«Հուսով եմ՝ ժամանակի ընթացքում կրկին կքայլեմ, շատ պլաններ կային, որոնք կիրականացնեմ թեկուզ անվասայլակով»․ վթարի ենթարկված դերասանուհի Թամարա Գևորգյանի գրառումը և սպասվող երրորդ վիրահատությունը
Դերասանուհի Թամարա Գևորգյանը մոտ 2 շաբաթ առաջ վթարի է ենթարկվել։ Այս ընթացքում նա Tert.am Life–ին ասել էր, որ այս փուլում նախընտրում է չխոսել վթարի մասին, քանի որ առողջական խնդիրը բավականին լուրջ է։ Հարգելով դերասանուհու ցանկությունը՝ որևէ հրապարակում չէինք արել։
Թամարան գրառում է արել Ֆեյսբուքի իր էջում։ Վաղը սպասվում է նրա երրորդ վիրահատությունը։
«Շնորհակալ եմ առողջականիս մասին հետաքրքրվող լրագրողներին, բայց հարցազրույցներ տալու ցանկություն իսկապես չունեմ… Պարզապես կասեմ, որ վաղը երրորդ վիրահատությունս կկատարվի և հույս ունեմ, որ ամեն բան հաջող ավարտ կունենա ու ժամանակի ընթացքում կրկին կքայլեմ… Շատ պլաններ կային, որոնք կիրականացնեմ թեկուզ անվասայլակով։
Շնորհակալ եմ ինձ սիրող ու ինձ համար լավը կամեցող բոլոր ծանոթ-անծանոթներին... Շնորհակալ եմ նաև այն մարդկանց, ովքեր նույնիսկ մարդու դժվար պահին չեն կարողանում իրենց չարությունը թաքցնել և հրապարակավ վատ մեկնաբանություններ են թողնում... Դուք այս ընթացքում ինձ շատ օգնեցիք։ Հասկացա, որ ոտքս փրկել հնարավոր է, իսկ շատերի չարացած հոգիները՝ ոչ։ Մի բան կասեմ միայն... Թող Աստված բոլորիդ առողջ պահի»,– գրել է նա։








