«Առանց անցյալի սխալներն ընդունելու հանգիստ ու լուսավոր ապագա չի լինի»․ Գարիկ Մարտիրոսյանի կինն իրական պատմությամբ հուզիչ գրառում է արել Հայոց Ցեղասպանության մասին
Շոումեն Գարիկ Մարտիրոսյանի կինը՝ Ժաննա Լևինան, Ինստագրամի իր էջում Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցին նվիրված հրապարակում է արել։
Նա տեղադրել է ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ ռուսական և հայկական մշակութային գործիչների, հայտնիների մասնակցությամբ նկարահանված տեսահոլովակը և գրառում արել։
«Ցեղասպանություն, 1915: Այսօր Օսմանյան Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցն է։ Ցեղասպանությունը խլել է մեկուկես միլիոն հայի կյանք, սա միայն պաշտոնական տվյալներով։ Այդ դեպքերի ականատեսի պատմությունը, կարծում եմ, ազգի վիշտն էլ ավելի խորը հասկանալու հնարավորություն կտա։ Ազգ, որն արդեն երկար տարիներ ձգտում է Թուրքիայի և ամբողջ աշխարհի կողմից ցեղասպանության ճանաչմանը»,- գրել է Ժաննան։
Շարունակելով՝ նա հետևորդներին է ներկայացրել ցեղասպանությունն անցած ու փրկված մի մարդու պատմություն․ «1914 թվականի օգոստոսի վերջին երկու թուրք ժանդարմ հորս տարան։ Ես նրան ուղեկցում էի, արտասվում ու խնդրում, որ բաց թողեն։ Հայրս գրկեց ինձ, ապա հրամայեց տուն գնալ։ Պատուհանից նայում էի, թե ոնց են թուրք ժանդարմները մեր գյուղի տղամարդկանց փողոց հանում ու տանում։ Ավելի ուշ իմացանք, որ նրանց տարել են անապատ, որտեղ տանջամահ են արել։
Տղամարդկանց վերացնելուց հետո, 1915 թվականի ապրիլի 24-ին սկսվեցին մասսայական կոտորածներն Արևմտյան Հայաստանի և Թուրքիայի տարածքում։ Լուսաբացին թուրք ժանդարմները եկան գյուղ ու սկսեցին առանց բացառության կալանավորել բոլորին։ Նրանք հաշվի չէին առնում սեռը, տարիքն ու առողջական վիճակը։ Մեզ հավաքեցին գյուղի մեջտեղն ու շրջապատեցին։ Ժանդարմները հրազենով, դաշույններով ու մտրակներով էին զինված։ Անտապատ տարան բոլորին։ Նրանց, ովքեր ծարավի և քաղցի պատճառով չէին կարողանում շարունակել ճանապարհը, դահիճները մորթում էին, կացնով հարվածում։ Մարդիկ սկսեցին խմել կեղտոտ ջուր, քանի որ պետք է ծարավը հագեցնեին։ Սպանվում էին նրանք, ովքեր ցանկանում էին ջուր խմել։ Դաշույններով, թրերով բացում էին հղիների որովայնը, ապա դուրս բերում մանկիկներին, նրանց սրով պահում էին գլխավերևում, երգում էին ու պարում թմբուկների ուղեկցությամբ։
Ամբոխը բռնաբարում էր աղջիկների ու երիտասարդ կանանց, հետո հարվածում դաշույնով, կացնահարում։ Փոքրիկներին ստիպում էին գերեզմաններ փորել իրենց համար, ապա նրանց թաղում էին կենդանի վիճակում։ Հաջողվել է փրկվել եզակիների։ Երբ ժանդարմները թաղում էին երեխաներին, մեզ՝ ինձ, մորս ու երեք քույրերիս հաջողվեց փախչել անտառ։ Այնտեղ մեզ օգնեցին փրկվածները։ Մի որոշ ժամանակ ապրում էինք անտառում՝ ուտում հատապտուղներ, սունկ կամ տեղի գյուղացիների բերած սնունդը։ Մեզ փրկեցին հայ ֆիդայիները, նրանք մեզ տարան ծովի մոտ, որտեղ մեզ սպասում էին փրկարարական նավակները։ Դրանցով մենք հասանք Աբխազիա ու գնացինք Սուխումի»»։
Ժաննան այս պատմությունն ամփոփել է իր խոսքով․ «Անցյալի համար պետք է կարողանալ պատասխան տալ, պետք է կարողանալ ընդունել անցյալը։ Առանց անցյալի սխալներն ընդունելու երբեք հանգիստ ու լուսավոր ապագա չի լինի»։







