«Դատարանի որոշմամբ` «Շանթին» պետք է վճարեմ 12.5 մլն դրամ, որը չունեմ, տունս էլ կալանքի տակ է». X Factor 4-ից Դավիթ Չախալյանը՝ «Շանթի» հետ ստեղծված խնդրի մասին
«Շանթ» հեռուստաընկերությունը դատի է տվել X Factor նախագծի մասնակից Դավիթ Չախալյանին։ Ավելի քան երկու տարի ձգված դատական գործընթացն ավարտվել է։ Դատարանը բավարարել է հեռուստաընկերության հայցը՝ բոլոր կետերով և Դավիթ Չախալյանին տուգանել 12.5 մլն դրամի չափով։
Tert.am Life-ը զրուցել է Դավիթ Չախալյանի հետ դատական գործընթացի, դժգոհությունների, տուգանքը վճարելու դժվարությունների և հետագա գործողությունների մասին։ Հարցում ենք ուղարկել նաև «Շանթ» հեռուստաընկերություն, որը կներկայացնենք ավելի ուշ։
Համաձայն մեղադրանքի` երգիչը խախտել է X Factor նախագծի շրջանակում կնքված պայմանագրի կետերը։ «Համաձայն այդ կետերի՝ ես իրավունք չունեմ առանց «Շանթ» Հ/Ը-ի համաձայնության որևէ կերպ օգտագործել իմ անունը, կատարողական ունակությունները, իրավունք չունեմ կնքելու որևէ պայմանագիր, մասնակցելու որևէ երաժշտական միջոցառման կամ մրցույթի, աշխատելու որպես երգիչ: Այսինքն` համաձայն այդ պայմանագրի` ստացվում է, որ ես իրավունք չունեմ առհասարակ հաց վաստակելու առանց հեռուստաընկերության համաձայնության»,- նշեց երաժիշտը։
Դավթի խոսքով` պայմանագիրը ստորագրելիս իր մտքով, անգամ, չի անցել, որ դեպքերը կարող են նման զարգացում ունենալ։ «Այդ պահին ես ուղղակի երգում էի իմ հանդիսատեսի համար, ցանկանում էի առավելագույնն անել ու լավագույնս ներկայանալ հանրությանը։ Իսկապես, նման ընթացքն ինձ համար անսպասելի էր, իհարկե, մրցույթ էր, և ես գիտեի, որ յուրաքանչյուրս ինչ-որ պահի կարող ենք լքել նախագիծը, բայց այն, որ դրանից հետո նման վերաբերմունք, առավել ևս` դատական գործընթաց կսկսվեր և ինձ կարող էին նման մասշտաբներով պատասխանատվության ենթարկել միայն նրա համար, որ ուզում եմ աշխատել սեփական մասնագիտությամբ՝ իրապես մտքովս չէր անցել»,- ասաց Դավիթը։
Դատարանի վճռով` Դավիթը պարտավորվում է վճարել 12,5 միլիոն դրամ տուգանք։ «Դատավորը բավարարել է «Շանթ» Հ/Ը-ի հայցը և արդյունքում, ես «Շանթ» Հ/Ը-ին պետք է վճարեմ 12,5 մլն դրամ գումար, բացի այդ, տունս այժմ գտնվում է կալանքի տակ։ Ես բավականին մեծ գումար էլ պետք է վճարեմ տունն ազատելու համար։ Չգիտեմ` ինչպես եմ վճարելու։ Իհարկե, համապատասխան ֆինանսական միջոցներ չունեմ, սակայն հույս ունեմ, որ ինչ-որ կերպ կկարողանամ դուրս գալ այս աբսուրդային իրավիճակից, եթե ոչ, ապա այս պահին, իսկապես, չեմ պատկերացնում ՝ ինչ եմ անելու»,- ասաց Դավիթը։
Վերջինիս փոխանցմամբ` ինքը հերքում է հիմնական մեղադրական կետերը՝ նշելով, որ իրենք դատարանում հակափաստարկներ են ներկայացրել մեղադրանքներին, թե ինքն ունեցել է մենահամերգ, մասնակցել է Van Music Awards մրցանակաբաշխությանը, մրցանակ է ստացել։
«Հիմնական մեղադրական կետերը եղել են, իբրև ես ունեցել եմ մենահամերգ, սակայն նման բան տեղի չի ունեցել (ըստ կատարողի` մենահամերգը չի կայացել, քանի որ հեռուստաընկերությունը մերժել է իրեն, հեղ.), մյուս կետն է, որ ես մասնակցել եմ Van Music Awards մրցանակաբաշխությանը, սակայն նման բան ևս չի եղել, ես մրցանակ չեմ ստացել, ես այնտեղ եղել եմ ընդամենը հյուրի կարգավիճակով իմ մարզչի՝ Շուշանիկ Արևշատյանի հրավերով, այսինքն` ես ընդամենը իմ ընկերոջ հրավերով առիթի եմ եղել, կարծում եմ` իրավունք ունեմ ցանկացած պահի գնալ ծնունդի, կնունքի կամ հարսանիքի։ Մյուս կետը, որ ես պայմանագիր եմ ունեցել այլ ակումբների հետ, նույնպես չի համապատասխանում իրականությանը, որովհետև ես կոմերցիոն պայմանագիր չեմ կնքել»,- ասաց կատարողը։
«Շանթ» Հ/Ը-ի հայցն ամբողջությամբ բավարարվել է դատարանի կողմից, իսկ պատասխանող կողմից ներկայացված հակընդդեմ հայցը՝ նշված պայմանագիրն օրենքին հակասելու հիմքով անվավեր ճանաչելու վերաբերյալ՝ մերժվել է։
«Դատարանը գտել է, որ իմ աշխատելու, սեփական կամքով իրավունքներ և պարտականություններ ստանձնելու Սահմանադրությամբ երաշխավորված իրավունքները չեն սահմանափակվել: Դատարանի պնդմամբ` դրանք ոչ թե սահմանափակվել են, այլ ընդամենը, համաձայն պայմանագրի, ես պետք է թույլտվություն ստանայի «Շանթ» Հ/Ը-ից դրանք օգտագործելու համար, մինչդեռ մենք գտնում ենք, որ նման թույլտվություն ստանալու պարտականությունը ոչ այլ ինչ է, քան սահմանափակում։ Առհասարակ, ես դիմել եմ և ինձ մերժել են, խոսքը հենց այն մենահամերգին է վերաբերվում, որը չիրականացավ հենց վերջիններիս մերժմամբ»,- մեկնաբանեց Դավիթը՝ հավելելով, որ իր և «Շանթ» Հ/Ը պայմանագիրն ավարտվելու է 2019 թվականի աշնանը, այն կնքված է եղել 3 տարով։
Կատարողը նշեց, որ դիմելու է վերաքննիչ դատարան. «Անպայման բողոքարկելու եմ վճիռը, որովհետև, ինձ թվում է` բոլորը կհամաձայնեն, որ սա անմարդկային վերաբերմունք է և նույնքան անմարդկային պահանջ, որը չունի բավարար հիմնավորում։ Սահմանված մեկամսյա ժամկետի շրջանակում դիմելու եմ վերաքննիչ դատարան, հույս ունեմ, որ այս անգամ որևէ դրական փոփոխություն կլինի»։
Դավթի խոսքով` իր համար մեղադրանքն ընդունելի չէ այնքանով, որ, իր կարծիքով, «Շանթ» Հ/Ը-ի հետ կնքված պայմանագիրն ամբողջությամբ հակասում է օրենքին։ «Այն սահմանափակում է իմ՝ աշխատանքի ազատ ընտրության սահմանադրական իրավունքը, այդ պատճառով ես հակընդդեմ հայցով դիմել էի դատարան՝ պայմանագիրն անվավեր ճանաչելու համար։ Ես ներկայացրել եմ ակումբների տնօրենների կողմից գրավոր փաստարկներ, որ չունեմ կոմերցիոն պայմանագիր, ներկայացրել եմ ապացույցներ, որ մենահամերգը տեղի չի ունեցել, ներկայացրել եմ նաև մարզչիս կողմից փաստարկը, որ ես ընդամենը հյուր եմ եղել վերջինիս կազմակերպած միջոցառմանը, և ընդամենը, ի վերջո, պահանջել եմ իմ աշխատելու իրավունքը, ինձ համար հետևապես մեղադրանքներն ընդունելի չեն»։
Դավիթը կարծում է, որ իր համար անսպասելի ընթացքը պայմանավորված է նախագծից դուրս մնալուց հետո իր երկրպագուների կողմից բարձրացված բողոքի ձայնով։
«Նրանց բարկացրել էր այն հանգամանքը, որ համաձայն նախագծի կանոնների` պետք է քվեարկեին ժյուրիի անդամներից բոլոր 4-ը, սակայն իմ՝ նախագիծը լքելու ժամանակ ներկա են գտնվել միայն երեքը։ Ես, ի վերջո, լքեցի նախագիծը, որից հետո բազմաթիվ երկրպագուներ կամ ուղղակի նախագծի հետևորդներ իրենց կարծիքները հայտնեցին, ըստ որոնց, որոշումն անարդար էր, լրատվական կայքերը սկսեցին գրել այդ մասին։ Ես ինքս երբեք չեմ ասել, որ ես չպետք է դուրս մնայի, ընդհակառակը, դրանից հետո իմ կողմից միայն երախտիքի խոսքեր են հնչել նախագծի, ինձ հետ աշխատած թիմի և «Շանթ» Հ/Ը հասցեին, իսկ մյուսներն ունեն սեփական կարծիք հայտնելու և սեփական դիրքորոշում ունենալու իրավունք։ Օրեր անց ես իմացա, որ առանց ինձ տեղեկացնելու «Շանթ» Հ/Ը պաշտոնական նամակ է ուղարկել լեհական այն կազմակերպությանը, որի հետ նույն «Շանթ» Հ/Ը համաձայնությամբ, ես պիտի համագործակցեի և մեկնեի համերգների։ Այսինքն` ի սկզբանե ես պայմանագրի կետ չեմ խախտել, իրենք իրենց համաձայնությունը տվել են, անգամ, եթերով է դա ասվել։ Այնուհետև մի առիթով ես ևս դիմել եմ «Շանթ» Հ/Ը թույլտվություն ստանալու համար, սակայն իրենք ինձ անդադար մերժում էին, ես փնտրել եմ լուծման ուղիներ՝ բանակցությունների կամ հանդիպումների միջոցով, բայց իրենք հրաժարվել են։ Ստացվում էր, որ ես պիտի աշխատեի սեփական ընտանիքս պահելու համար, բայց ինձ արգելում էին դա անել»,- ասաց Դավիթն ու ավելացրեց, որ նախագծի բոլոր մասնակիցներն էլ ունեն նպատակներ ՝ կապված երգարվեստի հետ և ունեն իրավունք երգելու։
«Խոսքն այն մասին է, որ ես չտեսա նմանատիպ արգելքներ և վերաբերմունք մյուս մասնակիցների նկատմամբ, այսինքն, ըստ երևույթին, նրանք ստանում էին թույլտվություն երաժշտական գործունեություն ծավալելու, իսկ ինձ դա արգելվեց և դատական գործ սկսվեց, որի պատճառները ես մինչև օրս չեմ կարողանում հասկանալ։ Ես դիմել եմ և մերժվել, մնացած արգելքները` սկսած Լեհաստանի համերգից, արվել են առանց իմ իմացության, թեպետ իրենք տվել էին համաձայնություն։ Ես լեհական կողմից եմ իմացել, որ չեմ կարող մասնակցել համերգին և լեհական կողմն է ինձ ուղարկել արգելքի մասին հավաստող նամակը»,- նշեց Դավիթը։
Բացի չեղարկված նախագծերն ու բարդությունները, Դավիթը ներկայումս ունի նաև նյութական տուգանք։
«Այս 2 տարվա ընթացքում ինձ հետ էին իմ սիրելին, մայրս, հարազատներս, ընկերներս և ես իրավունք չունեի թուլանալու։ Իհարկե, դա վատ է անդրադարձել ինձ վրա, որովհետև այս ամենն ուղղակի աբսուրդ է, նման տուգանք սահմանել, նման արգելքներ դնել մարդու առջև, և ինչի՞ համար, որովհետև մարդն ուզում է ուղղակի զբաղվել սիրած գործով և, ի վերջո, պահանջ ունի գումար աշխատելու և ապրելու։ Ինձ, փաստորեն, ասում էին` մի աշխատիր, դա իմ սահմանադրական իրավունքն է, իսկ եթե ինձ այլ աշխատանք չեն տալիս և միաժամանակ արգելում են աշխատել, ի՞նչ անեմ։ Եվ այս հայցը բավարարվել է դատարանի կողմից»,– ընդգծեց նա։
Խոսելով չեղարկված նախագծերի մասին՝ երգիչն ասաց. «Համերգային համագործակցության առաջարկ կար Լեհաստանից, Ռումինիայից, առաջարկ եղել է հոլանդական մի ընկերության կողմից, Ֆրանսիայից եմ ունեցել առաջարկ, բոլորովին վերջերս ԱՄՆ-ից և այլն։ Չխոսեմ արդեն հենց Հայաստանում ունեցած առաջարկների ու ծրագրերի մասին, որոնք բոլորը չեղարկվել են «Շանթ» Հ/Ը արգելքի պատճառով։ Լեհական կողմն անչափ շահագրգռված էր ինձ հետ աշխատելու համար, խնդրում էին արագ լուծել այս հարցերը, սակայն ապարդյուն, դատն արդեն ընթացքի մեջ էր։ Դրանից հետո ես տարբեր երկրներից բազմաթիվ առաջարկներ եմ ստացել երաժշտական համագործակցության, որոնցից և ոչ մեկը չի իրագործվել «Շանթ» Հ/Ը արգելքների պատճառով։ Այժմ շատ առաջարկներ ունեմ, որոնց մասին դեռևս չեմ ուզում բարձրաձայնել, սակայն միանշանակ ես ինձ համարում եմ արտիստ, որը պատրաստ է դեռ երկար ճանապարհ անցնելու, ինչքան էլ այդ ճանապարհը լինի քարքարոտ, ես հավատում եմ ինձ և հավատում եմ այն մարդկանց, ովքեր ինձ հետ էին այս ողջ ընթացքում։ Իմ ապագան երգարվեստն է, ինձ կոտրել հնարավոր չէ, ես երգել եմ, երգում եմ և երգելու եմ, որովհետև դա իմ կյանքն է»։
Դավթի մուտքը երգարվեստ ուղեկցվեց լուրջ խնդիրներով, սակայն կատարողը, անկախ ամեն ինչից դրական է տրամադրված. «Միանշանակ, խնդիրները հաղթահարելի են, երգը, երաժշտությունն իմ աշխարհն ու իմ մասնագիտությունն է, ի վերջո, ես ապրելու եմ իմ աշխարհում և վաստակելու եմ իմ մասնագիտությամբ»։








