«Թելմանի և Էթերիի մեջ կա այն քիմիան, որը բառերով հնարավոր չէ նկարագրել». Ելենա Արշակյանը նոր՝ «Երեք նամակ Բելլայից» հեռուստասերիալի մասին

13:17 • 31.01.23

Ելենա Արշակյան-Անահիտ Մխիթարյան ստեղծագործական զույգը փետրվարի 6-ին  լսարանին կներկայացնի նոր հեռուստանախագիծ՝ «Երեք Նամակ Բելլայից»:

Հեռուստասերիալի սցենարիստ և ռեժիսոր Ելենա Արշակյանը Tert.am Life-ի հետ զրույցում պատմել է նախագծի մանրամասները:

Հեռուստասերիալի նախապատրաստական աշխատանքները և նկարահանումները սկսվել են դեռևս նախորդ տարվա ամռանից: Ելենա Արշակյանը տեղեկացրեց, որ նկարահանումներն իրականացվել են նաև արտերկրում:

«Որոշակի դրվագներ նկարահանվել են հենց Միացյալ Նահանգներում և մի փոքր գաղտնիք բացելով ասեմ՝ շարունակելու ենք նկարահանումները նաև Միացյալ Նահանգներում: Հեռուստասերիալը բաղկացած է 132 մասից, իսկ այժմ նկարահանումները շարունակվում են, որոնք իրականացնում ենք Երևանում և Հայաստանի մի շարք մարզերում»,- ասաց Ելենա Արշակյանը:

Հեռուստասերիալի գլխավոր դեմքերից են դերասաններ Էթերի Ոսկանյանը և Թելման Խաչատրյանը, որոնց մարմնավորած կերպարներն ու զույգը հանդիսատեսը հասցրել է սիրել դեռևս «Մեր թաղի տղերքը» հեռուստասերիալից: Ելենա Արշակյանը նշեց, որ հեռուստադիտողը տեսնելու է մի շարք սիրված և հայտնի դերասանների, ինչպես նաև դերասանների, որոնք ոլորտում անում են իրենց առաջին քայլերը:

«Մեր սերիալարտադրության ողջ «կյանքի» ընթացքում, որտեղ ես և Անահիտ Մխիթարյանն աշխատում ենք տարիներ շարունակ, պետք է նշեմ՝ առաջին անգամ ենք այսպիսի քայլի գնում՝կրկնելով նախորդ սերիալից սիրված զույգի դերասաններին, քանի որ մենք միասին 28-ից ավելի նախագիծ ենք իրականացրել, բայց մեզ մոտ զույգերը երբեք չեն կրկնվել: Թելմանի և Էթերիի տանդեմն իսկապես հասցրել է սիրվել, նաև մենք սցենարային աշխատանքների ժամանակ հասկացանք՝շատ ենք ուզում այս կերպարներում տեսնել հենց Էթերիին և Թելմանին: Իրենց մեջ կա այն քիմիան, որը ոչ մի բառերով չես կարող բացատրել, շատ ուրախ եմ, որ աշխատում ենք իրենց հետ հերթական անգամ»,- նշեց նա:

 

 

Հեղինակ՝ Թերեզա Հովհաննիսյան