«Գալիս է մի պահ, երբ ուզում ես ամուսնանալ, երեխա ունենալ»․ Գոռ Բարսեղյանը՝ 32-ամյակի, անձնական կյանքի և հումորում իր սահմանի մասին
Օրերս հումորիստ, սթենդափեր Գոռ Բարսեղյանը նշել է 32-ամյակը։ Գոռի խոսքով` սովորաբար չի ծրագրույմ, թե ինչպես կանցկացնի տարեդարձը, սակայն գրեթե միշտ ավելի լավ օր է ունենում, քան կարելի էր ծրագրել։ Tert.am Life-ը Գոռի հետ զրուցել է տարեդարձի, հումորի, նախագծերի և իր «սթենդ ափ»-ների առանցքային թեմաներից մեկի՝ անձնական հարաբերությունների մասին։
«Առանձնապես կարևորություն չեմ տալիս օրվան, անգամ, շատ հարազատ մարդիկ կարող են ինձ չշնորհավորել և դրանից հարազատությունը կասկածի տակ չդնեմ։ Ըստ իս՝ դա մի օր է, որն ուղղակի մատնանշում է՝ դու մեկ տարով էլ մեծացար։ Այս տարի շատ հավես ենք նշել ծնունդս, չպլանավորված էր, բայց երկու օր տևեց։ Ընկերների, ընկերուհիների շրջապատում բավականին հետաքրքիր անցավ»,- ասաց Գոռը։
Նվերների տեսանկյունից հումորիստը խտապահանջ չէ: «Կան նվերներ, որոնք զուտ անհրաժեշտություն են այդ պահին և կցանկանայի դրանք ստանալ: Կան մարդիկ, ովքեր ստեղծագործում են և իրենց ստեղծագործություններն ինձ համար շատ ավելի մեծ նվեր են դառնում, կարող են նույնիսկ երգ ուղարկել, որին ծանոթ չեմ, բայց հավանեմ, դա էլ է լավ նվել, որովհետև երաժշտության մեծ սիրահար եմ։ Շատ-շատ շնորհավորանքներ եմ ստացել մարդկանցից, որոնց չեմ ճանաչում, իսկապես, զգացված եմ, որովհետև դա հետաքրքիր զգացողություն, էներգիա է տալիս,- ասաց Գոռն ու հավելեց,- իհարկե, լավ կլիներ «Բենթլի» նվիրեին»։
Ցանկությունների ցանկում առկա նպատակներից շատերը, ըստ Գոռի, հասցրել է իրագործել, առայժմ անկատար է մնացել ամուսնության հարցը․ «Փոքր ժամանակ միշտ ցանկությունների ցանկ ունեի, երբ հարցնում էին՝ ինչ նվիրենք քեզ, ցույց էի տալիս այն ու ասում՝ ինչը կարող եք, կողքին «պլյուս» դրեք։ Հիմա նայում եմ 15 տարի առաջ ունեցածս ցանկությունների ցանկին՝ թե՛ նյութական, թե՛ ոչ նյութական բաների մեծ մասն արդեն եղել է։ Մինչև հիմա չի իրակաբնացել ամուսնանալու, երեխաներ ունենալու ցանկությունը, բայց այնպես չէ, որ այդ հարցն ինձ համար ծայրահեղ է: Կարծում եմ՝ ամեն ինչ կլինի իր ժամանակին ու օրգանիկ,- ասաց նա, ապա հավլեց,- գալիս է մի պահ, երբ ուզում ես ամուսնանալ, հետո ասում ես՝ չէ: Կարող ես հարազատ մարդու երեխայի հետ մի քիչ խաղալ, երեխա ունենալու ցանկություն առաջանա: Դա զգայական համակարգը խառնում է իրար, բայց երբ սառն ես դատում, հասկանում ես, որ քո կյանքում ամեն ինչ լինելու է իր ժամանակին՝ չկա ուշ կամ շուտ։ 18 տարեկանում մտածում ես 25-ում ամուսնանալն արդեն ուշ է, իսկ 25-ում հասկանում ես, որ դեռ ամեն ինչ առջևում է»։
Գոռից հետաքրքրվեցինք՝ հիմա ընկերուհի ունի՞, թե ոչ․ «Հիմա ընկերուհի չունեմ: Չպետք է ինչ-որ մեկին ֆիքսես ու սկսել շփվել, պետք է սիրտդ կպնի, երբ սիրտդ կպնում է, կարողանում ես ինչ-որ քայլեր անել։ Հիմա ինչ-որ մեկին սիրտս կպա՞ծ է, թե՞ ոչ՝ չեմ ասի»։
Հումորիստի ներկայիս զբաղվածությունը «Շանթ» հեռուստաընկերության երկու նախագծում է՝ Sport Club-ում և Women’s Club-ում։ Ըստ Գոռի՝ ժամանակի սղության պատճառով երրորդ նախագծի մասին դեռ չի մտածում։
Դեռ տարիներ առաջ Գոռն ընկերների հետ իրականացնում էր Stand Up Yerevan նախագիծը, այդ ձևաչափը թողնել Գոռը չի պատրաստվում։ «Մեկնարկի, փորձելու, Հայաստանում ժանրը տարածելու համար այն շատ լավ հարթակ էր։ Stand Up Yerevan-ն իմ և ընկերներիս համար շատ կարևոր նախագիծ է, անպայման, ինչ-որ բան անելու ենք դրա հետ կապված։ Մեզ համար ցանկալի արդյունք ստանալու համար պահանջվում է շատ մեծ էներգիա, ժամանակ»,- ասաց նա ու հավելեց, որ այդ ձևաչափով ակումբային ելույթներ ունենալու առաջարկներ կան, սակայն ինքը մերժում է դրանք:
«Մի քանի տարի Stand Up Yerevan-ի շրջանակում ակումբային ելույթներ ունեցել ենք, հիմա հրավերներ շատ ավելի շատ են լինում, բայց մերժում ենք թե՛ ժամանակի սղության պատճառով, թե՛ ամեն ինչ իր ժամանակին անելու սկզբունքից ելնելով։ Ուրախալի է, որ շատ ակումբներ կան, որոնք ուզում են նույնիսկ ամեն շաբաթ ունենալ այդ ձևաչափի ելույթներ։ Սա իսկապես հետաքրքիր է, եթե 7 տարի հետ գնանք առաջ, անգամ դժվար էր մարդկանց բացատրել, թե ինչ է «սթենդ ափ»-ը։ Ճիշտ է, այդ տարիներին էլ էին մարդիկ ներկայանում այս ժանրով, բայց այսչափ տարածված չէր։ Հիմա ոչ միայն տարածվել է, այլև մարդիկ սիրել են ժանրը, անողները շատացել են, ինչը ևս լավ է»,- ընդգծեց դերասանը:
Ըստ Գոռի՝ հումորի տեսանկյունից ներկայումս որոշ կարծրատիպեր ու բարդույթներ կոտրվել են։ Տարիներ առաջ նա Արա Կազարյանի հետ վարում էր «Ուշ երեկոյան» հաղորդումը։ Ինչպես այդ հաղորդման, այնպես էլ Sport Club-ի շրջանակում հումորիստը հնարավորություն ունի գնահատելու, թե որքանով են բարդութավորված հայ հայտնիները, երկու նախագիծն էլ ենթադրում են փորձություններ հյուրերի համար։
«Ցանկացած անձ ունի բարդույթներ, կապ չունի՝ հայտնի՞ է, թե՞ ոչ։ Sport Club-ում ևս կա ռիսկի գործոն, համարձակություն և ինչ-որ շրջանակ, ուր հյուրերը, երբեմն, չեն ցանկանում մտնել։ Եթե համեմատենք «Ուշ երեկոյան» հաղորդման հետ, որը չորս-հինգ տարի առաջ էր, հայտնիներն այն ժամանակ ավելի փակ էին, քան հիմա։ Այս տարիների ընթացքում ինչ-որ բան փոխվել է, կարծում եմ, գնալով ավելի կփոխվի, ավելի համարձակ կլինեն, հատկապես, որ հեռուստադիտողներն ուզում են իրենց սիրելի հայտնիներին տեսնել ոչ սովորական իրավիճակներում»,- ասաց Գոռն ու հավելեց, որ նման մտածողությունը, հնարավոր է, երկրի փոքրությունից է գալիս։
Թե որքանով է այդ հանգամանքն ազդում հումորները գրելու վրա, ո՞րն է իր համար կարելիի և անկարելիի սահմանագիծը, Գոռն ասաց․ «Երկրի փոքրությունն այնքանով է ազդում, որ դու մեկի մասին հումոր ես անում, նա տաղավարից դուրս գալուց հետո չի նստում իր լիմուզինն ու գնում Բևեռլի Հիլզի իր տուն, կարող է մտնել խանութ ու տեսնել այն մարդուն, ով իրեն տեսել է այդ իրավիճակում: Ես հասկացել եմ, որ այդ բարդույթները կարող են այդտեղից առաջանալ։ Իհարկե, հումոր անող յուրաքանչյուրիս մեջ կա ներքին խմբագիր, ինքդ քեզ խմբագրում ես, հասկանում, թե ինչ կարող ես թույլ տալ քեզ, ինչ՝ ոչ։ Կարծում եմ՝ ճիշտ ձևակերպման դեպքում կարելի է անել ցանկացած հումոր, որը չի վիրավորում»։
Գոռի «սթենդ ափ»-ների առանցքային թեման անձնական հարաբերություններն են։ Հումորիստն ասաց, որ թեմաներն ընտրում է իրական կյանքից։ Հարցին՝ որքանո՞վ է ռիսկային հումորիստի ընկերուհին լինելը, նա պատասխանեց․ «Բավականին ռիսկային է։ Երբ «սթենդ ափ» էի անում և ունեի ընկերուհի, նա շատ ըմբռնումով էր մոտենում հարցին, կողմ էր, որ իր հետ կապված պատմությունը պատմեմ։ Իրականում, թաքցնելու որևէ բան էլ չկա, իմ ընկերուհիները նույնպես հումորով են եղել, եթե հումորով չլինեին, դժվար կողքիս լինեին»։
32-ամյա հումորիստը վստահ է, որ «սթենդ ափ»-ն այն ձևաչափն է, որում կարելի է ստեղծագործել ցանկացած տարիքում, որքան մեծ ես, այնքան ավելի հասուն են թեմաները։









