«Կարենն ինձ շատ է օգնում»․ «Անհասցե ծնվածներից» Դիանան՝ Կարեն Ասլանյանի հետ սիրավեպի, պլաստիկ վիրահատությունների չդիմելու ու սերիալում հայտնվելու մասին
Դիանա Գրիգորյանի նոր՝ «Անհասցե ծնվածները» հեռուստասերիալը դեբյուտային է 19-ամյա Դիանա Մխիթարյանի համար, որը երաժշտական կրթություն ունի և մտադիր է դերասանական աշխատանքին զուգահեռ ծավալել նաև երաժշտական գործունեություն:
Tert.am Life-ը շոու բիզնեսի նորեկի հետ զրուցել է առաջին քայլերի, երգչուհի դառնալու ցանկության, մինչև այս 3 մլն դիտում ունեցած cover-ի, Կարեն Ասլանյանի հետ մտերմության ու նրա միջոցով շոու բիզնես մտնելու խոսակցությունների մասին:
19-ամյա Դիանան ապրում է Էջմիածնում, թեև գրեթե ամեն օր լինում է Երևանում, նկարահանման գրաֆիկը, նրա խոսքով, բավականին խիտ է: «Սերիալում նկարահանվելու ցանկությունս շատ մեծ էր, սակայն «Անհասցե ծնվածներում» հայտնվելս շատ պատահական ստացվեց: Բոլորը մտածում են, որ Կարենն է բարեխոսել, որպեսզի ես նկարահանվեմ սերիալում: Իրականում, նա ինձ առաջարկեց մասնակցել քասթինգի, մասնակցեցի և մի քանի փուլ անցնելուց հետո ընտրվեցի: Շնորհակալ եմ Դիանա Գրիգորյանին ինձ հնարավորություն տալու համար»,- ասաց նա ու հավելեց, որ Կարենը զբաղվում է իր պրոդյուսինգով:
Դիանայի խոսքով՝ Կարենի հետ համագործակցությունը ևս պատահական է ստացվել: «Ես ներկայացրել էի «դուխով» երգի cover տարբերակը, որը Youtube-ում 3 մլն դիտում ունեցավ: Կարենն ինձ նկատել էր ու առաջարկել լինել իմ պրոդյուսերը, համաձայնեցի: Իրականում, շատ ունեի իր կարիքը: Ունեմ նոր տեսահոլովակ, որը նկարահանվել է Կարենի օգնությամբ: Երաժշտության ու խոսքերի հեղինակն էլ Կարենն է»,- պատմեց Դիանան ու հավելեց, որ սերիալի նկարահանումներին զուգահեռ չի հասցնում շատ զբաղվել երաժշտական կարիերայով, սակայն շուտով նոր երգ կթողարկի:
Դիանան ասաց, որ մասնագիտությամբ երգչուհի է, այս տարի ավարտում է Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական քոլեջը՝ Վոկալ-էստրադայի բաժինը: Ուսումը Կոնսերվատորիայում շարունակելու մտադրություն ունի, բայց ոչ այս տարի: Նա շեշտեց, որ հիմա ամեն օր նկարահանումների է լինում, որպեսզի ոչ դասերը, ոչ էլ նկարահանումները չտուժեն, այս տարին բաց կթողնի:
Դիանայի խոսքով՝ վաղուց էր երազում նկարահանվել ֆիլմում: «Ամեն ինչ անում եմ, որ հանկարծ սխալ բան չանեմ: Իհարկե շատ լավ չեմ խաղում, խաղում եմ այնքանով, ինչքանով ստացվում է ինձ մոտ: Ինչպես հասկացա, լավ է ստացվում, որովհետև դեռ ոչ ոքից վատ բան չեմ լսել, իմ խաղի մասին միայն դրական կարծիքներ եմ լսել,- ասաց նա ու հավելեց, որ մասնագիտական կրթության բացակայությունը սկզբնական փուլում բարդություններ էր ստեղծում: -Երբ առաջին օրը նկարահանվում էի, շատ դժվար էր: Դերասաններն ինձ շատ էին օգնում: Մի քանի տեսարան դժվարությամբ եմ խաղացել, բայց թիմի օգնությամբ աշխատանքը հեշտացավ»:
19-ամյա աղջիկն այլ զբաղմունքներ չի ունեցել: Սա նրա առաջին աշխատանքն է: Երիտասարդները հաճախ ցանկանում են հայտնի դառնալ և կարևոր չէ՝ դա կանեն որպես երգչուհի՞, դերասանուհի՞, թե՞ Ինստագրամի գեղեցկուհի: Դիանան վստահեցնում է՝ հայտնի լինելն իր համար ինքնանպատակ չէ, ուզում է սիրված լինել․ «Ես այս ամենը չեմ անում, որ հայտնի դառնամ: Ես շատ եմ սիրում երգել, սիրում եմ, երբ մարդիկ հավանում են իմ ձայնը, իմ երգելն ու ուրախանում են ինձ համար: Սիրում եմ, երբ մարդիկ ինձ տեսնելիս ժպտում են: Բոլորը մտածում են, որ սերիալում նկարահանվում են այն մարդիկ, որոնք ուզում են հայտնի դառնալ, իրականում ինձ համար ուղղակի հաճելի է աշխատել այս թիմի հետ: Այս ամենն անում եմ, որովհետև ուզում եմ հասնել իմ երազանքներին, իսկ իմ երազանքը ոչ թե հայտնիությունն է, այլ սիրված լինելը»:
Արդեն հասցրել են խոսակցություններ ծավալվել նաև նրա և Կարեն Ասլանյանի սիրավեպի մասին․ «Նման մեկնաբանություններ ինքս էլ լսել եմ: Ես ու Կարենը շատ լավ ընկերական հարաբերություններ ունենք: Որևէ ավել բան չկա, չենք էլ մտածում այդ ուղղությամբ: Մարդիկ այդպես են մտածում թե՛ առօրյա կյանքում համատեղ լուսանկարներ հրապարակելու պատճառով, թե՛ ֆիլմից հետո, սակայն իրականում նման բան չկա»:
Դիանան շեշտեց, որ Կարենն իրեն շատ է օգնում․ «Որպես պրոդյուսեր՝ Կարենի հայտնվելն իմ կյանքում ամեն ինչ փոխեց: Եթե Կարենը չլիներ, ես չէի ունենա նոր երգ, նոր տեսահոլովակ, մի փոքր առաջադիմություն չէի ունենա երգի ասպարեզում, սերիալում չէի նկարահանվի, որովհետև ինքն ինձ առաջարկեց մասնակցել քասթինգին»:
Որպես դերասանուհի՝ կարիերան կշարունակի՞, թե՞ ոչ, Դիանան դեռ չգիտի: Ասում է՝ մասնագիտությամբ երգչուհի է, գուցե, միայն այդ ուղղությամբ շարունակի ճանապարհը: Նա նշեց, որ որպես երգչուհի ստեղծագործում է էստրադային ոճում: Թեև այսօր երգիչների զգալի մասը ռեստորաններում երգելով են եկամուտ ստանում, Դիանան այս հարցում դեռ հաստատակամ է․ «Միտք չունեմ դառնալու ռեստորանային երգչուհի: Ես երգում եմ ինձ համար, ժողովրդի համար, բայց չեմ գնա ռեստորանում երգելու: Հարցն այն չէ, որ ես դրանում վատ բան եմ տեսնում, պարզապես չեմ պատրաստվում գնալ ռեստորանում երգելու»:
Դիանայի արտաքինը ևս հասցրել է հայտնվել լսարանքի քննարկումների կենտրոնում: Նրան վերագրում են շուրթերի մեծացում, քթի պլաստիկ վիրահատություն: «Վստահեցնում եմ, իմ շրթունքները բնական են, քիթս վիրահատած չէ: Քանի որ շնչառական խնդիր ունեմ, ինչը նաև երգելուս է խանգարում, հետագայում կվիրահատեմ քիթս, սակայն միայն միջնապատս: Արտաքին փոփոխություններ անել չեմ ցանկանում: Ես գոհ եմ իմ արտաքնից: Պլաստիկ միջամտությունների մեջ վատ բան չեմ տեսնում, եթե մարդիկ զգում են դրանց կարիքը, սակայն ինքս չեմ ուզում»,- եզրափակեց նա:














