ հետո հանել, հիշել էմոցիաները»։
Այս ընթացքում հարաբերություններն ունեցել են նաև բարդ շրջաններ, բայց դա լուրջ հետևանքներ չի թողել։ «Անկումային փուլեր միշտ և բոլորի մոտ են լինում։ Յուրաքանչյուր մարդու հետ հարաբերություններում` սկսած ընտանիքի անդամներից, վերջացրած ընկերներով ու գործընկերներով, լինում են այդպիսի փուլեր։ Իմ դեպքում դա իմ անհամբերությունից է գալիս։ Հենց հանգիստ նստում եմ տեղս, ինձ թվում է` ինչ–որ բան անցնում է կողքովս,– ասաց նա, իսկ հարցին` վախենում է կյանքից հե՞տ մնալ, պատասխանեց,– չգիտեմ` վախենո՞ւմ եմ կյանքին համընթաց չլինել, թե ոչ, բայց վախենում եմ կարևոր բաներ բաց թողնել»։
Զույգը վեճեր ունենում է, ինչպես բոլորը։ Զայրացած ժամանակ Դիանան կարող է դուռը փակել և ասել` վերջ, բայց դա երկար չի տևում. «Ես էմոցիոնալ մարդ եմ։ Վեճերի ժամանակ դուռը փակում եմ, հետո էլի բացում։ Շատ կտրուկ ու միանշանակ եմ այդ պահին ընդունում իրավիճակը, հետո տաքությունս իջնում է, սառն եմ դատում։ Մհերը շատ ավելի մեծավարի ու համբերատար է այդ հարցերում։ Տարիքի հետ սրությունն ու կտրուկությունը մեղմանում է։ Քո և մյուսների փորձերը հաշվի առնելով ավելի հավասարակշռված ես դառնում»։
Մհերի ազդեցությամբ շատ եմ փոխվել
Մհերը Դիանային ոչ միայն լռել է սովորեցրել, այլև տարել իր աշխարհ։ Սա իհարկե, փոխադարձ է։ Դիանան ոգևորությամբ է պատմում, թե սիրելին որքան բան է փոխել իր մեջ. «Մհերն ինձ նաև լավ երաժշտություն է սովորեցրել։ Ես միշտ եմ եղել լավ երաժշտության մեջ, բայց երաժշտության նոր աշխարհներ եմ բացահայտել իր հետ։ Նաև սովորել եմ կյանքն ավելի սիրուն տեսնել, մանրունքներին ուշադրություն դարձնել։ Առաջ էլ գիտեի դա, բայց ավելի «ֆայմով» եմ դարձել այդ առումով։ Մենք փոխվում ենք մեր մտերիմների ազդեցությամբ, հատկապես անձնական կյանքում։ Ես շատ եմ փոխվել, քրոջս, ծնողներիս, Արտակի, գործընկերներիս շնորհիվ։ Դրանից նեղվել պետ չէ, որովհետև դու սովորում ես։ Դա հետաքրքիր է»։
Դիանայից հետաքրքրվեցինք, թե իրենից ի՞նչ կարող են սովորել իրեն շրջապատող մարդիկ. «Օրինակ, ոճային և համարձակ լինել։ Եթե սովորել են ինչ–որ լավ բան, միայն ուրախ եմ։ Վատ բաներ էլ շատ կան, որոնք կարող են սովորել, օրինակ, մի հարցի շուրջ անընդհատ մտածել ու խորանել։ Ես հիմա դրանից եմ ուզում ազատվել։ Իմ մտքերն ինձ ուտում են։ Պետք է ցինիկ լինես, որ ավելի հեշտ ապրես։ Ինքդ քո ու քո կյանքի հանդեպ պիտի ցինիկ լինես։ Այդքան խորանալը մարդուն խելագարության է հասցնում։ Մեծ հաշվով` դա անիմաստ է»։
Չնայած շատ մտքերին` Դիանան նկատեց, որ կարողանում է վայելել կյանքը։ «Եթե դա չլիներ, ես կգժվեի։ Առաջ ավելի շատ էր ստացվում լինել այս պահի մեջ, բայց էլի կարողանում եմ վայելել պահը»,– ասաց դերասանուհին, որի համար կյանքը վայելելու լավագույն տարբերակը ճամփորդելն է։
Չպետք է մոռանաս` ով ես եղել
Հին իրերը պահելու սովորությունը Դիանայի համար խորհրդանշական է։ Կարևորում է` չմոռանալ, թե երբ ու որտեղ էր սկզբնակետը, ինչ փոփոխություններ ես կրել ճանապարհին։
«Հաճախ մարդը մոռանում է, թե ով է եղել։ Բոլորն են մոռանում։ Չեմ ասում` լավ կամ վատ իմաստով, բայց մոռանում են։ Վերջերս բացել էի հին իրերս, որոնք ինձ հիշեցնում էին, թե կյանքի տարբեր փուլերում ինչպիսին եմ եղել։ Դա օգնում է, որ չմեծամտանաս, որովհետև միշտ լինում են անցյալի որոշ դրվագների, որոնցից ամաչում ես։ Կարող է 2 տարուց այս հարցազրույցն էլ կարդամ ու մտածեմ` ինչեր եմ ասել,– ասաց նա` միաժամանակ շեշտեց, որ մեծամտության փուլեր չի անցել,– Այս տարիների ընթացքում հասկացել եմ, որ դա գոնե չի փոխվի, չեմ մեծամտանում»։
Հին իրերը կորցնել Դիանան չի սիրում։ Սա ձևավորել է տեսակ նաև հարաբերությունների առումով։ «Զզվում եմ կորցնելուց։ Ամենաշատը դա չեմ սիրում։ Այս միտքը հաճախ է պտտվում գլխումս։ Հասկանում եմ` առանց կորստի չես կարող ապրել, բայց կորստի միտքն ինձ սպանում է։ Ես շատ եմ կապվում ցանկացած բանի` իրերից սկսած, մարդկանցով վերջացրած ու ներվայնանում եմ, երբ ինչ–որ բան կորցնում եմ»։
Ուզում եմ տարիքով ավելի մեծ լինել
Զրույցի ընթացքում մի քանի անգամ Դիանան հանգեց մտքին, որ իր հայացքներում շատ բաներ փոխվել են, որովհետև մեծացել է։ 24-ամյա դերասանուհին չի վախենում տարիքից ու փոփոխություններից։
«18 տարեկանը փոքրի մեծն է, մեծի` փոքրը, բայց ավելի շատ փոքրն է` էմոցիաներդ, պայծառությունդ, թեթևությունդ այդ տարիքում ավելի շատ են, բայց ես չեմ կարոտում այդ փուլը։ Ինչքան կարոտում ես քո այդ ժամանակվա վառ ու պայծառ վիճակը, այդքան ձգտում ես ավելի մեծ տարիքի իմաստնությանը, մի կետին տարբեր ուղղություններից նայելու հատկությունը, որը տարիքի հետ է գալիս, հեշտ բան չէ։ Հիմա ավելի լայն հորիզոնով եմ նայում կյանքին, քան 18–ում։ Այն ժամանակ ավելի կատեգորիկ էի։ Մարդն ամեն կես տարի հետո կարող է փոփոխություն նկատել։ Իմ կյանքն այնպես է ստացվել, որ փոփոխություններն ու մեծանալն արագ են ստացվում։ Տարիքից բացարձակ չեմ վախենում։ Մեկ–մեկ նույնիսկ ուզում եմ ավելի մեծ լինել, որպեսզի ավելի իմաստուն լինեմ, ավելի ճիշտ որոշումներ կայացնեմ։ Իհարկե, երբեմն տեղում կայացրածդ որոշումը կարող է ավելի ճիշտ լինել, բայց տարիքի հետ մի տեսակ վստահություն է գալիս։ Կարծում եմ` հատկապես կնոջ դեպքում տարիքի հետ գալիս է վստահություն, սեփական տեսակետ ունենալու, ինքդ քեզ ավելի լավ ճանաչելու, հետևաբար, քայլերդ ավելի ճիշտ ու մտածված անելու փորձ։ Կնճիռներից չեմ վախենում։ Ամեն տարիք իր լավ կողմն ունի։ Հիշենք էլիզաբեթ Թեյլորին, Սոֆի Լորենին, Շերոն Սթոունին։ Բոլորն այնքան սիրուն են ծերացել, որ մտածում ես երանի այսպես ծերանամ»,– նշեց նա։
Ներդաշնակ եմ արտաքնիս հետ
Աղջիկը, որը փոքր տարիքում կոմպլեքսավորվել է իր արտաքնից, հիմա ավելի քան ներդաշնակ է իր արտաքնի հետ։ Ժամանակակից պլաստիկ միջամտությունների մասին չի էլ մտածում։ Այս հարցում նրան օգնել է նաև սիրելին` ընդունելով ու սիրելով Դիանային այնպիսին, ինչպիսին կա։
«Թող մեծամտություն չլինի, բայց ես ներդաշնակ եմ արտաքնիս հետ և շնորհակալ եմ, որ այս արտաքնով եմ ծնվել։ Պարզ է, ինձ մոտ էլ են լինում աղջկական մոտեցումներ, որ այսինչ բանը կարող էր այսպես լինել, նա` այնպես, բայց դրանից վրա չեմ կենտրոնանում։ Շատ փոքր տարիքում կոմպլեքսներ եմ ունեցել, որոնք կամաց–կամաց անցան։ Հիմա լիարժեք գոհ եմ իմ տեսքից։ Օրվա ընթացքում մեծ մասամբ լինում եմ առանց դիմահարդարման։ Մհերն այդ առումով էլ է ինձ շատ օգնել, որպեսզի ինձ ընկալեմ այնպիսին, ինչպիսին կամ առանց դիմահարդարման։ Մհերն ինձ ավելի ինքնավստահ է դարձրել, որովհետև ինքն էլ ինձ սիրում ու ընդունում է իմ բնական վիճակում»,– պատմեց նա։
Քույրս լավագույն ընկերուհիս է
Դիանան շատ մտերիմ է քրոջ` Յունոնայի հետ, որն իր լավագույն ընկերուհին է. «Մեծանալու հետ ավելի են ամրապնդվում քրոջդ հետ հարաբերությունները։ Որքան պտտվում ես, քեզ ամենահասկացող մարդը միևնույն է ինքն է, հատկապես, եթե տարիքակից եք։ Դու իր հետ ես ապրել քո կյանքը, մեծացել։ Նույն ընտանեկան սովորույթներն ու մտածելակերպն ունեք»։
Մի առիթով Դիանան նշել է, որ քույրն ավելի խելացի է, քան ինքը։ Երբեմն, թեթև ինքնաքննադատությունը ձևական բնույթ է կրում` ավելի վեհ երևալու համար։ Հաղորդավարուհին նկատեց, որ հիմա ինքնաքննադատությունն էլ է նորաձև, բայց ինքը դրա համար չի ասել այդ միտքը։
Նրանից հետաքրքրվեցինք` արդյոք երբևէ մրցակցություն ունեցել են քրոջ հետ։ «Քույրս ավելի խելացի է, քան ես, բայց դա երբեք կոնֆլիկտի չի բերել։ Մենք գիտենք մեր առավելություններն ու թերություններն ու կարողանում ենք ընդունել դրանք։ Կարող ենք բանավեճ ունենալ մեր մասնագիտությանը, կյանքին վերաբերող հարցերի շուրջ, բայց ոչ կոնֆլիկտ։ Առավելագույն կոնֆլիկտն այն է, որ մեկս մյուսիս հագուստն է հագնում։ Օրինակ` այսօր իր պալտոյով եմ, բայց ինքս մի քիչ սեփականատերեր եմ։ Կարող եմ շատ բաներ նվիրել, բայց իմը տալ չեմ սիրում, քանի որ ես էներգիայով կապվում եմ իմ իրի հետ, որքան էլ տարօրինակ հնչի։ Իհարկե, քույրիկին ամեն ինչ ներելի է, նույնիսկ իմ զգեստապահարանից օգտվելը:)»,– ասաց նա։
Մինչև վերջ անկեղծ միայն ինքս ինձ հետ եմ
Կարդացի՞ք Դիանայի անկեղծ հարցազրույցը։ Զրույցի ընթացքում դերասանուհին իսկապես անկեղծ էր իր մտքերում, բայց դա էլ նրա համար հստակ սահման ունի։ Դերասանուհին հավատացած է` յուրաքանչյուր ոք լիարժեք անկեղծ միայն ինքն իր հետ է։
«Թաքցնելու քիչ բան ունեմ, բայց այն, ինչ ունեմ, շատ խորն եմ թաքցնում։ Լրիվ անկեղծ խոսելը մի բան է, գիտակցված անկեղծ լինելը` այլ։ Լրիվ անկեղծ միայն ինձ հետ եմ։ Միևնույն է, քո կյանքն է, մենակ դու ես ապրել դա, դու ես եղել այդ իրավիճակում, ոչ ոք չի կարող հասկանալ` ինչու ես դու դա արել։ Երևի չհասկացված լինելու խնդիր կա, դրա համար ենք մենք միայն մեզ հետ լիարժեք անկեղծ»,– վստահ է նա։
Տեսանյութեր
Տեսահոլովակի պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան & GASOIIA-Ուշ ա
Տեսահոլովակի պրեմիերա. Արամ MP3-«Երևի»
Երգի պրեմիերա. Ռազմիկ Ամյան- Բարդիները խշշացին
Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան-Քեզ բացի ջանից
Տեսահոլովակի պրեմիերա. Ներսես Ավետիսյան-Քեզ եմ փնտրում
Տեսահոլովակի պրեմիերա. PARG & BRUNETTE - Արև ես
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե- Սերը մեր ուժն է
Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո Թովմասյան- Սիրուն
Երգի պրեմիերա. Սիրուշո - My Bad
Երգի պրեմիերա. Միշո - կ․ չ․ (կարևոր չծնվածներ)
Տեսահոլովակի պրեմիերա․ D'Litte - Էս ձմեռ
Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլու– «Չկա-չկա»
Երգի պրեմիերա. Բրյունետ- «Հիմա ցուրտ ա»
Սիրուշոն ներկայացրել է «Ինձանից ավել» երգի ակուստիկ տարբերակը
Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան– «Իմն ես»
Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project – «Տաշ Տուշ»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ Պապոյան – «Mimod»
Տեսահոլովակի պրեմիերա․Hayat Project – « Մաման Պապան»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»
Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»
Երգի պրեմիերա. Դավուլ, Լիանա, Կարեն Զաքարյաններ - «Գարնան ծաղիկ ես»
Տեսահոլովակի պրեմիերա․ Խորեն Լևոնյան– «Փորձիր ժպտալ»
Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Ես սիրում եմ...»
Տեսահոլովակի պրեմիերա․ Արսեն Սաֆարյան – «Ձյուն»
Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Մարիոնետկա»
Տեսահոլովակի պրեմիերա․ Մաշ Իսրայելյան – «Իմ փոքրիկ»
Տեսահոլովակի պրեմիերա․ Դիանա Հարությունյան & Սպիտակցի Հայկո– «Էլի-էլի»
Տեսահոլովակի պրեմիերա․ Սարգիս Ավետիսյան– «Սիրելիս»
Տեսահոլովակի պրեմիերա․ Օֆֆի feat Ռաֆֆ – «Կամ ու կաց»
Տեսահոլովակի պրեմիերա. Արման Հովհաննիսյան - «Ամեն օր»
Երգի պրեմիերա. Սոնա Ռուբենյան - «Ես քեզ հետ»
Տեսահոլովակի պրեմիերա. Սևակ Խանաղյան - «Հին ֆայտոն»
Տեսահոլովակի պրեմիերա. Միհրան Ծառուկյան-Մամա
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3 & Ֆորշ - Requiem
Տեսահոլովակի պրեմիերա․ Քրիստինե Պեպելյան – «Ես ու դու»
«Մի տուն մնա թող արթուն». PROJECT LA
Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլիթ Հովհաննիսյան – «Изгнанная»
Տեսահոլովակի պրեմիերա․Իվետա Մուկուչյան – «Սիրտ»
- 11:48 • 18.04.24 Տեսահոլովակի պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան & GASOIIA-Ուշ ա
- 22:59 • 05.04.24 Տեսահոլովակի պրեմիերա. Արամ MP3-«Երևի»
- 12:38 • 14.03.24 Երգի պրեմիերա. Ռազմիկ Ամյան- Բարդիները խշշացին
- 13:42 • 20.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան-Քեզ բացի ջանից
- 17:50 • 16.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. Ներսես Ավետիսյան-Քեզ եմ փնտրում
- 13:25 • 15.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. PARG & BRUNETTE - Արև ես
- 14:24 • 13.02.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե- Սերը մեր ուժն է
- 10:17 • 13.02.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո Թովմասյան- Սիրուն
- 14:33 • 12.02.24 Երգի պրեմիերա. Սիրուշո - My Bad
- 14:04 • 26.01.24 Երգի պրեմիերա. Միշո - կ․ չ․ (կարևոր չծնվածներ)
- 15:04 • 24.01.24 Տեսահոլովակի պրեմիերա․ D'Litte - Էս ձմեռ
- 11:33 • 13.01.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլու– «Չկա-չկա»
- 17:44 • 31.12.23 Երգի պրեմիերա. Բրյունետ- «Հիմա ցուրտ ա»
- 12:04 • 25.12.23 Սիրուշոն ներկայացրել է «Ինձանից ավել» երգի ակուստիկ տարբերակը
- 13:35 • 08.12.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան– «Իմն ես»
- 15:08 • 05.12.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project – «Տաշ Տուշ»
- 12:34 • 11.11.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ Պապոյան – «Mimod»
- 12:19 • 21.10.23 Տեսահոլովակի պրեմիերա․Hayat Project – « Մաման Պապան»
- 14:04 • 30.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»
- 13:04 • 17.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»
- 17:41 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»
- 16:56 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»
- 14:26 • 21.03.23 Երգի պրեմիերա. Դավուլ, Լիանա, Կարեն Զաքարյաններ - «Գարնան ծաղիկ ես»
- 14:18 • 07.01.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Խորեն Լևոնյան– «Փորձիր ժպտալ»
- 19:32 • 30.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Ես սիրում եմ...»
- 16:28 • 26.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Արսեն Սաֆարյան – «Ձյուն»
- 13:12 • 01.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Մարիոնետկա»
- 13:34 • 14.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Մաշ Իսրայելյան – «Իմ փոքրիկ»
- 12:37 • 11.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Դիանա Հարությունյան & Սպիտակցի Հայկո– «Էլի-էլի»
- 14:17 • 05.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Սարգիս Ավետիսյան– «Սիրելիս»
- 17:20 • 12.09.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Օֆֆի feat Ռաֆֆ – «Կամ ու կաց»
- 17:21 • 06.09.22 Տեսահոլովակի պրեմիերա. Արման Հովհաննիսյան - «Ամեն օր»
- 13:32 • 03.09.22 Երգի պրեմիերա. Սոնա Ռուբենյան - «Ես քեզ հետ»
- 17:34 • 02.09.22 Տեսահոլովակի պրեմիերա. Սևակ Խանաղյան - «Հին ֆայտոն»
- 09:54 • 22.08.22 Տեսահոլովակի պրեմիերա. Միհրան Ծառուկյան-Մամա
- 10:37 • 20.08.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3 & Ֆորշ - Requiem
- 13:51 • 30.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Քրիստինե Պեպելյան – «Ես ու դու»
- 10:26 • 20.07.22 «Մի տուն մնա թող արթուն». PROJECT LA
- 19:43 • 05.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլիթ Հովհաննիսյան – «Изгнанная»
- 15:54 • 03.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․Իվետա Մուկուչյան – «Սիրտ»
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
TV, կինո 23:23 • 19/04 «12 կգ քաշի ավելացում, մարմնի դեֆորմացիա, անհաջողություններ». Աննա Հարությունյանը՝ «Մեդալի հակառակ կողմը» ֆիլմում Նազիկ Ավդալյանի դերը մարմնավորելու մասին (տեսանյութ) Ավելի վատղ նա հրապարակել է լուսանկար և ցույց տվել այն, ինչ թաքնված է «մեդալի» հակառակ կողմում: Լուսանկարին կից գրել է. «Գուցե այս լուսանկարը շատ չհավանեք, բայց սա ճշմարտությունն է՝ այն ամենի, ինչ թաքնված է «մեդալի» հակառակ կողմում:
-
Սոցցանցեր 11:59 • 24/04 «Հիշողություն չդառնալու համար հիշել Է պետք, այսօրվանից թող սկսվի Հայաստան-Արցախի վերածննդի հետհաշվարկը». Նազենի Հովհաննիսյան Հաղորդավարուհի, դերասանուհի Նազենի Հովհաննիսյան ինստագրամյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով Հայոց Ցեղասպանությանը «Ինձ ասում են մոռացի՜ր, մի հիշիր ու մի պահանջիր աշխարհից պատմությանդ ճշմարտությունն ու
-
Շոուբիզնես 13:25 • 24/04 «Լադանիվա» խմբի անդամներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր (լուսանկարներ) Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ «Լադանիվա» խմբի անդամներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցել 1915 թվականին տեղի ունեցած ողբերգության զոհերի հիշատակին։
-
Մշակույթ 14:44 • 24/04 «Նրանք մեծ դժվարությունների միջով են անցել». «Ազնավուր» հիմնադրամը՝ ցեղաuպանության և երգչի ընտանիքի մասին Մորս ողջ ընտանիքը սպանվել է Հայոց ցեղասպանության ժամանակ։ Հայրը, մայրը, քույրը և երկու եղբայրները։ Տատիկը նրա հետ եկել է Ֆրանսիա, քանի որ այն ժամանակ իր հետ ապրում էր Ստամբուլում, որտեղ մայրս ուսանում էր։
-
Սոցցանցեր 12:56 • 24/04 «Հայ ժողովրդի տոկունությունն ու ուժը երաշխավորում են, որ պատմությունները հիշվեն և հարգվեն գալիք սերունդների համար». Գարիկ Պապոյան (տեսանյութ) Երաժիշտ և հումորիստ Գարիկ Պապոյանն ինստագրամյան իր էջում հրապարակել Այս երգը հիշեցնում է, որ 1915 թվականի օսմանյան կառավարության վայրագությունները երբեք չպետք է մոռացվեն Դա վկայում է հայ ժողովրդի տոկունության և ուժի մաս
Նորաձևություն
-
12:05 • 15.03.24 Կիլիան Մերֆին դառնում է Versace Icons-ի առաջին տղամարդ ամբասադորը
-
12:21 • 13.03.24 Մոնիկա Բելուչիի նոր ֆոտոշարքը ODDA ամսագրի համար
-
14:55 • 11.03.24 «Օսկար 2024»-ի կարմիր գորգը, ոճային աստղերը՝ ֆոտոշարքով
Շոուբիզնես
-
16:42 • 23.04.24 Տեսահոլովակի պրեմիերա. Արկադի Դումիկյան-«Դուդուկ»
Ժամանց
-
16:10 • 09.04.24 Մաշ Իսրայելյանի 1-ամյա դուստրն արել է առաջին քայլերը (տեսանյութ)
Photographer
-
16:53 • 22.04.24 Նորայր Եղյանը՝ Գևորգ Մկրտչյանի հարսանիքի խաչեղբայր (լուսանկարներ)
-
13:23 • 08.04.24 «Բոլոլա» սիթքոմի դերասանական կազմի նոր ֆոտոշարքը՝ Ապրիլի 7-ի առթիվ