«Անգամ կես օր օվկիանոսի ափին չեմ հանգստացել». Վարդան Սարգսյանը՝ աշխարհի ամենատգեղ մարդուն ու 47 երեխա ունեցող կնոջը հանդիպելու և վայրի ցեղերի հարսանիքին մասնակցելու մասին
Հաղորդավար Վարդան Սարգսյանը Աֆրիկա ճամփորդությունից երեկ է Հայաստան վերադարձել, որտեղ մեկնել էր «Աշխարհի համերով» և «Տնից հեռու» նախագծերի շրջանակներում: Tert.am Life-ի հետ զրույցում Վարդանը պատմել է ճամփորդության հետաքրքիր դրվագների մասին:
«Հաղորդումների համար վերջին նկարահանումներն իրականցրել էինք պատերազմից առաջ Եգիպտոսում: Նոյեմբերի վերջից ցուցադրում էինք այդ հաղորդումները, իսկ հիմա կրկնություն է մինչև հաջորդ շաբաթ: Փետրվարի 7-ից նոր եթերաշրջանը կշարունակվի, բավականին հետաքրքիր է լինելու, քանի որ այս անգամ 24 օրով Աֆրիկա՝ Ուգանդա և Տանզանիա էինք մեկնել, եղել ենք նաև Զանզիբար կղզում: Ինձ համար Ուգանդան ավելի Աֆրիկա էր, քան Տանզանիան, քանի որ Տանզանիայում զբոսաշրջիկները շատ են, այն բիզնեսային է դարձել, իսկ Ուգանդայում չկար գրեթե ոչ մի զբոսաշրջիկ»,- ասաց նա:
Վարդանի խոսքով՝ հեռուստադիտողին հետաքրքիր բացահայտումներ են սպասվում, քանի որ նույնիսկ իր համար անսպասելի մասնակցել է վայրի ցեղերից մեկի ներկայացուցիչների հարսանեկան արարողությայնը:

«Այնտեղ տղան աղջկա հետ ամուսնանալու թույլտվություն ստանալու համար աղջկա ընտանիքին պետք է կենդանիներ նվիրի և որքան շատ, այնքան լավ: Հենց այն պահին ենք ներկա եղել, երբ տղան ցուլ էր նվիրում, իսկ աղջկա կողմնակիցներն ընդունում էին հավանելու դեպքում և հետ տալիս՝ չհավանելու դեպքում: Ամենահետաքրքիրը դրոն բարձրացնելու պահն էր, վախեցել էին, մտածում էին, թե ինչ-որ կռիվ է: Պարզվում է՝ անցած տարի աշխարհի ամենատգեղ մարդը մրցույթում հաղթողն Ուգանդայից է: Հանդիպել եմ նաև նրան, նկարահանումներ իրակացրել, զարմացա՝ որքան աղքատ պայմաններում է ապրում: Շփվելուց հետո հասկացա, որ հոգով շատ լավ մարդ է: Նկարահանել ենք նաև Գինեսի գրքում գրանցված ռեկորդակիր մի կնոջ, ում կեղծանունը «Մամա Ուգադա» է և ով 47 երեխա է լույս աշխարհ բերել՝ ամեն անգամ 5-8 երեխա: Փորձել ենք հետաքրքրությունը մաքսիմալ պահել»,- նշեց նա:
Ըստ հաղորդավարի՝ անհարմար իրավիճակում են հայտնվել Տանզանիա մեկնելիս: «Պետք Ուգանդայից հետո Տանզանիա մեկնեինք, բայց այդ օրը նոր օրենք կար, որ պետք է երկրից դուրս գալիս կորոնավիրուսի բացասական թեստ ունենայինք: Մենք ամբողջ օրը նկարահանումների էինք եղել ու այդ մասին չգիտեինք: Գնացինք օդանավակայան ու տեղեկացանք, որ չենք կարող մեկնել: Վերադարձանք, արագ թեստավորվեցինք ու ասեմ, որ դա բավականին թանկ արժեր, միայն մեկ թեստն արժեր 150 դոլար և այնքան մակերեսորեն էին թեստավորում: 6 ժամ հետո ստացանք բացասական պատասխանը և ուզում էինք ինտերնետում տոմսեր ամրագրել: Քանի որ երկրի իշխանությունների հետ կապված խնդիրներ կային և ընտրություններ էին, մեկ օրով ամբողջ երկրում անջատել էին ինտերնետը: Ստիպված գնացինք օդանավակայան, որտեղ ևս ինտերնետ չկար: Մեր անունները գրեցին ինչ-որ թղթի վրա՝ որպես տոմս, հետո թղթի վրա նկարված տվեցին, թե որտեղ պետք է նստենք ինքնաթիռում: Շատ հետաքրքիր էր, կարևորը հասանք Տանզանիա»,- ընդգծեց նա:

Վարդանը նկատեց, որ երբեք չի ցանկացել գնալ այնպիսի երկրներ, որոնք շքեղ են: «Չէի ուզում գնալ Դուբայ, նկարահանել այնտեղի շքեղությունը, այլ այն, ինչ հեռուստադիտողին իսկապես կհետաքրքրեր: Քանի որ ճանապարհորդել շատ եմ սիրում, մինչև մեկնելը քննում եմ, թե ինչ հետաքրքիր պատմություններ, մարդիկ կան տվյալ երկրում: Հեռուստադիտողները հաղորդումը դիտում են, մտածում՝ գնում-պտտվում գալիս է, բայց, իրականում, այդ ամենը կազմակերպելը բարդ է, և ես ոչ մի օր չեմ հանգստանում: Այս անգամ 4 օր Զանզիբար կղզում ենք եղել, բայց անգամ կես օր օվկիանոսի ափին չեմ հանգստացել, ամբողջ օրը նկարահանումներ ենք իրականացրել: Հաջորդ անգամ Բրազիլիա եմ գնալու, արդեն որոշված է, մեկնելու եմ սեպտեմբերին»,- ասաց նա:
Վերջում Վարդանը նաև հայտնեց, որ ամիսներ առաջ իր «Խենթ-խենթ-խենթ» երգի հիման վրա նկարահանված իր և Ռաֆայել Երանոսյանի նոր տեսահոլովակի պրեմիերան նախատեսում են փետրվարին:











