«Հեռուստադիտողը հավատաց, որ սեր կա». «Սարի աղջիկ» սերիալից Անիտա Ավետիսյանը՝ Բեթի-Սարո զույգի սիրվելու և քննադատություններից նեղսրտելու մասին

18:59 • 22.03.21

«Սարի աղջիկ» հեռուստասերիալից լսարանին հայտնի դարձած Անիտա Ավետիսյանի համար նախագիծը դեբյուտային էր: Անիտան մի քանի ամիս է, ինչ նկարահանվում է, Tert.am Life-ի հետ զրույցում ասաց, որ արդեն դերասանական խաղի մեջ աճ է նկատում:

«Խաղի առումով աճ եմ նկատում: Երբ հետ եմ նայում, տեսնում, թե ինչպե՞ս էի նախկինում խաղում, հասկանում եմ՝ շատ մեծ տարբերություն կա այսօրվա համեմատությամբ: Ինչքան նկարահանվում եմ, տեսնում եմ, որ սովորելու ինչ-որ բան ունեմ: Վաղն էլ, երբ գնամ նկարահանումների, գիտեմ, որ ինչ-որ բան կսովորեմ: Առաջին նկարահանումների ժամանակ լարվածություն կար, որն արդեն չկա, վախ ունեի, որը ևս անցավ: Այդ ամենն իմ խմբից է գալիս, ինձ շատ օգնեցն, որ արագ ադապտացվեմ: Սկզբում իմ մասնակցությամբ սերիաները շատ էի դիտում, որ սխալներս ուղղեմ: Հիմա ժամանակս չի ներում, բայց փորձում եմ ժամանակ գտնել ու դիտել»,- նշեց նա:

Ըստ երիտասարդ դերասանուհու՝ հատկապես բարդ են տրվում զգացմունքային տեսարանները: «Զգացմունքային տեսարաններ խաղալը հեշտ չէ, բարդ է սեր խաղալ առանց սիրելու, բայց հուսով եմ՝ կարողանում ենք ինչ-որ չափով արդարացնել հանդիսատեսի սպասումները: Իմ ու Սարոյի (հեղ. դերասան Թելման Խաչատրյանի) զույգը շատ է սիրվել: Անկեղծ չէի սպասում նման արձագանքի, երբ մեր զույգը ձևավորվեց, սկսեցին շատ էջեր բացել մեր անուններով: Երևի, կարողացանք ճիշտ մատուցել, հեռուստադիտողը հավատաց, որ սեր կա, այդ պատճառով սիրեց մեր զույգը»,- ասաց նա:

Անիտայի խոսքով՝ երիտասարդ դերասանուհուն մասնագիտական ուղի հարթելու համար նախ աշխատասիրություն է պետք, որովհետև եթե այն չկա, չես կարող պայքարել, հասնել քո նպատակին: «Կարևոր է նաև փորձը, որի վրա սովորելով մենք մասնագիտանում ենք: Իմ մասնագիտական ճանապարհին շատ բարդություններ չեն եղել, բայց առանց դրանց անհնար է: Եթե նպատակ ունես, չպետք է կոտրվես: Նույնիսկ երբ կոտրվում ես, պետք է հիշես նպատակիդ մասին ու արագ ոտքի կանգնես: Ինձ մոտ նաև մասնագիտական հիասթափություններ են եղել, բայց հաղթահարել եմ դրանք հանուն նպատակի»,- ընդգծեց նա:

Դերասանուհին անկեղծացավ՝ կողքից շատ կարծիքներ է լսում: «Լսում եմ, որ կողքից ասում են՝ իրենք էլ կարող են նույնն անել, ի՞նչ եմ ես անում, բայց հանրային մարդ լինելը հեշտ չէ: Երբ սկսում են քննադատել, անկախ քեզնից, այդ ամենն ազդում է քեզ վրա, հոգնում ես հանրային լինելուց: Երբ քո կողմից ինչ-որ սխալ է արվում, կապ չունի, թե ինչ սխալ է. կարող ես դրսում մի սխալ շարժում, կադրում սխալմունք թույլ տալ, դա կդառնա մեզ պատմություն: Այդ պահերին հասկանում ես՝ կցանկանայիր, որ ամեն ինչ առաջվանը լիներ: Այդ շրջանը տևում է մի քանի օր, հետո կրկին հիշում ես նպատակի մասին: Սկզբում քննադատություններն ինձ վրա ավելի շատ էին ազդում, բայց հիմա փորձում եմ ուշադրություն չդարձնել, աշխատում եմ ականջներս փակել, չլսել, որ չնեղսրտեմ: Իհարկե, խոսքն առողջ քննադատությունների մասին չէ: Երբեմն, նույնիսկ պատասխանում եմ քննադատություններին, կարող եմ սրտիկ ուղարկել՝ ի նշան այն բանի, որ ինձ վրա ուշադրություն են դարձրել»,- պատմեց դերասանուհին:

Անիտան նաև շեշտեց, որ հիմա հստակ գիտի, թե որ ուղղությամբ է ուզում շարունակել: «Երգն ու դերասանությունն առանձնացնել չեմ կարողանում, այդ ոլորտներն ինձ նույնքան հարազատ են և շատ նմանություններ ունեն: Երկուսի դեպքում էլ հանրային մարդ ես, դերասանության շնորհիվ էլ տեսախցիկների առջև քեզ դրսևորելու փորձ ես ձեռք բերում: Դրանից հետո, երբ նկարահանվում ես քո տեսահոլովակում, կարողանում ես սերը, տխրությունը ճիշտ ցույց տալ,- ասաց նա և հավելեց՝ իր հիմնական մասնագիտությունը՝ նկարչությունը, այս պահին մի փոքր ետին պլանում է,- Այդպես է ստացվել, թեև նկարել շատ եմ սիրում: Ազատ ժամանակ իմ արվեստի դպրոց եմ գնում, երեխաների հետ նկարում: Շատ եմ սիրում փոքրիկների հետ ժամանակ անցկացնել, նրանց հետ շփումը լցնում է օրս, բարությունը շատ է օգնում, մանավանդ որ այն այսօր շատ քիչ կարելի է հանդիպել»:

«Հեռուստադիտողը հավատաց, որ սեր կա». «Սարի աղջիկ» սերիալից Անիտա Ավետիսյանը՝ Բեթի-Սարո զույգի սիրվելու և քննադատություններից նեղսրտելու մասին