Սամվել Թոփալյանը Open World Toronto կինոփառատոնում առաջադրվել է «Լավագույն դերասան» անվանակարգում

16:10 • 18.09.19

Դերասան Սամվել Թոփալյանը ռեժիսոր Մհեր Մկրտչյանի «Լյուդվիգ անունով ոզնին» ֆիլմում մարմնավորած կերպարի համար Open World Toronto կինոփառատոնում առաջարդվել է «Լավագույն դերասան» անվանակարգում։ Սամվելը մրցանակի համար պայքարելու է դերասաններ Ուիլյամ Ռասսի և Հյուգո Դիեգո Գարսիայի հետ։ Ի դեպ, վերջինս առաջադրված է «Տոնի» ֆիլմի համար, որն արդեն հասցրել է մրցանակի արժանանալ 21 կինոփառատոնում առաջադրված 26-ից։

Tert.am Life-ի հետ զրույցում Սամվելը նշեց, որ անսպասելի է իմացել փառատոնում իր առաջադրվելու մասին։ «Եթե անկեղծ, այդ մասին իմացել եմ ֆիլմի ռեժիսորի՝ Մհեր Մկրտչյանի շնորհավորանքից։  Սա միջազգային առաջին փառատոնն է, որում ներկայացված եմ։ Առհասարակ շատ չեմ կենտրոնանում սպասումների վրա, Աստված առաջ, ինչպես ստացվի։ Այդ անվանակարգում հաղթանակը, բնականաբար, կտա լավ, դրական էմոցիաներ, սակայն ռեժիսորի հետ մեր ձգտումն ու մղումը դա չի եղել»,- նշեց դերասանը։  

Դերասանը նշեց, որ իր համար հետաքրքիր և կարևոր է եղել ոչ այնքան բուն արդյունքը, որքան դրան հասնելու ընթացքը։

««Լյուդվիգ անունով ոզնին» ֆիլմում ռեժիսոր Մհեր Մկրտչյանի հետ աշխատանքն ինձ համար իսկապես շատ  հետաքրքիր է եղել, այն էլ՝ նման կերպարով։ Կարծում եմ՝ ոչ միայն իմ, այլև Մհեր Մկրտչյանի համար է հետաքրքիր եղել աշխատանքային այն ընթացքը, որով անցել ենք։ Իրականում շատ հավես էր այն ամենը, ինչ տեղի էր ունենում նկարահանման հրապարակում։ Հավատացեք, որևէ ակնկալիք չենք ունեցել, թե արդյունքում ինչ ֆիլմ է լինելու, որևէ տեղ ներկայացվելո՞ւ է, թե՞ ոչ։ Մենք մեր գործն արել ենք շատ մեծ սիրով, ազնիվ ու անկեղծ»,- ասաց դերասանը։

Ինչ վերաբերում է առհասարակ մրցանակաբաշխությունների հանդեպ դերասանի վերաբերմունքին՝ Սամվելն ասաց․ «Ինձ համար մի փոքր աբսուրդային է արվեստում «մրցույթ» հասկացողությունը։ Սա մի դաշտ է, որտեղ ամեն մարդ ունի իր պատկերացումները, ճաշակը, երևակայությունն ու աշխարհը: Այդ համատեքստում չեմ հասկանում իրար հետ մրցելու բուն էությունը։ Իհարկե, եթե լավ առումով է դրսևորովում այդ պայքարը, հրաշալի է։ Անկախ ամեն ինչից, հաշվի առնելով, որ փառատոն բառում կա «տոն»-ը, արդեն այն հաղորդում է լավ ու դրական էմոցիաներ։ Եթե հաջողի, և մենք արժանանանք մրցանակի՝ շատ լավ կլինի»։

Ներկայիս զբաղվածության և նախագծերի մասին խոսելիս Սամվելն ասաց, որ հիմա իր հիմնական զբաղվածությունը թատրոնում է, ունի հեռուստատեսային մեկ նախագիծ՝ «Բարև Երկիր»-ը՝ Հանրային հեռուստաընկերության եթերում։

 

 

Սամվել Թոփալյանը Open World Toronto կինոփառատոնում առաջադրվել է «Լավագույն դերասան» անվանակարգում