«Դրանից հետո իմ ամբողջ կյանքը փոխվեց ու շարունակում է փոխվել»․ Շուշան Երիցյանը՝ նոր բնակարան գնելու, եկամուտների ու բիզնեսով զբաղվելու մասին
Մոդել Շուշան Երիցյանը ներկայումս հեռուստատեսային զբաղվածություն չունի, համեմատաբար, ավելի պասիվ է նաև սոցցանցերում։ Մոդելի խոսքով՝ մոտ մեկ տարի է՝ ունի սեփական բիզնես։ Tert.am Life-ը Շուշանի հետ զրուցել է եկամուտների, վաստակած առաջին գումարի ու բիզնեսի մասին։
27-ամյա մոդելն ասաց, որ արդեն հասցրել է վաստակել իր առաջին միլիոնը, սակայն ֆինանսական կողմի մասին նախընտրեց խոսել առանց թվերի։
«Առաջին անգամ գումար վաստակել եմ 18 տարեկանում, երբ սովորում էի ԵՊՀ-ում և համատեղության կարգով աշխատում էի հասարակական կազմակերպությունում։ Այդ գումարը հարազատներիս տվեցի։ Ինչ վերաբերում է ներկայումս գումար վաստակելուն՝ վաստակել եմ այն ամենը, ինչն ինձ բավարար է իմ ուզած կյանքով ապրելու համար։ Ես հասկացել եմ, որ եթե ուզում ես քեզ մոտ բոլոր հարցերում ամեն ինչ լավ լինի, պետք է չբարձրաձայնես այդ մասին։ Մոտ մեկ տարի է՝ բիզնեսով եմ զբաղվում։ Փակագծերը չեմ բացի, միայն կնշեմ, որ խոսքը «պասիվ բիզնես» կոչվածի մասին է, որովհետև ես ավելի շատ սիրում եմ ինձանով զբաղվել և չհեռանալ կանացի իմ բնույթից»,- ասաց նա։

Մոդելը շեշտեց, որ իր կյանքում հոնորարների պակաս չի ունեցել։ Հարցին, թե ո՞րն է եղել իր ամենամեծ եկամուտն ու ինչի՞ համար են նրան այդքան հոնորար առաջարկել, Շուշանը ժպիտով պատասխանեց․ «Չեմ կարող առանձնացնել կամ հիշել։ Հնարավոր է՝ տարօրինակ հնչի, բայց ես չեմ մտածում նյութական հարցերի մասին»։
Նախկինում արած իր գրեթե բոլոր գնումները Շուշանը «խենթ» է որակում։ Խոսելով առատաձեռնության ու գնումների մասին՝ նա նշեց․ «Նախկինում չմտածված առատաձեռն էի, ինչը համարում եմ իմ կյանքի ամենամեծ բացթողումներից։ Հիմա բոլոր քայլերս գիտակցված են։ Ես շատ գիտակցված եմ ծախսում և՛ իմ, և՛ հարազատներիս կյանքում ավելի լավ պայմաններ ստեղծելու համար։ Երբեք գումար չեմ ծախսի անառողջ ապրելակերպի՝ կենդանական ծագման սննդի, խմիչքի, ծխախոտի համար։ Արդեն մեկ տարի է, ինչ բուսակեր եմ»։
Ավելի վաղ մոդելը սոցցանցերում հայտնել էր, որ ձեռք է բերել իր երկրորդ բնակարանը․ «Օրերս վերջացրին իմ բնակարանի շինարարական աշխատանքները և բանալին հանձնեցին ինձ։ Իհարկե իմ ամենամեծ ձեռքբերումը նյութական չէ, բայց, վստահաբար, դա իմ կյանքի ամենամեծ հարստությունն է։ Կարծում եմ՝ այն կշարունակի մնալ իմ կյանքի ամենաթանկ հարստությունը, որը ես երբևէ կունենամ։ Չեմ կարող բառերով բացատրել, բայց դրանից հետո իմ ամբողջ կյանքը փոխվեց ու շարունակում է փոխվել»։

.jpg?1580904829078)
.jpg?1580904527266)












