«Առանց սիրո ապրելն ինձ համար չէ». Ինգրիտ Կոկչյանի ֆոտոշարքն առանց դիմահարդարման և զրույցն իր կյանքի ու տղամարդու մասին
Եթե դերասանուհի, հաղորդավարուհի և ռեժիսոր Ինգրիտ Կոկչյանի կյանքի առաջին երեք տասնամյակը ֆիլմ լիներ, իր մեջ կամփոփեր դրամա-թրիլլեր ժանրերը։ Հատելով երեսունի սահմանագիծը` Ինգրիտն այսօր ապրում է արկածային դրամա։
Tert.am Life-ն Ինգրիտի հետ զրուցել է քննարկված տեսակի, տղամարդու հանդեպ վերաբերմունքի, կյանքի, ընտանիքի ու ներկայիս զբաղվածության մասին։ Զրույցը լրացրել է Սկրիպտոնիտի բիթբոքսի ուղեկցությամբ դերասանուհու ֆոտոշարքը, որտեղ Ինգրիտը ներկայացել է առանց դիմահարդարման։ «Առանց դիմահարդարման» ասվածը ոճ է, որն իր նրբություններն ունի։ Այս մասին Ինգրիտի հետ խոսել ենք նյութում։
–Ինգրիտ, ո՞վ եք Դուք՝ ըստ Ձեզ:
–Կին: Իսկական կին։
-«Իսկական կին», որն արդեն բավականին ժամանակ է` հրաժարվել է դիմահարդարումից։ Ձեր որոշումը կապված է համաշխարհային նորաձևության թրենդների՞ հետ, թե՞ առանց շպարի Ձեզ ավելի լավ եք զգում։
- Շպարից հրաժարվելս հաճելիորեն համընկավ համաշխարհային թրենդի հետ։) Շպարը, օրինակ, կապույտ շրթներկը, օգտագործում եմ տրամադրությունս կամ օրվա ոճս ընդգծելու, բայց ոչ որպես ավելի գեղեցիկ թվալու կամ թերությունները թաքցնելու միջոց: Տոնային քսուկ երբեք չեմ օգտագործել: Այսօրվա նկարահանման համար ինձ օգնել է «նո մեյքափ»-ի լավագույն մասնագետ Լիլիթ Բադալյանը: Ըստ իս` միայն նա է կարողանում հատուկ տեխնիկայով լույսի հետ աշխատել և դեմքը պատրաստել նկարահանման՝ չթաքցնելով, օրինակ, աչքերի տակի պարկերը կամ «կյանքի գծերը», ինչը մարդու բնավորության մասն է: Առհասարակ, երևացող շպարը, օրինակ, տոնային քսուկը, տատուաժը կամ դրած թարթիչները այսօր համարվում են անբարոյական դրսևորում:
-Դուք այն կանանցից եք, որոնք սեքսուալ են առանց բարեմասնություններն ընդգծելու: Հե՞շտ է տրվում լինել այդպիսին և ապրել մեր հասարակության մեջ։ Ի՞նչ խնդիրների եք բախվում:
–Լավ է, որ այսօր կինն ինքն է որոշում, թե որ ճանապարհով գնա: Ես իմ ընտրությունը կայացրել եմ 13 տարեկանում, երբ սկսեցի աշխատել ու բախվեցի կյանքին, այդ օրվանից սկսվեցին խնդիրները։ Իմ անբասիր աշխատանքով միշտ փորձում էի ապացուցել տղամարդկանց, որ կնոջը նույնպես կարելի է դիտարկել որպես արժանի մրցակցի։ Կարծում եմ` իմ կեցվածքով մեր իրականությունում որոշակի փոփոխության հասել եմ։
Բարեմասնություններս էկրանին երբեք չեմ մերկացրել, անհարմար եմ զգացել, որ տղայիս ուսուցիչները տեսնեն ինձ այդպես, անգամ, երբ տղաս դեռ չէր ծնվել: Առօրյայում ջանում էի խամրեցնել արտաքինս: Մի օր ռեժիսոր ընկերներիցս մեկն ասաց` ինչպես հաջողացրիր երկրին խաբել, որ սեքսուալ կին ես, քահ-քահ ծիծաղեցինք։
-Ըստ Ձեզ` հեռուստատեսությանն այսօր պակասո՞ւմ է Ձեր համարձակությունն ու տեսակը:
–Շունչս կանգ է առնում, երբ տանը մի րոպեով հայկական հեռուստաալիք է միանում, ինձ հետ կատարվում է նույնը, ինչ կատարվեց 20 տարի առաջ, երբ բացեցի հասարակական պետքարանի դուռը: Իմ տեսակն ատում է այն, ինչ դեգրադացնում է մարդուն և, ինչպես Շանթարամի ավագ ընկեր Աբդել Կադեր Խանն էր ասում, չի ավելացնում մոլորակի պտույտները:
-Ո՞ր երաժշտական ստեղծագործությունը կլիներ Ձեր կյանքի սաունդթրեքը:
–Մի երաժշտական ստեղծագործությունն այդքան երանգ չունի, որքան իմ կյանքը։ Երբևէ կատարված կամ մտքում մնացած բոլոր երաժշտական ստեղծագործությունները, ավելացրած բնության ձայները. դա ես եմ և հակառակը՝ ես այն եմ, ինչ երաժշտություն լսում եմ՝ Վագներ, Բրամս, Ջեթրո Թալլ, Ռադիոհեդ, ԿոկոՌոզի, Ալտ-Ջեյ, բլեք ջազ, Սկրիպտոնիտ։ Այս շատ տարբեր երաժշտությունները տարիներ շարունակ հնչում են իմ մեքենայում` դառնալով կյանքիս սաունդթրեքը։ Ուղևորներն ու իրավիճակները փոխվում են, ինչպես տարվա եղանակներն ու տրամադրությունս, և ես վայելում եմ ամեն մի շրջադարձ, սլանում ընդդեմ գոյաբանության՝ դեպի տոտալ մեկուսացում։
–Ինչի՞ համար եք փոշմանել:
–Փոշմանում եմ միայն մանր առօրեական հարցերի համար։ Դա հաճախ է լինում, վերլուծում եմ և գտնում կատարյալ տարբերակները: Ինչ վերաբերում է ճակատագրական պահերին՝ ես հարգում եմ անցածս ուղին, հպարտ եմ, թե ինչպես եմ անցել այն և վայելում եմ այն ինչ ունեմ: Փոշմանելը համարում եմ երևակայության հիվանդություն:
-Եթե Դուք չլինեիք Ինգրիտ Կոկչյանը և Ձեզ տեսնեիք հեռուստատեսությամբ՝ ի՞նչ կմտածեիք «Կատվի դրախտ»-ի հաղորդավարուհու մասին, ինչպիսի՞ մարդ է նա:
–Ինձ դուր կգար նրա աչքերի սրությունն ու արկածասիրությունը։)
-Դուք յուրահատուկ էներգետիկ դաշտ ունեք: Որտե՞ղ եք սպառում Ձեր ստեղծագործական էներգիան և կրեատիվությունը:
–Կատաղի ապրում եմ։ Առանց խնայելու բաժանում եմ հանդիպածս բոլոր մարդկանց՝ պաշտում եմ կողքիս տղամարդուն, միշտ հորինում եմ ապրելը շարունակելու պատճառ և մոլի տրվում նոր զբաղմունքիս։ Բացի այդ, 2 տարբեր սեռի երեխա դաստիարակելը, պարզվեց, շատ ավելի կրեատիվ ու պատասխանատու գործ է, քան ես կասկածում էի։)
-Ձեր հարցազրույցներից մեկում ասել եք, որ էլ երբեք չեք ցանկանում ամուսնանալ։ Ի՞նչն էր նման միտք արտահայտելու պատճառը, տարիների ընթացքում ի՞նչը փոխվեց:
–Կյանքի հանդեպ իմ դիրքորոշումները շատ երկար ժամանակ է` չեն փոխվում։ Պատմությունը ցույց է տալիս, որ եթե նույնիսկ երկուսը կապվում են միմյանց օրենքով, ծիսակարգերով, անգամ, մարմիններով, այնուամենայնիվ, հնարավոր չէ կապել նրանց հոգիները և ճակատագրերը, հետևաբար մեծ վտանգ կա դժբախտանալու և ինչն ավելի դաժան է, դժբախտացնելու: Կապանքը չէ, որ պետք է իմ տղամարդուն դրդի լինել կողքիս: Ես հավատում եմ սիրո գոյությանը և ջանում եմ թարմ պահել սիրահարվածության զգացումը։ Կարծում եմ` այսքանը բավարար է առողջ ընտանիքի համար: Մեզնից յուրաքանչյուրը գիտի, որ ցանկացած պահի կարող է գնալ, բայց անում է հնարավորը մնալու համար, որովհետև այստեղ կա երջանկություն:
-«Տղամարդը միջոց չէ սեփական դատարկությունը լրացնելու». ասել եք Դուք։ Ի՞նչ եք կարծում՝ ի՞նչ «միջոց» է տղամարդը, ո՞րն է նրա դերն ու, ի վերջո, ինչո՞ւ եք նրան թողնում Ձեր կյանք:
–Առանց սիրո ապրելն ինձ համար չէ, առանց սիրո ես խամրում եմ, երբեմն, ագրեսիվ դառնում։ Ինչ վերաբերում է արտահայտածս կարծիքին, դա ասել եմ, տեսնելով, թե ինչպես են իրենցից ոչինչ չներկայացնող կանայք փորձում իրենց դատարկությունը լրացնել ամուսինների միջոցով, որոնց «երկրորդ կես» են անվանում, ինչպես են ժամանակ սպանում՝ սպասելով ամուսնությանը: Ես կես չեմ, այլ ինքնաբավ, բազմերանգ անհատականություն։ Սիրելու դեպքում իմ երանգներով շողում, հիացնում ու երջանկացնում եմ կողքիս տղամարդուն: Առհասարակ, ես տղամարդկանց հարգող տեսակ եմ, հետևաբար, չեմ կարող իրենց այդ աստիճան նվաստացնել` համարելով «միջոց»:
-Դուք խոսել եք նաև այն մասին, որ Ձեզ ավելի ընդունելի է երեխա որդեգրելու տարբերակը, ներկայումս մտածո՞ւմ եք այդ մասին:
–Ցավոք, այդ մտքից հրաժարվել եմ: Հիանում եմ այն մարդկանցով, ովքեր երջանկացնում են կյանքի դաժան ոլորաններում հայտնված փոքրիկներին, բայց հասկացա, որ դա իմ ուղին չէ և ստիպված համակերպվեցի։ Ես ունեմ 2 երեխա, իմ տղամարդն ունի ևս 3-ը, այնպես որ, ճիշտ կլինի՝ մենք մեր երեխաներին կարողանանք արժանի և հասարակությանը պիտանի մարդ մեծացնել:
-Ի՞նչ զբաղվածություն ունեք հիմա:
–Հիմա ունեմ իմ փոքրիկ գործը, որն ինձ ապահովում է ֆինանսապես։ Բացի այդ, մասնակցում եմ մի կարևոր ֆիլմի նկարահանումների` այս անգամ որպես դերասանուհի: Արտեմ Բաղդասարյանի ֆիլմն է, որն իրականացնում է «Հայկական Կինոյի Զարգացման Հիմնադրամ»-ի հետ համատեղ: Երբ կարդացի սցենարը, նույն սիրահարվածության, անսահման խորության զգացողությունն էր, հստակ ասելիք ունեցող կարճամետրաժ ֆիլմ է: Մոտ կես տարի նախապատրաստական աշխատանքներն են իրականացվում, որոնց մասնակցում եմ հիացմունքով ու մեծագույն խանդավառությամբ: Փարիզից Հայաստան էր ժամանել դերասանի վարպետության ուսուցիչ՝ Էդմոնդ Հաբեթյանը, ես անհագուրդ կլանում էի վարպետի խոհափիլիսոփայական մտքերը։ Նա կնոջ և տղամարդու հարաբերությունները համեմատեց անտառի հետ, որտեղ կինն ու տղամարդը ծառերն են, ասաց, երբ սիրահարները քայլում են անտառում, պիտի քայլեն ոչ թե ծառերի վրայով, այլ նրանց միջև տեղակայված տարածության մեջ: Այսպիսով՝ տղամարդը կնոջը հրավիրում է նեյտրալ գոտի, որտեղ նրանք պատմություն են կերտում։







Լուսանկարները՝ Էլեն Գասպարյանը
Նկարահանումներն իրականացվել են Seducation photoroom -ում
