Հնդիկ աստղերի մասնակցությամբ երևանյան համերգը դեռ հարցականի տակ է
Հնդիկ դերասանների մասնակցությամբ երևանյան համերգի կայանալն առայժմ հարցականի տակ է։ Համերգի նախաձեռնողներից, «Տնից հեռու» հաղորդման հաղորդավար Վարդան Սարգսյանը Ֆեյսբուքում գրառում է կատարել՝ համաձայն որի կազմակերպիչ «Ինֆորմացիոն Կենտրոնը» չի կատարել պայմանագրով սահմանված պարտավորությունները։
Tert.am Life-ը կապ հաստատեց Վարդանի հետ։ Վերջինս առայժմ մեկնաբանել չցանկացավ՝ նշելով, որ առավել հստակ ինֆորմացիա կարող տրամադրել ավելի ուշ։
«Այս պահի դրությամբ պետք է հայտնեմ, որ համերգի կազմակերպիչ «Ինֆորմացիոն Կենտրոն» ՍՊԸ-ն չի կատարել պայմանագրով սահմանված պարտավորությունները, ուստի հնդիկ դերասանների ժամանումը և համերգի իրականացումը հարցականի տակ է:
Եթե մինչ վաղը, վերը նշված համերգի կազմակերպիչը կատարի վճարումը՝ կտեղեկացնեմ Ձեզ այդ ամենի մասին»,- ավելի վաղ գրել էր Վարդան Սարգսյանը։
Համերգը նախատեսված է մայիսի 31-ին Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում:
Հնդիկ հայտնի դերասաններից Հայաստան հրավիրված են Թինա Դատան (Իչա), Ռաշամի Դեսաին (Տապասիա), Սպանդան Չատուրվեդին (Չակոր), Գաուրավ Չոպրան (Ռաթոր), Վիջաենդրա Կումերիան (Սուրաջ), Մրունալ Ջայինը (Ակաշ): Հայ կատարողներից մասնակցելու են Միհրան Ծառուկյանը, Արսեն Սաֆարյանը, Էրիկը, Գոռ Հակոբյանը, Ռաֆայել Երանոսյանը, Ալլա Լեւոնյանը:








