«Ուզում եմ ինձ այլևս չկապեն «Միքս շոու»-ի հետ». Անահիտ Կիրակոսյանն այլևս չի վարի «Միքս շոու»-ն
Դերասանուհի Անահիտ Կիրակոսյանն այլևս չի ներկայանալու «Միքս շոու» նախագծի շրջանակում, որը տարածում գտավ համացանցային հարթակներում: Անահիտն Ինստագրամի իր էջով հաճախ հրապարակումներ էր անում այս նախագծից: Tert.am Life-ի հետ զրույցում Անահիտը հայտնեց, որ խնդիրներ եղել են, բայց չմանրամասնեց, թե ինչ խնդիրների մասին է խոսքը:
«Ուզում եմ հայտնել, որ ինձ այլևս չեք տեսնի նախագծում, ինձ հետ չեք տեսնի նաև իմ էջերը, որովհետև մենք հաղորդման համահեղինակներ էինք, երկու էջի՝ «Հարսանիքի» և «Ռիսկ ու ճշմարտություն» էջերի հեղինակը ես եմ եղել: Ընդ որում՝ եթե «Ռիսկ ու ճշմարտությունն» այնպիսի էջ էր, որը հիմա շատ մեծ տարածում գտավ ու Ինստագրամում շատերը ռիսկային քայլերի են դիմում, ապա «Հարսանիք» էջը ես. անկասկած, շարունակելու եմ արդեն իմ հեղինակային ձևաչափով: Վստահ եմ՝ ընկերներս ինձ հետ կլինեն, արդեն իսկ շատ համաձայնություններ կան»,- ասաց Անահիտը:
Դերասանուհին շնորհակալություն հայտնեց բոլոր այն գործընկերներին, որոնք անշախահախնդիր, առանց վայրկյան մտածելու համաձայնել են մասնակցել նախագծին, իր հետ անակնկալ մատուցել մարդկանց:
Հարցին՝ թե իր կարծիքով իր անունը որքանո՞վ է նպաստել նախագծի կայացմանը՝ Անահիտը պատասխանեց. «Բնականաբար, ցանկացած ֆորմատում, երբ կա արդեն կայացած, հայտնի դեմք, ձևաչափն ասոցացվում է այդ մարդու հետ, ինչպես թատրոնում է՝ մարդիկ հաճախ գալիս են դերասանին տեսնելու համար: Այդ իսկ պատճառով ուզում եմ ինֆորմացիա տալ, որ ինձ այլևս չկապեն «Միքս շոու»-ի հետ, որքան էլ դա ինձ համար ցավալի է, որովհետև ես ջանք ու եռանդ չեմ խնայել և հոգի եմ ներդրել այդ նախագծի կայացման մեջ»:







