«Քայլեր եմ անում բնական տեսքին մոտենալու համար»․ Էլեն Ասատրյանը՝ մազերի կարճ սանրվածքի, իր ոճում և կյանքում տեղ գտած փոփոխությունների մասին

17:51 • 11.02.20

Դերասանուհի Էլեն Ասատրյանն օրերս որոշել է փոխել ոճը և հրաժարվել է երկար վարսերից։ Tert.am Life֊ի հետ զրույցում Էլենը խոսել է իր ոճում և առօրյայում տեղ գտած փոփոխությունների մասին։

Դերասանուհին նշեց, որ երկար մազերից հրաժարվելու որոշումը կայացնելուց հետո մի փոքր կասկած է ունեցել, սակայն հետ չի կանգնել իր մտքից․ «Նման սանրվածք փոքր տարիքում եմ ունեցել։ Վերջին տարիներին ինձ միայն երկար վարսերով կարելի էր տեսնել, սակայն գիտեի, որ կարճ սանրվածքը խորթ չի նայվելու։ Անհանգստություն չունեի, բայց երբ տեսա, թե ինչպես են կտրվում երկար մազերս, մի պահ մտացեցի՝ գուցե սխա՞լ եմ անում։ Հետո, տեսնելով վերջնական արդյունքը, շատ հավանեցի։ Առաջին հայացքից է անսովոր,֊ ասաց Էլենն ու ծիծաղելով հավելեց,֊ սովորության համաձայն անընդհատ փորձում եմ ձեռքով ուղղել երկար մազերս, հետո հիշում եմ, որ արդեն կարճ են»։

 
 
 
View this post on Instagram

Coming soon

Դերասանուհին ասաց, որ լավ արձագանքներ ու հաճոյախոսություններ է լսում իր նոր կերպարի մասին․ «Հիմնականում բոլորն ասում են, որ վաղուց պետք է կտրեի մազերս, անընդհատ տարբեր հաճոյախոսություններ եմ լսում, ինչը շատ հաճելի է։ Իհարկե, հակառակ տեսակետներ էլ եմ լսում, սակայն դրանք էլ կապված են ափսոսանքի հետ, թե ինչպես հրաժարվեցի մազերիս բնական երկարությունից։ Իմ դեպքում մազերի աճի խնդիր չկա, եթե որոշեմ երկարեցնել, շատ արագ կերկարի»։

Էլենն ասաց, որ մինչև այս փոփոխություններ չի արել, հատկապես, ոճի հարցում։ «Ինձ ճանաչողները գիտեն, որ ես միշտ նույն կերպարի մեջ եմ եղել, սակայն այս քայլով հասկացա, որ ոճափոխություններ իսկապեո պետք են։ Մի տեսակ նոր, թարմ հետաքրքիր զգացողություն է։ Փոփոխություններին լավ եմ վերաբերվում, որովհետև դրանք պետք են։ Կյանքն էլ ամեն օրվա հետ փոխվում է, պետք է պատրաստ լինել, եթե դեռ լավ չէ, դա նշանակում է, որ դեռ վերջը չէ»,- ընդգծեց նա։

Դերասանուհին ասաց, որ հիմա ձգտում է բնական տեսք ունենալ․ «Մոտ մեկ տարի է, ինչ մազերս չեմ ներկում։ Նորաձևության միտումները փոխվում են դեպի բնականություն, ես էլ քայլեր եմ անում բնականին մոտենալու համար, վերջին ժամանակներս հրաժարվել եմ նաև արհեստական թարթիչներից։ Կարծում եմ՝ ամեն ինչի բնականն ավելի գեղեցիկ է, քան «ռաբիս», արհեստական հավելումը։ Իհարկե, արտահայտիչ դիմահարդարում անում եմ, սակայն միայն առիթների համար»։

Էլենի խոսքով՝ իր առօրյայում էլ կարևոր փոփոխություն է արել․ «Մոտ քսան օր է, ինչ հաճախում եմ մարզասրահ։ Իհարկե, մարզվելն ինձ բարդ է տրվում, որովհետև ֆիզիկապես շատ թույլ եմ, ընկերներիցս մեկն անգամ ասում է, թե ես իր ճանաչած ամենաանպաշտպան էակն եմ։ Բարդ է, բայց մարդը պետք է սիրի իր մարմինը, հոգ տանի նրա մասին, մարզվի և գեղեցիկ կազմվածք ունենա։ Ինձ համար սա զգալի փոփոխություն է»։