«Թույլ մարդիկ են հաճախ սիրահարվում». Ժաննա Բուտուլյանի անկեղծ զրույցը սիրո, հիասթափության և ափսոսանքի մասին

17:46 • 15.01.20

«2019-ն ինձ համար կարևոր տարի էր՝ լի թե լավ, թե վատ էմոցիանորով: Բարդ ու շատ բուռն տարի էր». այսպես դերասանուհի Ժաննա Բուտուլյանը բնորոշեց իր 2019-ը՝ նկատելով, որ տարին հաջող էր աշխատանքային ու նոր ընկերներ ձեռք բերելու առումով:

Տարեսկզբին Tert.am Life-ը հանդիպել է Ժաննային ու հետաքրքիր զրույց ունեցել դերասանուհու հետ: 2019-ը նրա համար հեշտ չէր, առաջին մասնագիտությունը՝ հոգեբանությունը, այս տարի ավելի քան պետք էր նրան: Արդյունքում հասկացել է, որ պետք է վերադառնա այդ մասնագիտությանը:

-2019-ը բարդ բնորոշեցիր. ինչպե՞ս է հոգեբան Ժաննան օգնում քեզ, երբ բարդ ժամանակներ ես ապրում:

-Մասնագիտությունս ինձ շատ է օգնում: Հոգեբան Ժաննան այս տարի ձեռք բերեց նոր փորձ՝ ճանաչելով ու բացահայտելով մարդկային նոր տեսակներ, որոնց բախվելու առիթ նախկինում երբեք չէր ունեցել: Ավելի, քան երբևէ սկսել եմ մտածել հոգեբանի աշխատանքով զբաղվելու մասին: Այ, նոր ուսումս կարող եմ համարել լիարժեք:

-Ինչո՞ւ:

-Հաճախ ակնհայտ տեսնում եմ մարդու խնդիրն ու մտածում՝ երանի գիտակցեր, որ այ սա է իրեն խանգարում ապրել: Իրականում շատ դժվար է մարդուն հասկացնել, որ խնդիր ունի, երբ դիպչում ես նշանակետին, դիմադրություն ու կոնֆլիկտ է առաջացնում: Ամենաբարդն ինքդ քո ներս նայելու քաջություն ունենալն է: Երբ դա անում ես, խնդիրը լուծելը դառնում է շատ հեշտ, խնդիրը գիտակցելուց հետո լուծումն ինքնըստինքյան գալիս է:

-Հեշտ է խոսել այլ մարդկանց ուղղորդելու մասին, իսկ ինքդ քո ներս նայելու քաջություն ունե՞ս:

-Չեմ ուզում կրկնել շատ մարդկանց սխալն ու ասել, որ ես ինձ լիարժեք ճանաչում եմ, միշտ ներս եմ նայում, չեմ սխալվում, բայց ես փորձում եմ զբաղվել ինքնավերլուծությամբ: Մասնագիտությունս ինձ օգնում է, որովհետև նախ և առաջ մեզ սովորեցնում են ճանաչել և վերլուծել մեզ:

-Հիմա ի՞նչ ես տեսնում, երբ քո ներս ես նայում:

-Կյանքումս առաջին փուլն է, երբ հետ եմ նայում ու ինչ-որ բաների համար փոշմանում: Երևի, այս պահից է: Կան բաներ, որոնք այլ կերպ կանեի, բայց որպես քրիստոնյա հավատում եմ, որ յուրաքանչյուրս անցնում ենք այն ուղին, որով պիտի անցնենք, և դա է ամենաճիշտ ճանապարհը: Հետագայում երևում է, թե ինչն ինչու եղավ և նույնիսկ քո սխալները սկսում են աշխատել հօգուտ քեզ, սեփական փորձն անգին է:

-Ինչի՞ համար ես ափսոսում:

-Ափսոսում եմ դանդաղ ապրելու համար. շատ բաների, որոնց այսօր եմ հասնում, կարող էի շատ ավելի շուտ հասնել: Մյուս կողմից հասկանում եմ, որ դա գալիս է կյանքի փորձից: Ես այս կետում պիտի հասկանայի այս ամենը: Տեսակով ձեռնարկող չեմ, հաճախ գնում եմ հոսանքով: Դա անում եմ գիտակցաբար, բայց նախաձեռնողականություն չեմ ցուցաբերում: Երևի, մի քիչ պետք էր շտապել:

-Ինձ մոտ տպավորություն է, որ ներքին հակասությունների մեջ ես:

-Ճիշտ նկատեցիր, որ հակասությունների մեջ եմ, բայց այս զրույցի ընթացքում հասկացա, որ այդ հակասությունները բնականոն ընթացք են: Հիմա ինձ մոտ հայացքների պայքարի փուլ է: Որոշել եմ ավելի նախաձեռնող լինել և մասնակցել իմ կյանքին:

-Կյանքիդ ո՞ր փուլից ես ամենից շատ բացակա եղել:

-Վերջին 10 տարում ես իմ կյանքից բացակա եմ եղել (ծիծաղում է, հեղ.)

Որպես կանոն՝ հակասությունների փուլին նախորդում են հիասթափութունները:

-Հիասթափությունները շատ էին: Յուրաքանչյուր հիասթափության մեջ կա մարդու սխալը, հատկապես, իմ: Ես հասկացել եմ, որ պետք է ավելի շատ վստահեմ իմ ներքին ձայնին: Ես միշտ հիասթափվել եմ այն մարդկանցից, որոնցից իրականում սպասել եմ հարված: Միշտ տեսնում եմ ինչի է բերելու տվյալ հարաբերությունը, պետք է սովորես դադար տալ այն ժամանակ, երբ դեռ հարված չի եղել:

-Սիրահարվե՞լ էիր:

-(Ժպտում է, հեղ.) Չեմ ուզում այդ հիասթափությունը կոնկրետ բանի հետ կապել:

-Որքան էլ մարդն ինքնաբավ ու կայացած լինի, անձնական կյանքը շատ կարևոր է: 30 տարեկանից հետո անձնականի մասին մտորումները սկսում են անհանգստացնել ոչ միայն բարեկամներին: Որքանո՞վ է քեզ անհանգստացնում այս հարցը:

- Ինձ անհանգստացնում է հարցը՝ կա՞ արդյոք աշխարհում իմ կեսը: Ես եղել եմ սիրահարված, ինձ թվացել է, որ սիրում եմ, թվացել է, որ նմանություններ ունենք մարդու հետ, բայց երբեք այդ կեսի զգացողությունը չեմ ունեցել: Եթե լիներ այդ զգացողությունը, հարաբերությունները կլինեին երկարատև: Սերը չի կարող անցնել: Եթե մի բան անցնում է, ուրեմն այնքան ուժեղ չի եղել, որ կարողանա մարդկանց իրար կողքի պահել: Հիմա այդ հարցն է հետաքրքիր՝ առհասարակ, կա՞ այդ կեսի գաղափարը, թե, այնուամենայնիվ, պետք է ուղեղով մտածել: Այդ հարցում էլ եմ հակասությունների մեջ:

-Գուցե խնդիրն այն է, որ իդեալական հարաբերություննե՞ր ես փնտրում:

-Երբեք ոչինչ չեմ իդեալականացնում: Ընդունում եմ հարաբերության թե՛ դրական, թե՛ բացասական կողմերը: Ուղղակի, երևի, դեռ ժամանակը չէ: Դեռ չեմ հանդիպել այն մարդուն, որն ինձ ճիշտ կճանաչի, չի վերագրի ինչ-որ որակներ, չի դատի իմ աշխատանքով, ոլորտի մյուս մարդկանցով, չի վերագրի ինձ հատկանիշներ, որոնք տեսել է իր նախկին ընկերուհիների մեջ, չի դատի ինձ իր կոմպլեքսներով ու տրավմաներով, այլ կտեսնի այնպիսին, ինչպիսին կամ:

Ես ինձ համարում եմ ուժեղ մարդ, որը չի փրկվում հարաբերություններով: Բոլորս ապրում ենք վախերով, բայց ես չեմ փրկվում հարաբերություններով: Երջանիկ եմ իմ աշխատանքով, ընկերներով, ընտանիքով, հետաքրքրություններով: Չեմ ուզում շտապել ու վախով ընտրություն անել:

-Գիտակցել, որ պետք չէ փրկվել հարաբերություններով և վերահսկել զգացմունքները, տարբեր բաներ են: Ստացվո՞ւմ է:

-Երբ սիրահարված ես, ամեն ինչ ավելի գունեղ ես տեսնում, ավելի շատ ես հրաշքներ նկատում, ավելի բարի ես մարդկանց հանդեպ: Միգուցե տվյալ փուլում ավելի խիստ ու ռեալիստ եմ, թեև ես սիրում եմ լինել էմոցիոնալ և բարի: Գուցե դրա պակասն եմ զգում, բայց հասկանում եմ, որ այս պահին դա ավելի ճիշտ է:

-Կան մարդիկ, որոնք միշտ ունեն սիրահարվածության օբյեկտ, որովհետև այլ կերպ չեն կարող և մարդիկ, որոնք հազվադեպ են սիրահարվում: Դու ո՞ր տեսակին ես պատկանում:

-Ես հազվադեպ եմ սիրահարվում, կարևորություն տալիս ինչ-որ մարդու և շատ մեծ ինտերվալներով: Հաճախ սիրահարվելը բերում է հաճախ շփումների, հաճախ հիասթափությունների: Հազվադեպ սիրահարվելն ավելի դժվար է դարձնում կյանքը, ավելի  խորը՝ ապրումները, ավելի ծանր՝ հիասթափությունը (եթե վերջն այդպես է լինում), սակայն չեմ սիրում հաճախ սիրահարվող տեսակը: Մարդը, որը կարող է հաճախ սիրահարվել, ինձ համար թույլ է, նրա զգացմունքները՝ մակերեսային: Ինձ համար այդ մարդիկ վտանգավոր են, քանի որ կարող են շատ հեշտ հիասթափվել ու փոխարինել մարդուն մեկ ուրիշով: Հաճախ սիրահարվել նշանակում է շուտ սպառվել, որովհետև մենք սիրում ենք այնքան, որքան տալու բան ունենք: Եթե մեր միջինը շուտ է սպառվում, ուրեմն կամ մենք ենք մակերեսային, շտապել էինք սիրահարվել առանց ճանաչելու, կամ շտապել ենք հիասթափվել բավականաչափ ուժ չունենալու պատճառով դիմացինին ընդունելու այնպիսին, ինչպիսին կա:

-Որո՞նք են այն 3 ուղղությունը, որոնք այս պահին առաջնային են քո կյանքում:

-Առաջինը հավատքս. Ժամանակի հետ ավելի շատ եմ սկսում հասկանալ, թե ինչ է իրենից ներկայացնում իրական հավատքը: Հավատքը դա մոմավառությունը, աղոթելը, անվերջ խնդրելը չի, դա մարդկանց լավ վերաբերվելն է:

Երկրորդն իրական սիրո ուղին է, որը չեմ կարող տարանջատել հավատքից, որովհետև Աստված սեր է:

Երրորդն ինքնազարգացման ուղին է. ուզում եմ չդադարել զարգանալ, կատարելագործվել, որքան լայն է մտահորիզոնդ, այնքան ավելի քիչ ես քննադատում:

Լուսանկարները՝ Էլեն Գասպարյանի

 

«Թույլ մարդիկ են հաճախ սիրահարվում». Ժաննա Բուտուլյանի անկեղծ զրույցը սիրո, հիասթափության և ափսոսանքի մասին