«Ինձ համար հաճելի է, միևնույն ժամանակ՝ շատ մեծ պատասխանատվություն». Հայաստանը «Մանկական Եվրատեսիլ 2024» երգի մրցույթում կներկայացնի Լեո Մկրտչյանը

10:08 • 30.09.24

Այս տարվա պատվիրակն ընտրվել է Հանրային հեռուստաընկերության նախապես հայտարարած մրցույթի արդյունքում, որին 100-ից ավելի հայտ էր ստացվել: Տեղի և միջազգային լավագույն մասնագետներից բաղկացած փորձագիտական խմբի որոշմամբ լավագույնն է ճանաչվել 10-ամյա Լեոն:

Նա մեծացել է երգիչների ընտանիքում և երգել սկսել է խոսելուն զուգահեռ՝ դեռ 8 ամսականից:

«Մանկական Եվրատեսիլին» մասնակցելը Լեոյի մեծ երազանքն է եղել. «Ես շատ եմ սիրում իմ երկիրն ու երաժշտության աշխարհը. և հենց երգով միջազգային բեմում Հայաստանը ներկայացնելն ինձ համար հաճելի է, միևնույն ժամանակ՝ շատ մեծ պատասխանատվություն: Ես հավատում եմ իմ երազանքներին. վստահ եմ՝ եթե բոլորս մարդ ենք ծնվել, ուրեմն հավասար ուժեր ունենք նվաճելու աշխարհը»:

Հայաստանյան պատվիրակի մրցութային երգը և տեսահոլովակը կհրապարակվեն շուտով: