«Ամենաէժան գնումս ջինսե տաբատն է՝ 7. 000 դրամ, իսկ ամենաթանկը՝ կոշիկը՝ 100.000 դրամ». «Միսս տիեզերք Արմենիա 2019» Դայանա Դավթյանը՝ բրենդամոլ չլինելու և ոճային նախընտրությունների մասին
Հայտնի մարդկանց ոճն ու սիրելի իրերը ներկայացնող շարքի շրջանակում Tert.am Life-ն այս անգամ ներկայացնում է «Միսս տիեզերք Արմենիա 2019» Դայանա Դավթյանին: Նրանից հետաքրքրվել ենք, թե ի՞նչ ոճի հագուստ է հագնում առօրյայում: Դայանայի խոսքով՝ որքան էլ տարբեր ոճերի հագուստ է սիրում, սպորտային հագուստ այնքան էլ չի նախընտրում:
«Թեկուզ առօրյայում էլեգանտ ոճն եմ նախընտրում: Ամեն ինչ տրամադրությունիցս է կախված, բայց լայն հագուստ շատ հազվադեպ եմ հագնում, սիրում եմ կառուցվածքս ընդգծող հագուստ հագնել: Սպորտային հագուստ ևս սիրում եմ, բայց ոչ առօրյայում, հագնում եմ մարզասրահում և այնտեղ դա կանացի է դիտվում, բայց նույնը առօրյայում կանացի չի լինի: Այսօրվա նորաձևությունը չեմ սիրում, և դրանով չեմ առաջնորդվում, հիմա նորաձև համարվող լայն վերնաշապիկներից ես չունեմ: Ամեն մարդ պետք է հագնի այն, ինչ իրեն է սազում: Ես միշտ էլ օվերսայզ հագուստ չեմ սիրել, թեև կարող է մեկը լինել, որ ինձ շատ դուր գա և հագնեմ»,- ասաց նա:
Ըստ Դայանայի՝ սիրում է, երբ զգեստները կամ կարճ են կամ էլ գրգռաճեղք ունեն: «Եթե նույնիսկ զգեստն ամբողջովին փակ լինի, պետք է կազմվածքն ընդգծի, յուրահատկություն ունենա: Իմ կարծիքով՝ այն զգեստի մեջ, որում աղջիկն իրեն լավ է զգում, նա կարող է կանացի համարվել»,- նշեց նա:

Գեղեցկուհու տիտղոսակիրն ընդգծեց, որ գնումներ շատ է սիրում, խանութներ հաճախ է գնում, բայց խանութներով երկար պտտվել չի սիրում: «Եթե տրամադրություն չեմ ունենում, գնումները տրամադրությունս բարձրացնում են: Սիրում եմ գնել հատկապես կոկտելային զգեստներ: Երբ խանութ եմ գնում, այն, ինչ ինձ միանգամից դուր է գալիս, վերցնում եմ՝ ի տարբերություն մայրիկիս, ով սիրում է երկար պտտվել ու դրանից չի հոգնում: Մայրս միակ մարդն է, ում հետ իմ ճաշակը համընկնում է, նույնիսկ հագուստ ունենք, որից գնել ենք երկուսիս համար,- ասաց նա և հավելեց, որ օնլայն գնումներ երբեք չի արել,- Վերջերս նկատում եմ, որ գեղեցիկ հագուստ, կոշիկներ կան, որոնք խանութներում առկա չեն: Որքան էլ անսովոր է, կփորձեմ նաև օնլայն գնումներ անել»:
Դայանան նկատեց, որ իր զգեստապահարանում գերակշռում են վերնաշապիկները, որովհետև ավելի շատ դրանց կարիքն է զգում: «Կարող եմ մեկ ջինսե տաբատը մեկ շաբաթ հագնել, բայց վերնաշապիկները փոխել ամեն օր: Առհասարակ, եթե ինչ-որ բան ինձ դուր է գալիս, այնքան երկար եմ հագնում, որ հոգնում եմ: Զգեստապահարանումս նաև շատ հագուստ կա, որ հագել եմ մեկ անգամ, բայց պահում եմ, որովհետև կարող եմ մի օր հագնել: Ես բրենդամոլ չեմ, կարող եմ հագնել և՛ թանկ, և՛ մատչելի հագուստ: Կարևոր է, որ հագուստն ինձ դուր գա և որակյալ լինի: Ունեմ ջինսե տաբատ, որը գնել եմ 7. 000 դրամով, դա ամենաէժան գնումս էր: Առհասարակ, ջինսե տաբատներ շատ եմ սիրում, բայց դրանք պետք է կառուցվածքն ընդգծող լինեն: Իսկ ամենաթանկ գնումս եղել է կոշիկը, որը գնել եմ 100. 000 դրամով»,- եզրափակեց Դայանան:











