Բենն ու Էդգարը դադարել են նկարահանվել «Երկուսով» սերիալում, նրանց փոխարենիում են Զիրոյանն ու Հայկը. սցենարիստը՝ միջադեպի մասին
Հոկտեմբերի 21-ից «Շանթի» եթերում կլինի «Երկուսով» նոր հեռուստասերիալը, որի մասին Tert.am Life-ը պատմել է իր ընթերցողներին դեռևս օգոստոսին: Սակայն նախագծի առաջին մանրամասները և այն, ինչ հեռուստադիտողները կտեսնեն եթերում, տարբերվում են իրարից: Մասնավորապես, պատմության գլխավոր հերոսին մարմնավորում էր Բեն Ավետիսյանը, նրա ընկերոջը՝ Էդգար Իգիթյանը: Նախագծի առաջին սերիաներն արդեն նկարահանվել էին, սակայն ավելի ուշ դերասանները փոխվել են: Բեն Ավետիսյանի փոխարեն ընտրվել է Զիրոյանը, Էդգար Իգիթյանի փոխարեն՝ Հայկ Հովհաննիսյանը, և նկարահանումները սկսվել են 0-ից:
Թեման պարզաբանելու համար Tert.am Life-ը զրուցել է հեռուստանովելի սցենարի հեղինակ Անի Մաղաքյանի հետ:
«Ես չէի ասի, որ խնդիր կա, պարզապես, մեր առաջ կար առաջադրանք ներկայացնելու բարձր որակի աշխատանք, որը մեր նախորդ գործերին չի զիջի ոչ որակային, ոչ էլ թեմատիկ առումով և ավելի լավը կլինի: Աշխատանքները սկսեցինք դերասանական կազմի հետ, որի հետ համաձայնության էինք եկել, սակայն ընթացքում կարիք եղավ նոր քասթինգ անելու և ամեն ինչ 0-ից սկսելու»,- ասաց Անին:

Դիտարկմանը, որ իրենք արդեն սկսել էին նկարահանումները, հայտարարել էին դերասանների անունները, ոչ Բեն Ավետիսյանի, ոչ էլ Էդգար Իգիթյանի հետ իրենց թիմն առաջին անգամ չէր աշխատում, առանց լուրջ պատճառի նման փոփոխություններ չեն արվում, Անին արձագանքեց, որ ի սկզբանե փոխվել է նախագծի ռեժիսորը՝ Մհեր Խաչատրյանի փոխարեն նախագիծը հանձնվել է Արամ Շահբազյանին: Վերջինս ղեկավարում է աշխատանքը, իսկ ռեժիսորները Հայկ Վարդանյանն ու Արթուր Սարիբեկյանն են։
«Բաժանվել ենք բարիդրացիական նոտայի վրա: Փոխվեց նախագծի ռեժիսորը, իսկ նման փոփոխությունը չի կարող անհետևանք մնալ: Սրանք դերասանների և անձնակազմի ներքին պայմանավորվածության հարցեր են, որոնք բարձրաձայնել չենք կարող»,- ասաց նա:
Սցենարիստից հետաքրքրվեցինք, թե անձամբ ինքն ինչ կարծիք ունի դերասանների փոփոխության մասին, որովհետև նրանց հետ աշխատելու տևական փորձ ունի. «Ափսոսում եմ, որ իրենց բացակայությունն անդրադարձավ սերիալի՝ ժամանակին եթեր գնալու վրա ու խափանեց մեր ծրագրերը: Դերասանական կազմի փոփոխության որևէ ափսոսանք չունեմ, որովհետև ներկայումս նախագծում ընդգրկված են հրաշալի դերասաններ, որոնց հետ աշխատանքը, վստահ եմ, շատ լավ արդյունք է տալու»:

Հարցին, թե հիմա ինչ հարաբերություններ ունի Բենի և Էդգարի հետ, Անին արձագանքեց, որ չեն քննարկել այս իրավիճակը. «Իմ վերաբերմունքը չի փոխվել: Մենք դերասանների հետ չենք քննարկել իրավիճակը, սակայն կարծում եմ՝ երկկողմանի ադեկվատ վերաբերմունք ունենք, ուղղակի այս անգամ այսպես դասավորվեց: Չեմ կարծում որևէ մեկս բացառենք հետագա աշխատանքն իրար հետ»:
Անին պատմությունը պատկերացրել և սցենար էր գրել համապատասխան Բեն Ավետիսյանին ու Էդգար Իգիթյանին: Խոստովանեց՝ փոփոխությունն իր համար էլ անհետևանք չի մնացել, սակայն նկատեց, որ շատ արագ է ադապտացել: «Նոր աշխատանքներին միացան Հայկ Հովհաննիսյանը, ում հետ արդեն աշխատել էի, շատ լավ տիրապետում էի իր միմիկային, ձայնին, հնարավորություններին: Զիրոյանի հետ նախկինում չեմ աշխատել, սակայն ինձ հետաքրքիր է աշխատել իր հետ, ր հետաքրքիր է, թե միասին ինչպիսին կդարձնենք կերպարը»:
Ինչ վերաբերում է Իննա-Բեն էկրանային զույգի շուրջ քննարկումներին և փաստին, որ երկրպագուներն արդն սպասում էին նրանց, Անին ասաց. «Հեռուստադիտողը գնում է կամ պատմության, կամ դերասանների հետևից: Մենք ներկայացնում ենք նոր պատմություն նոր դեմքերով: Ի վերջո, դերասանները սիրվում են պատմության շրջանակում»: Դիտարկմանը, որ հաճախ հենց դերասաններն են նպաստում, որպեսզի մարդիկ հետաքրքրվեն պատմությամբ, Բեն-Իննա զույգն արդեն հասցրել էր հայտնվել հեռուստադիտողների հետաքրքրության կենտրոնում, որովհետև հաճախ լուսանկարներ էին հրապարակվում նկարահանումների ընթացքից, նա արձագանքեց. «Թե՛ արդեն ճանաչված, թե՛ նոր դեմքերի հետ աշխատելիս նախագծի սկզբում չես իմանա՝ ինչ արդյունք կլինի: Երբեք չես կարող վստահ լինել, որ զույգը կսիրվի, անգամ, եթե առանձին շատ սիրված դերասանների հետ ես աշխատում: Այդ առումով էլ երկրպագուները մի քանի խմբի էին բաժանվել՝ մարդիկ, որոնք սպասում էին այս զույգին, ու մարդիկ, որոնք դերասաններին այլ մարդկանց հետ էին պատկերացնում: Տարիների աշխատանք ընթացքում սովորել եմ չգնալ հեռուստադիտողների քմահաճույքի հետևից, որքան էլ դա կարող է վատ հնչել: Երբեք չես կարող բոլորին գոհացնել»:
Անին հայտնեց, որ դերասանական կազմում այլ փոփոխություններ չեն եղել: Նախագծում խաղում են Մարինկա Խաչատրյանը, Վարուժան Մարգարյանը, Արա Դեղտրիկյանը, Գայանե Ավետիսյանը, Էվելինա Շահիրյանը, Գագիկ Մադոյանն ու այլ դերասաններ:










