Արփի Գաբրիելյանի ու Լևոն Հարությունյանի գլխավոր դերակատարմամբ «Բախտի տերը» ֆիլմի պրեմիերան, կարմիր գորգն ու հյուրերը
«Կինոմոսկվա»-ում կայացավ «Բախտի տերը» կինոկատակերգության պրեմիերան: Ֆիլմում գլխավոր հերոսներին մարմնավորում են Արփի Գաբրիելյանը, Լևոն Հարությունյանը, Ստեփան Ղամբարյանը, Սուրեն Թումասյանն ու Մարինե Պետրոսյանը:
Ֆիլմի բեմադրող ռեժիսորն է Գրիգ Վահրամյանը, սցենարի հեղինակներն են Աշոտ Աբրահամյանն ու Ռուբեն Ջաղինյանը: Բեմադրող օպերատորն է Սուրեն Թադևոսյանը, պրոդյուսերը՝ Արման Միտոյանը, ֆիլմի գլխավոր պրոդյուսերը Ռուբեն Ջաղինյանն է:
«Sharm Pictures» -ի և «Mitoyan production»-ի «Բախտի տերը» ճակատագրական կինոկատակերգության հերոսները՝ Ժանետն ու Անետը երկվորյակ քույրեր են՝ հայկական հեռավոր Մացառուտ գյուղի հայտնի պայծառատես Արուսի թոռնուհիները։
Տարիներ առաջ Ժանետը հեռանում է գյուղից, իսկ Անետը մնում տատիկի մոտ։ Տատիկը մահանում է՝ իր շնորհը փոխանցելով թոռնուհիներից մեկին։ Եվ ճակատագրի բերումով քույրերը ստիպված են փոխելու տեղերը...
Tert.am Life-ը ներկա է եղել ֆիլմի պրեմիերային, զրուցել դերասանների ու ստեղծագործական թիմի հետ:
«Նախագիծն ինձ գրավեց այնքանով, որ իրականացնողը «Շարմ» ընկերությունն է, նրանց դեպքում դժվար է առաջարկից հրաժարվել: Կարծում եմ, իրենց ստեղծած ցանկացած ֆիլմ մի նոր որակ է բերում, որը հետագայում մնում է ֆիլմարտադրության պատմության մեջ»,- Tert.am Life-ի հետ զրույցում ասաց դերասան Լևոն Հարությունյանն, ով ֆիլմում մարմնավորում է գյուղապետին: Ըստ նրա՝ նկարահանումները հոյակապ են անցել:
«Մեծ մասը նկարահանվել է Դսեղում, մոտ 1 ամիս անցկացրել ենք այնտեղ՝ բնության ու մաքուր մարդկանց կողքին: Մթնոլորտը ուղղակի հրաշալի էր: 1 ամիս այնտեղ մնալուց հետո ես ինձ հետ ահագին բան եմ բերել, իմ մեջ արթնացավ դսեղցին: Ֆիլմում գյուղապետին եմ մարմնավորում, ընտիր գյուղապետ է՝ գյուղին տեր կանգնող, գյուղի մասին մտածող»,- պատմեց Լևոն Հարությունյանը:
Նրա խոսքով՝ գուշակի մոտ եղել է 1 անգամ, սակայն ինքն իրեն խոստացել է, որ էլ չի այցելելու: «Առհասարակ, կարծում եմ, որ մենք ենք մեր բախտի տերը:
«Իհարհե, «վերևից» էլ ենք ստանում բախտը, բայց 50%-ը մեր ձեռքերում է: Ինչ վերաբերում է ֆիլմին, ապա մեզ նման բարի ֆիլմեր շատ են հարկավոր: Այս ֆիլմն ասելիքով է, իսկ ամենակարևորը՝ շատ բարի»,- նշեց դերասանը:
Ֆիլմը 2 քույրերի մասին է, նրանց 2-ին էլ մարմնավորում է դերասանուհի Արփի Գաբրիելյանը:
«2 քույր են, ովքեր տարիներ շարունակ իրար չեն տեսել ու նորից պիտի հանդիպեն: Շատ չեմ բացահայտի, որ հետաքրքրությունը պահենք դիտողի համար, բայց կասեմ, որ ինձ համար շատ հետաքրքիր է եղել աշխատել այս նախագծում:
Կատակերգություն է դրամայի տարրերով: Հետաքրքիր լուծումներ կան քույրերի, հոր և դուստր հարաբերությունների մեջ: Դժվար է եղել միաժամանակ 2 կերպար կերտել: Յուրաքանչյուր դերասանի համար դա պատասխանատու է: Ինձ շատ օգնել են ռեժիսորը՝ Գրիգ Վահրամյանը, գլխավոր օպերատոր Սուրեն Թադևոսյանը, ովքեր ինձ շատ էին հավատում: Բոլորի գերնպատակն էր, որ ես կարողանայի որքան հնարավոր է հեշտ ու հանգսիտ մասնակցել նկարահանումներին:
Ֆիլի համար անչափ շնորհակալ եմ ֆիլմի պրոդյուսերներին՝ Ռուբեն Ջաղինյանին, Արման Միտոյանին, ովքեր հավատացին իմ ուժերին ավելի շատ քան՝ ես ինքս»,- նշեց Արփի Գաբրիելյանն ու հավելեց, որ շատ ինքնաքննադատ է:
Դերասանուհին Ֆիլմի նկարահանման ընթացքում բավական բարդ փուլ է հաղթահարել, տրակտոր ու մեխանիկական մեքենա վարել է սովորել, խոզերին կերակրել և այլն:
«Բացարձակ չեմ վախեցել կամ զզվել, ինձ անսահման հետաքրքիր էր, շատ եմ սիրել այդ գյուղական միջավայրը, պետք է սիրես, որ կարողանաս ճիշտ ձևով ներկայացնել: Նկարում էինք հիասքանչ Դսեղում, ամեն առումով շատ գեղեցիկ մարդիկ են ապրում այնտեղ: Ես Դսեղը բացահայտեցի նկարահանումներով ու բոլորին խորհուրդ եմ տալիս այցելել: Այնտեղ շատ ավելի հետաքրքիր են անցել, քան քաղաքի նկարահանումները»,- նշեց Արփին:
ֆիլմի պրոդյուսեր Արման Միտոյանը մեզ հետ զրույցում նշեց, որ շատ խիստ էր, քանի որ իր ընկերը՝ ռեժիսոր Գրիգ Վահրամյանը, առաջին անգամ էր գեղարվեստական ֆիլմ նկարահանում:
«Շատ լավ գիտեի՝ որքան սրտացավ է: Շնորհակալ եմ նրան, որ ամեն բան ստացվեց, ի վերջո, երբ ֆիլմը հաջողում է, համարում են թիմային աշխատանք է, իսկ երբ ֆիլմը վատն է, ասում են՝ ռեժիսորն է մեղավոր, բայց, կարծես, ամեն բան լավ է ստացվել: Մենք Գրիգի հետ աշխատել էինք տարբեր հեռուստանախագծերում, սակայն սա արդեն մեծ ֆիլմ է, որի վրա այլ աշխատանք ենք իրականացրել:
Գրիգին «Բախտի տերը» վստահելու գաղափարը առաջացել էր ֆիլմի գլխավոր պրոդյուսեր Ռուբեն Ջաղինյանի մոտ, երբ նկարահանում էինք «Տիկին նախարարը»: Գրիգն ունի իր հստակ ձեռագիրը, նրան հաջողվեց ֆիլմի միստիկան ապահովել, ինչն այս դեպքում ամենակարևորն է:
Հավելեմ, որ շատ ուրախ եմ, որ նոյեմբերի 24-ին AGBU սրահում տեղի կունենա մեր կատարկերգության պրեմիերան ԱՄՆ-ում, հուսամ՝ այնտեղ էլ կսիրեն»,-ասաց ֆիլմի պրոդյուսեր Արման Միտոյանը:














