«Լեան ծնվեց Վիվիենից յոթուկես տարի հետո, ես ու Հայկը շատ էինք սպասում նրան». Դիանա Շատվերյանը՝ 02.02.2020-ին երկրորդ երեխայի ծննդի և իր 35-ամյակի մասին

17:14 • 17.02.20

02.02.2020-ին դիզայներ Դիանա Շատվերյանը երկրորդ անգամ մայրիկ դարձավ: Նա կրկին դուստր ունեցավ, որին իր ու ամուսնու՝ Հայկի ընտրությամբ տվեցին Լեա անունը: Փոքրիկի մասին խոսելիս Դիանան փայլում է երջանկությունից: Ասում է՝ երկրորդ երեխայի ծնունդը շատ սպասված էր իրենց ընտանիքում: Դիանան այսօր նշում է 35-ամյակը, այս տարի տարեդարձն ավելի երջանիկ է, չէ՞ որ ավելի մեծ ընտանիք ունեն:

Փոքրիկի ծննդից հետո Դիանան առաջին հարցազրույցը վստահել է Tert.am Life-ին ու պատմել ընտանիքի նոր անդամի, ավագ դստեր հետ հոգեբանական ճիշտ աշխատանք տանելու կարևորության և ամուսնու հետ հարաբերությունների մասին:

02.02.2020-ը մենք ընտրեցինք

Դիանայի և Հայկի երկրորդ երեխան լույս աշխարհ եկավ տարվա խորհրդանշական օրը՝ 02.02.2020-ին: Դիանան ասաց, որ կեսարյան հատման օրն իրենք են ընտրել, սակայն չեն շեղվել բժշկական ցուցումից. «Ես չէի կարող կամակորությամբ ընտրել այդ օրը: Բժիշկն ընտրություն է տալիս, դիապազոնն ընդամենը 4 օր է: Քանի որ 02.02.2020-ը մտնում էր  4 օրվա մեջ, դա ընտրեցինք, ինչու ոչ: Եթե այդպես չլիներ, ես չէի մտածի այդ ուղղությամբ: Ինձ համար առաջնայինը երեխայի առողջությունն է»:

Անվան ընտրությունը՝ Լեա, ամուսինները համատեղ են արել: Դիանան նույնիսկ չի հիշում, թե առաջինն ում մտքում է ծագել այդ տարբերակը: «Վիվիենի դեպքում էլ այդպես եղավ: Չեմ հիշում՝ ով առաջարկեց, ով համաձայնեց, որովհետև երկուսիս սրտով անուն էր: Եթե արդեն չեք հիշում՝ ով առաջարկեց անունը, նշանակում է՝ ճիշտ ընտրություն եք արել: Այս անգամ ևս երկուսս էլ ֆիքսվեցինք մի անվան վրա: Մինչև վերջին պահը մտածում էի՝ բա որ երեխան Լեայի նման չլինի, բայց նման էր:)»,- ասաց նա:

Երկրորդ երեխայի ծնունդը լիարժեք վայելում ես

Դիանան նկատեց, որ հիմա փորձառու մայրիկ է, խուճապի չի մատնվում, ինչը շատ է հեշտացնում ամեն բան: «Առաջին երեխայի ծննդի ժամանակ դու խուճապի մեջ ես, չգիտես՝ քեզ ինչ է սպասվում՝ սկսած քո ֆիզիկական փոփոխություններից, վերջացրած հոգեբանական կողմով: Շատ վախեցած ես պատրաստվում, մտածում ես՝ ոչինչ չես հասցնելու, երեխայի ծնվելուց հետո ամեն ինչի համար դողում ես՝ գույնը, մաշկը, լացը: Երկրորդ երեխայի դեպքում շատ ավելի թեթև ես տանում, գիտես, որ, օրինակ, մաշկի գունային փոփոխությունը սարսափելի չէ: Առաջին երեխայի ծնվելիս այնքան ես խառնվում, որ չես հասցնում վայելել: Երկրորդի ժամանակ լիարժեք վայելում ես: Իմ դեպքում տարբերությունը բավականին մեծ էր՝ յոթուկես տարի: Սրտիս թրթիռը, զգացողություններս նույնն էին, կարծես, առաջին անգամ լիներ, միայն վախս չկար»,- ասաց դիզայներն ու հավելեց, որ ինքն ու ամուսինը դեռ չեն կարողանում հավատալ իրենց երջանկությանը:

Դիզայները շեշտեց, որ երեխայի ծնունդը շատ լավ է ազդել իր և ամուսնու հարաբերությունների վրա: «Երբ երկար դադարից հետո ունենում եք երկրորդ երեխա, որին և՛ դու, և ամուսինդ շատ էիք սպասում, դա ձեր ընդհանուր երջանկությունն է: Մենք հասկացանք, որ մենք դա արել ենք: Այդ արտահայտությունն ամեն ինչ ասում է: Մենք ոչ մի պահ չենք կարողանում թաքցնել մեր երջանկությունը: Լեան շատ սպասված էր մեր ընտանիքում: Երեխայի ծնունդը ամուսինների հարաբերությունների մեջ ուրիշ թարմություն, նորություն է բերում: Կարծում եմ՝ երեխայի ծնունդը զույգին նոր էմոցիաներ է պարգևում, երիտասարդացնում է կնոջը,- ասաց Դիանան ու հավելեց, որ ամուսինն էլ է փորձ ձեռք բերել որպես հայրիկ: -Իրականում նույն էտապները տղամարդն էլ է անցնում: Երկրորդ երեխայի դեպքում ինքն էլ ավելի փորձառու ու համարձակ է»:

Հայկն ինձ շատ է օգնում, բայց հետծննդաբերական դեպրեսիայից խուսափել հնարավոր չէ

Մայրիկը նկատեց, որ ամուսինն իրեն շատ է օգնում, թեև կան հարցեր, որոնց դեպքում ինքն օգնություն չի ակնկալում: Դիանան վստահ է՝ ընտանիքի մթնոլորտը մեծապես կնոջից է կախված. երեխայի խնամքը չպետք է ծանրացնել. «Հայկն ինձ շատ է օգնում: Իհարկե, կան հարցեր, որոնց դեպքում ինքս չեմ ուզում և չեմ պատկերացնում, որ նա պետք է օգնի: Ես համաձայն չեմ, երբ կանայք ասում են՝ թող անի, իմանա, որ բարդ է: Դա էլ է հոգեբանություն. որքան չես ծանրացնում իրավիճակը, այնքան թեթև է անցնում թե՛ քեզ, թե՛ ամուսնուդ համար: Կնոջ վերաբերմունքը շատ մեծ նշանակություն ունի, երբ նա ընկնում է դեպրեսիայի մեջ, ամեն ինչ սխալ ուղղությամբ է տանում»:

Այնուամենայնիվ, դիզայները նկատեց, որ հետծննդաբերական դեպրեսիայից որևէ կին չի կարող խուսափել. «Իմ կյանքի ռիթմը շատ զբաղված էր, հիմա իմ առօրյան գլոբալ փոխվել է: Կինն անզոր է այդ դեպրեսիայի առջև, բայց պետք է հնարավորինս պայքարի: Ես դեպրեսիվ մարդ չեմ, սակայն դժվար է դրան դիմադրել, հատկապես, առաջին օրերին. արցունքներդ ակամայից գալիս են: Դա բոլորի մոտ լինում է, անկառավարելի է, սակայն երբ հերթը հասնում է մեծ դեպրեսիային, կարծում եմ, ամեն ինչ մեր ձեռքերում է: Սեփական փորձով եմ զգացել, որ հոգեբաններից, դեղորայքային միջոցներից և ամեն ինչից առաջ կինը պետք է օգնի ինքն իրեն: Քո ընտրությունն է՝ օգտագործել թուլության պահն ու հասկանալ, որ կարող ես քեզ խղճալ, ընկնել դեպրեսիայի մեջ կամ՝ ոչ: Շատ հեշտ է ընտրել առաջին տարբերակն ու ասել՝ ես վատ եմ: Դա կարող է ամիսներ տևել, բայց պետք է ինքդ քեզ հանես այդ վիճակից»:

Իմ ներկայությունը երեխայիս կյանքում անփոխարինելի է, մնացած ամեն ինչ երկրորդական է

Այս առումով կանանց շատ է օգնում աշխատանքի վերադառնալն ու տանը փակված չմնալը: Դիանան ևս շուտով կվերադառնա աշխատանքի, սակայն պասիվ գրաֆիկով: Դիզայները շեշտեց, որ չի պատրաստվում աշխատել ի վնաս երեխայի:

«Ես չեմ պատրաստվում երեխայի կյանքի առաջին՝ շատ կարևոր ամիսները զոհել ինչ-որ բանի համար: Իմ ներկայությունն իր կյանքում շատ կարևոր և անփոխարինելի է, մնացած ամեն ինչ երկրորդական է: Կվերադառնամ աշխատանքի, բայց այնքան, որ դա չխանգարի իրեն: Ես բանկի աշխատակից չեմ, որ 9-18-ը չկարողանամ երեխայիս տեսնել, ազատ գրաֆիկով եմ աշխատում և կարող եմ իր քնելու ժամերին թեթև գրաֆիկով աշխատել: Ես փորձում եմ ակտիվ առօրյա ունենալ, բայց ոչ ի վնաս երեխայի: Իհարկե, դա  հեշտ չէ, բայց հնարավոր է,- ընդգծեց Դիանան ու հավելեց, որ դայակի օգնության չի դիմում,- Մենք շատ լավ տատիկներ ունենք, որոնք  շատ են օգնում մեզ: Իհարկե, տանն ունեմ օգնական, որովհետև ֆիզիկապես չեմ հասցնում,սակայն նա օգնում է մյուս գործերում, երեխայի հետ ես և տատիկներն ենք զբաղվում»:

Վիվիենը շատ լավ ընդունեց քույրիկին

Դիանան նշեց, որ ավագ դուստրը՝ 7-ամյա Վիվիենը, մեծ ոգևորությամբ է ընդունել քույրիկին: Դիզայները շեշտեց, որ այս հարցում շատ կարևոր է ծնողների ճիշտ մոտեցումը. «Մենք նախապես շատ երկար խոսել ենք այդ մասին: Հղիությանս ամբողջ ընթացքում իրեն տրամադրել ենք, որը տանը նոր անդամ ենք ունենալու: Ասում էի՝ ինձ կօգնե՞ս չէ երեխային լողացնել, խնամել, նկարել: Իր մասնակցությունն այնքան կարևորեցինք այս ամենի մեջ, որ ինքն էլ սկսեց այդպես տրամադրվել ու շատ սպասել քույրիկին»:

Դիտարկմանը, որ երեխաները շատ մեծ սպասումով են լցվում, սակայն երկրորդ բալիկի  հայտնվելուց հետո զգայական դաշտը փոխվում է, ակամայից խանդ է առաջանում, Դիանան արձագանքեց, որ ծնողները պետք է ճիշտ մոտեցում ցուցաբերեն ավագ երեխային:

«Ես էլ էի մինչև վերջին օրն անհանգստանում այդ թեմայով, բայց, փառք Աստծո, ինչպես տրամադրվել էր, այդպես էլ ընդունեց երեխային: Մինչև այս պահն ամեն ինչ անում է, ուզում է օգնողի դերում լինել: Միաժամանակ, մենք չենք ուզում, որ նա զրկվի երեխա լինելու զգացողությունից, որովհետև ինքը մեծ քույրն է, պետք է լինի խնամողի ու պաշտպանողի դերում, բայց ինքն էլ դեռ երեխա է: Չեմ ուզում մտածի, որ մեծ է, իր ուսերին պատասխանատվություն կա, ուզում եմ հասկանա, որ երկուսն էլ երեխա են, քույրեր են ու պետք է սատարեն իրար: Ինքը սիրով ընդունեց այդ փաստը: Կարծում եմ՝ ավագ երեխայի հանդեպ ճիշտ վերաբերմունքը շատ կարևոր է: Եթե ինչ-որ բան այն չի գնում, շատ դեպքերում ծնողներն են մեղավոր լինում: Ինչպես կինն է հետծննդաբերական դեպրեսիայի մեջ լինում, այնպես էլ  երեխան է ադապտացիոն դեպրեսիայի շրջան ապրում: Շատ  ծնողներ մտածում են, եթե շատ բան թույլ տան, երեխան անվերահսկելի կդառնա, «կլկստվի», բայց հակառակը, երեխան շատ սուր զգում է փոքրիկ տարբերությունը: Եթե փոքրին քաղցր խոսք ասես, իրեն նկատողություն անես, ֆիքսելու, հիշելու և պարտադիր ասելու է այդ մասին: Մենք մտածված որոշել էինք, որ այդպես չենք անելու, բայց պատահական այդպես ստացվեց, և Վիվիենը հիշեցրեց մեզ: Ես հասկացա, որ շատ ցավոտ էր տարել այդ փաստն ու շատ ավելի ուշադիր դարձա: Ադապտացիոն փուլից հետո, իհարկե, կարող ես նկատողություն անել, խոսքն այն մասին չէ, որ երեխան անդաստիարակ մեծանա, որովհետև տանը երկրորդ երեխա է հայտնվել, ուղղակի սկզբնական փուլում պետք է շատ նրբանկատ լինել»,- ասաց Դիանան:

Երեխայի համար կարելի է հարմարավետ և նորաոճ հագոիստ ընտրել

Դիզայներ մայրիկը երեխայի համար հագուստ ընտրելիս առաջնայնությունը տալիս է հարմարավետությանը, բայց չի մոռանում նրա ոճի մասին: Ասում է՝ 21-րդ դարում ընտրության հնարավորությունը շատ մեծ է. «Իհարկե, հարմարավետությունը միանշանակ առաջնային է, բայց  չենք մոռանում նորաձևության մասին: Միևնույն է, ընտրում եմ այն, ինչ ինձ է դուր գալիս, օրինակ, իր ձմեռային կոմբինեզոնը արծաթագույն է՝ սպիտակ մորթիով, որն այս տարվա թրենդն է: Կարծում եմ՝ ընտրությունը մեծ է, նույն հարմարավետ հագուստի մեջ կարող ես ընտրել ճաշակով և անճաշակ հագուստ»:

Ինձ 35 տարեկան չեմ զգում

Այսօր Դիանան տոնում է 35-ամյակը: Դիզայները տարեդարձին պատրաստվում է շատ ավելի երիտասարդացած և ոգևորված, չէ՞ որ արդեն կրկնակի մայրիկ է: Ասում է՝ իր տարիքը չի զգում:

«Երբ ասում են՝ 35 տարեկան, կարծես, ինձ հետ չլինեն: Ինձ վրա չեմ  վերցնում պատասխանատվությունը, որ ես եմ այդ 35 տարեկան կինը, որովհետև 35 տարեկանում արդեն կին պիտի ասեն:) Քանի որ հոգեպես ինձ չեմ զգում այդ տարիքում, ուշադրություն չեմ դարձնում այդ թվին: Այն անձնագրում է, մնացածը քո հոգեվիճակն է, որը չի փոխվում»,- ասաց նա ու հավելեց, որ ավագ դուստրն ամեն տարի նվերներ է մատուցում իրեն, Լեան դեռ միայն իր ներկայությունը կարող է նվիրել մայրիկին:

«Ես երջանիկ եմ, որովհետև հիմա մենք ավելի շատ ենք, մեր ընտանիքն ավելի մեծ է, զգացողություններս շատ լավն են: Ինձ շատ է ուրախացնում իր ներկայության փաստը, այն, որ մյուս տարի ինքն էլ է մասնակցելու ծննդիս: Դա շատ հավես ա: Միայն դրական էմոցիաներ ունեմ»,- ասաց Դիանան:

Դիանան շեշտեց, որ երեխայի ծննդից հետո կինն ավելի է երիտասարդանում: Շատ մայրիկների անհանգստացնող քաշի խնդիրը Դիանան չի ունեցել, շատ արագ է վերականգնել նախկին քաշը: Նա նշեց, որ հղիության ընթացքում հատուկ սննդակարգի չի հետևել, միայն առողջական տեսանկյունից է հետևել սննդակարգին: «Ավելորդ կիլոգրամների մասին չեմ մտածել, թեև հաճելի է, որ նման խնդիր չունեցա: Ուրախ եմ, որ գենետիկորեն այնպես է ստացվել, որ քաշ հավաքելու խնդիր չունեցա»,- ասաց նա:

«Լեան ծնվեց Վիվիենից յոթուկես տարի հետո, ես ու Հայկը շատ էինք սպասում նրան». Դիանա Շատվերյանը՝ 02.02.2020-ին երկրորդ երեխայի ծննդի և իր 35-ամյակի մասին