DJ-ական ռեկորդ․ DJ Ocean-ը նվագել է Արագածում՝ 3200 մետր բարձրության վրա՝ ռեկորդը գրանցելով «Դյուցազնագրքում»
Էլեկտրոնային երաժշտությունն ու 3200 մետր բարձրությունն արդեն փոխկապակցված են ռեկորդով․ Ալբերտ Կուրշուդյանը, որը հայտնի է DJ Ocean բեմական կեղծանվամբ, progressive house, melodic techno և underground երաժշտական ոճերն իր հետ բարձրացրեց Արագած լեռ ու մեկուկես ժամ նվագեց այնտեղ՝ միքսելով ոճերը:
Հայաստանում նա դարձավ առաջին DJ-ը, որին հաջողվել է այս բարձրության վրա ապահովել երաժշտական այդ ոճերի հնչողությունը։ Նրա ռեկորդը գրանցվեց Գինեսի ռեկորդների գրքի օրինակով Հայաստանում ստեղծված «Դյուցազնագրքում»:
Tert.am Life-ը ներկա է եղել միջոցառմանն ու ներկայացնում է հետաքրքիր դրվագները:
Հայաստանի ամենաբարձր կետերից մեկում ռեկորդ սահմանած երիտասարդն այս ոլորտում է արդեն 4 տարի, իսկ DJ-ի աշխատանքով հետաքրքրված է 15 տարեկանից։ Ասում է՝ հետաքրքրությունը ժամանակի հետ վերածվեց մասնագիտության և, անգամ, ապրանքանիշի։ Երաժշտության սիրահարներն Ալբերտին գիտեն ոչ միայն DJ Ocean, այլև Аll-Bert կեծանվամբ: Նա նշեց, որ Doperfect music ապրանքանիշի շրջանակում փորձելու են Հայաստան հրավիրել տարբեր արտիստների և Հայաստանում զարգացնել «անդերգրաունդ» երաժշտության այս նախագիծը:
Անդրադառնալով ռեկորդին՝ DJ Ocean-ն ասաց, որ իր թիմի հետ արդեն երկու ամիս է՝ աշխատում են ռեկորդը սահմանելու ուղղությամբ։ Նրա խոսքով՝ ի սկզբանե իրենք գնում էին ոչ թե ռեկորդ սահմանելու, այլ նորությամբ ներկայանալու ճանապարհով։ Ավելի ուշ նկատել են, որ իրենց նախաձեռնությունը Հայաստանում կարող է լինել ռեկորդային։
«Ուսումնասիրելով և հետևելով այս ոճում արտասահմանյան ստեղծագործողներին՝ նկատեցինք, որ բավականին ակտուալ է դարձել տարբեր բարձրությունների, սարերի վրա լավ միջոցառումներ կազմակերպելը։ Այս ամենը տեսնելով՝ փորձեցինք մենք ևս նմանատիպ մի բան կազմակերպել: Հասկացանք, որ Հայաստանում դա նաև ռեկորդ կլինի»,- ասաց DJ-ը։
Առաջին հայացքից, գուցե, հարց առաջանա, թե բարձրության վրա տեխնիկայով երաժշտություն ապահովելու ի՞նչն է ռեկորդ, ո՞րն է դժվարությունը: DJ Ocean-ի խոսքով՝ տեխնիկական բարդությունները շատ են․ «Առաջնային խնդիրներից են հնչողությունը, ճնշումը, շնչառությունը։ Մենք մի բարձրության վրա ենք, որտեղ բացի ճնշման տատանումները, որը ևս լուրջ խնդիր է, առաջանում է նաև երաժշտության հնչողության խնդիր։ Այստեղ քամի է, բաց տարածություն, որտեղ երաժշտությունը, գրեթե, անկառավարելի է դառնում՝ ձայնը քամու հետ գնում-գալիս է, ինչն էլ լուրջ խնդիրներ է առաջարցնում միքսելու պահին»։
Դյուցազունների ասոցիացիայի նախագահ Վարդան Թովմասյանը, որը ևս ներկա էր միջոցառմանը, նշեց․ «Սա իսկապես յուրահատուկ ռեկորդ է, որը մեր գրանցելուց հետո աշխատելու ենք ներկայացնել նույնիսկ Գինեսում գրանցելու համար։ Իր տեսակի մեջ սա առաջին ռեկորդն է Հայաստանում։ Առհասարակ, ծովի մակերևույթից 3200 մետր բարձրության վրա ռեկորդ գրանցելն իսկապես բարդ է տարբեր առումներով, հատկապես, երբ խոսքը երաժշտության մասին է։ Ինքս մեծ հաճույքով եմ ընդունել հրավերը, որպեսզի ականատես լինեմ և գրանցեմ այս ռեկորդը»,- ասաց նա։
Նշենք, որ «Գինեսի» աշխարհի ռեկորդների գրքում գրանցված է նման մեկ ռեկորդ՝ այն սահմանել է Չիվոնգ Շիրփա անունով DJ՝ երաժշտություն ապահովելով և 8 ստեղծագործություն նվագելով Հիմալայներում՝ 5416 մետր բարձրության վրա։





















Լուսանկարները՝ Էլեն Գասպարյանի







