«Հիշենք, որ մի օր մենք ենք լինելու այդ տարիքում». «Գերին և Գրեյսը» ներկայացումով Հովհաննես Բաբախանյանը ներկայացավ հայ հանդիսատեսին
«Հայ Ֆեստ» թատերական փառատոնի շրջանակներում Երևանի Կամերային թատրոնում, երեկ՝ հոկտեմբերի 8-ին, հայ հանդիսատեսը հնարավորություն ունեցավ վայելելու ՀՀ վաստակավոր արտիստ Հովհաննես Բաբախանյանի խաղը՝ Խորեն Արամունու «Գերին և Գրեյսը» տրագիկոմեդիա ներկայացմամբ: Ներկայացումը բեմադրել է դերասանի որդին՝ ռեժիսոր Գոռ Բաբախանյանը: Այն առաջին անգամ խաղացվել է Լոս Անջելոսի «El Portal» թատրոնում: Հերոսուհուն մարմնավորում է դերասանուհի Նարինե Չիլինգարյանը:
Առավել զգույշ ու ջերմ վերաբերմունք ցույց տանք մեր ավագներին, հիշենք, որ մի օր գուցե մենք էլ հասնենք այդ տարիքին: Կարողանանք հիմա գնահատել նրանց, այն ժամանակ, երբ նրանք մեր կողքին են…
Սա է ներկայացման հիմնական ասելիքն ըստ Հովհաննես Բաբախանյանի, ինչը շատ կարևոր է այսօր և շատ անգամ, շատերիս մեջ բացակայում է:
«Հայ հանդիսատեսն ինձ համար անփոխարինելի է, որովհետև իմ կայացման սկիզբը դրվել է Հայաստանում: Ես ամեն անգամ նոր լիցքերով հարստացած, նոր ինֆորմացիայով կարողանում եմ ևս մի քայլ անել դեպի ստեղծագործական հաջորդ փուլ: Առավելևս, երբ դահլիժում 80 տոկոսը հենց պրոֆեսիոնալներ էին, իմ կոլեգաները՝ ոչ միայն թատերական ասպարեզից, այլ նաև կինոյի, հեռուստատեսության, օպերային արվեստի: Դահլիճում ներկա էին գեղանկարիչներ, քանդակագործներ, մարդիկ, ովքեր արվեստի գիտակ են:
Այս դեպքում, երբ նրանց կարծիքն այդքան բարձր է, իսկ ընդունելությունը՝ ջերմ, այս ամենն ավելի մեծ ուժ ու վստահություն է տալիս շարունակելու քո ստեղծագործական ընթացքը»,- Tert.am Life-ի հետ զրույցում անկեղծացավ դերասանը: 
Անդրադառնալով «Հայ ֆեստ» միջազգային թատերական փառատոնին՝ դերասանը նշեց, որ մեծ պատասխանատվություն է նման մեծ փառատոն կազմակերպելը: «Կեցցեն, որ կարողանում են պատվով դուրս գալ այդ ամենի տակից: Շատ դժվար գործ է»,- նշեց Բաբախանյանը:
ԱՄՆ-ում բնակվող դերասանը խոստովանեց, որ Հայաստան գալուց կուզեր հայրենիքը տեսնել ավելի խաղաղ:
«Այսօր ոչ միայն Հայաստանը, այլ նաև ողջ աշխարհը կանգնել է մեծ խնդիրները լուծելու հարցի առաջ: Պարզապես պետք է կարողանալ այդ խնդիրները լուծել խաղաղ ճանապարհով: Գիտեմ, որ դժվար է, բայց պետք է փորձել խաղաղ բանակցելով, աստիճանաբար, քայլ առ քայլ, առանց պատերազմների, առանց արյան: Դժվար է, բայց սա է ճանապարհը»,- ամփոփեց դերասանը:












