«16 տարի առաջ էր դերասանական փորձը, բայց լավ առաջարկի դեպքում կհամաձայնվեմ». Լուսինե Թովմասյանը՝ նոր նախագծերի, հաղորդավարուհու կերպարի և 2023-ի նպատակների մասին

16:44 • 12.01.23

«Միսս Հայաստան 2003», «Վիցեմիսս Եվրոպա 2005» Լուսինե Թովմասյանը վերջին տարիների ընթացքում հանդես է գալիս հաղորդավարուհու դերում և ներկայացրել է իր՝ «Կնոջ օրագիրը» հաղորդաշարը, որն արդեն հասցրել է սիրվել հեռուստադիտողների կողմից: Tert.am Life-ը 2023-ը՝ նոր սկիզբ» խորագրի շրջանակներում խոսել է Լուսինե Թովմասյանի հետ, որը պատմել է հաղորդման, նախորդ տարվա ձեռքվերումների, դերասանությամբ զբաղվելու և 2023-ի նպատակների մասին: 

-Նախորդ տարվա ընթացքում Հանրային հեռուստաընկերության եթերում մեկնարկել է «Կնոջ օրագիրը» հաղորդաշարը, որի հաղորդավարուհին եք: Ինչպե՞ս ստեղծվեց հաղորդումն ու գաղափարը:

-Եթե համեմատենք «Առողջ ապրելակերպ» հաղորդման հետ, ապա պետք է նշեմ, որ այս ձևաչափն ինձ ավելի հոգեհարազատ է: Թեմաները, հարցազրույցները, ընթացքն ու ձևաչափը ներառում է բոլոր այն հարցերը, որոնք հուզում են ինձ և բազմաթիվ այլ կանանց: Հետաքրքիր ընթացք է, երբ այդ պատասխանները ստանում ենք, թե՛ հայտնի մարդկանց միջոցով, թե՛ մասնագետների միջոցով: Ինքս փորձում եմ ընթացքից քաղել առավելագույնը՝ կատարելագործվելով և սովորելով:

-Հաճախ հեռուստադիտողը տեսնում է արդեն ամբողջական հաղորդման պատկերը, ինչպե՞ս եք Ձեզ զգում հաղորդավարուհու կարգավիճակում հենց հարցազրույցի ձևաչափում: 

-Մեծ և պրոֆեսիոնալ թիմ է աշխատում նախագծի վրա, որոնք անում են առավելագույնը, բայց հարցազրույցի շրջանակներում միշտ չէ, որ ստացվում է սցենարով շարժվել և հարցերը, որոնք տալիս եմ, փորձում եմ վերլուծել՝ արդյոք հարցն ու պատասխանը հետաքրքիր կլինե՞ն հեռուստադիտողին: Հետաքրքիր փորձ էր, որ նախագծում նաև ներառեցինք տղամարդկանց, որոնք խոսում են կանանց մասին, բայց տղամարդկանց աչքերով: Հաղորդավարուհու կերպարով հանդես գալը սկզբում անհասկանալի էր, տարօրինակ, քանի որ նախկինում միշտ եղել եմ հյուրի կարգավիճակում: Մեկ ամիս անց ամեն բան մոռացվեց և ես առանց խոչընդոտների շարունակել եմ աշխատել: 

-Ամեն տարի հեռուստատեսությամբ ցուցադրվում է «Մի վախեցիր»-ը, որի գլխավոր հերոսուհու կերպարում Դուք եք: Ցանկություն կա՞ զբաղվելու դերասանությամբ և սկսել նորից նկարահանվել:

-«Մի վախեցիր» նախագծի շրջանակներում ձեռք բերած փորձն ու այդ ժամանակաշրջանն ունեն միմիայն դրական և տաք հիշողություններ: Պետք է նշեմ, որ այդ փորձը շատ վաղուց էր, ես ընդամենը 18 տարեկան էի, իսկ հիմա գրեթե 16 տարի անցել է, ես զգում եմ փոքրիկ բաց ու ցանկություն դերասանության ոլորտում, բայց պետք է նշեմ՝ դեռևս հետաքրքիր առաջարկ չի եղել: Լավ առաջարկի պարագայում ես մեծ ցանկությամբ կնկարահանվեմ՝ վերհիշելով նաև այդ փորձն ու ուղին: 

-Ինչպիսի՞նն էր նախորդ տարին «կադրից այս կողմ» հենց Ձեզ համար:

-Եթե կա ցանկություն, չկան խոչընդոտներ՝ հնարավոր է ամեն բան համատեղել և հասցնել: Օրվա մեծ մասն անցկացնում եմ երեխաների հետ, նույնիսկ, երբ մեկ շաբաթ բացակայում ենք երկրից, վերադառնալով հասկանում եմ այդ օրերի ընթացքում մեր բացակայությունը նրանց կյանքում: 

-2022-ի ամենաբարդ փուլը:

-Տարին անընդհատ եղել սպասումներով ամբողջ ազգի համար, քանի որ մենք սպասում էինք դրական հանգուցալուծումների և սպասողական ու անորոշ իրավիճակը շատ բարդ է: 

-2022-ի ամենահաճելի հիշողությունը:

-Տարվա ամենահաճելի հիշողությունները միշտ կապված են ճամփորդությունների հետ, որտեղ բացահայտում եմ աշխարհը: Այս տարվա ամենաուշագրավ ճամփորդությունն էլ ամուսնուս հետ էր Մաչու Պիկչուում: 

-Որո՞նք են 2023-ի նպատակները:

-Այս տարի նպատակ ունեմ շարունակ «Cocon»-ի աշխատանքները, որի շրջանակներում լույս տեսավ առաջին մանկական գիրքը, նաև շարունակվելու է «Կնոջ օրագիրը» հաղորդումը: Նպատակներն ու ցանկությունները երկրի հետ կապված նույնն են, քանի որ բոլորս էլ ուզում ենք խաղաղություն: 

-Ինչի՞ սկիզբ է լինելու 2023-ը:

-Նոր արտադրանքի ստեղծման: 

-Բարեմաղթանք ընթերցողներին՝ Լուսինե Թովմասյանի կողմից:

-Շատ կարևոր է այս օրերին կարևորել հույզերն ու սթրեսը, քանի որ այդ ամենը վերջին տարիներին շատ ավելի ակնառու է: Մաղթում եմ լինել բարի, հանդուրժող՝ ուրախանալով անգամ չնչին դրվագներից:

 

Հեղինակ՝ Թերեզա Հովհաննիսյան 

«16 տարի առաջ էր դերասանական փորձը, բայց լավ առաջարկի դեպքում կհամաձայնվեմ». Լուսինե Թովմասյանը՝ նոր նախագծերի, հաղորդավարուհու կերպարի և 2023-ի նպատակների մասին