«Սրճարանում բարձր գոռում էի, երբ Գրիգորը զանգեց ու առաջարկեց նկարվել «Դեպի ճամբար» գեղարվեստական ֆիլմում». Մարիամ Ալեքսանյան
«Երևանի սրճարաններից մեկում նստած էի, ինձ զանգահարեց Գրիգոր Դանիելյանը, աղմուկ ու իրարանցում էր, չէի լսում, ասացի՝ մեկ րոպե ու վազեցի, մտա զուգարան, որ կարողանամ լսել: Ասաց, որ առաջարկում է նկարահանվել «Դեպի ճամբար» գեղարվեստական ֆիլմում: Սա առաջին գեղարվեստական ֆիլմն է, որտեղ պիտի նկարվեմ, և, երբ առաջարկը ընկերներիս կողմից է՝ Գրիգորի, Գարիկի ու մեր սիրելի ռեժիսոր Կարեն Ամյանի, պատասխանատվությունն ավելի մեծ էր: Հիշում եմ, որ սրճարանի անկյունում նստած, սկսեցի բարձր գոռալ, շատ ուրախացա, գոռում էի ու մոռացել էի, որ հանրային վայրում եմ նստած»,-Tert.am Life-ի հետ զրույցում պատմեց դերասանուհի Մարիամ Ալեքսանյանը:
Կերպարի մասին խոսելիս՝ Մարիամը նշեց, որ իր հետ բացարձակ կապ չունեցող կերպար է: «Ես միշտ մարմնավորել եմ ուղղակի աղջնակի, կամակոր կամ մունաթով, երբեմն՝ դրամատիկ: Սա ավելի լուրջ, հավասարակշռված կերպար է: Շատ բարդ չի տրվում կերպարը, քանի որ ես իմ ներսում մի քիչ խիստ անձնավորություն եմ ընկերներիս ու իմ նկատմամբ, իսկ այս կերպարին հենց լրջություն ու խստություն էր պետք: Ես ընկեր Տաթևն եմ «Դեպի ճամբար»-ի, ով գեղարվեստական ֆիլմում երկար տարիներ անց դարձել է ոստիկան, քննիչ, ով պայքարում է հանուն արդարության»,- նշեց դերասանուհին:
Նա նաև խոստովանեց, որ այս թիմի հետ հաճույքով է աշխատում:
«Նկարահանման գալուց տպավորություն է, որ գալիս եմ ընտանիք, իրենց սիրում եմ իմ ընտանիքի նման ու գալիս եմ հաճելի միջավայր, ոչ մեկս ոչ մի խնդիր չենք ստեղծել երբևէ»,- ամփոփեց դերասանուհին:




Հեղինակ՝ Անի Մնացականյան
Լուսանկարները՝ Էլեն Միքայելյանի







