«Արյունոտ խաղադրույք». ինտրիգային նոր հեռուստաֆիլմ՝ հայտնի դերասանների մասնակցությամբ

13:00 • 03.09.21

«Արյունոտ խաղադրույք»․ այսպես է կոչվում «Արմենիա Պրեմիում» հեռուստաալիքի 20 մասանոց նոր նախագիծը, որում խաղում են Գևորգ Գրիգորյանը, Լիա Զախարյանը, Հայկ Սարգսյանը, Արմեն Սողոյանը, Էմմա Սապունջյանը, Մկրտիչ Քեբաբչյանը, Մագա Հարությունյանը, Լիլի Միքայելյանը, Գոռ Համբարձումյանը, Վահագն Սամվելյանը, Մխիթար Ավետիսյանը, Էվա Խաչատրյանը և այլք։

Հեռուստաֆիլմի պրեմիերան սպասվում է հոկտեմբերի 12-ին, մինչև այդ ընթանում են նկարահանումները։ Tert.am Life–ը ներկայացնում է նախագծի բեքսթեյջն ու հետաքրքիր մանրամասները։

Հեռուստաֆիլմի ժանրը թրիլլեր է։ Նախագծի պրոդյուսեր Արա Բաղդասարյանը վստահ է, որ հեռուստադիտողին շատ հետաքրքիր նախագիծ է սպասվում։

«Իսկապես չափազանց հետաքրքիր, տարբերվող, ինտրիգային սյուժեով լի հեռուստասերիալ է, որն իր տեսակով նորույթ է հայկական հեռուստաեթերում»,– ասաց նա ու հավելեց, որ նախագծի ռեժիսորը Հարութ Շատյանն է, սցենարի հեղինակը Հարություն Ղուկասյանն է, որի հետ իրենց թիմն առաջին անգամ է համագործակցում:

Արան պատմեց, որ սյուժեի հիմքում առաջին հայացքից պարզ խաղ է, որը մասնակիցների համար կենաց-մահու պայքար է դառնում՝ խլելով հերոսներից շատերի կյանքը։

«Միջազգային ՏՏ ընկերությունը որոշում է մրցույթ անցկացնել սմարթ սարքերի ներկայացման համար և այն ցուցադրել ուղիղ եթերում՝ վերածելով յուրօրինակ շոուի, որի ժամանակ հանդիսատեսը ուղիղ եթերում հետևում է խաղի մասնակիցներին։ Կանոնները շատ պարզ են․ մինչև 30 տարեկան 12 մասնակից պետք է հաղթահարեն որոշակի քանակի արգելքներ։ Յուրաքանչյուր մրցույթի պարտվողը դուրս է մնում հետագա պայքարից։ Հաղթողը ստանում է մրցանակ 500 միլիոն դրամի չափով։ Առաջին հայացքից շատ պարզ թվացող մրցույթը մասնակիցների համար վերածվում է իսկական մղձավանջի, կենաց-մահու պայքար է սկսվում ոչ թե գումարային մրցանակի, այլ սեփական կյանքը փրկելու համար»,– պատմեց պրոդյուսերը։

Թե ովքեր և ինչու են կազմակերպել այս ամենը, հեռուստադիտողները կբացահայտեն հերոսներին զուգահեռ։

Ի դեպ, այս ժանրում աշխատելու փորձ թիմն արդեն ունի։ Հենց նրանք են իրականացրել «Քավարան», «Փրկեք մեր հոգիները» նախագծերը, որոնց դեպքում ևս հեռուստադիտողները  հերոսներին զուգահեռ էին փորձում հասկանալ, թե ով ինչ նպատակ է հետապնդում։